Իսրայելը և Հայոց ցեղասպանության ճանաչումը
Երկար սպասեցի Իսրայելի պաշտոնական արձագանքին ԶԼՄ-ների այն հրապարակումների վերաբերյալ, թե Կնեսետի օրակարգից հանվել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քանի որ պաշտոնական արձագանք այդպես էլ չհետևեց, կարելի է ամփոփել վերջնական մտքերը։
Պրագմատիզմը հաղթեց բարոյականությանը։ Վերջին տասը տարուց ավելի գրեթե ամեն տարի Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այս կամ այն կերպ ներառվում էր Իսրայելի քաղաքական օրակարգում։ Այդուհանդերձ, գործը երբեք չէր հասնում տրամաբանական ավարտին՝ Կնեսետի կողմից համապատասխան օրենքի ընդունմանը։ Այս տարի երկրի ղեկավարությունն այնուամենայնիվ առաջ շարժվեց՝ կառավարության որոշմամբ ճանաչելով Ցեղասպանության փաստը։ Սակայն համապատասխան փաստաթուղթը այդպես էլ չներառվեց Կնեսետի նիստի օրակարգ։
Ինչպես հաղորդում էին ԶԼՄ-ները, Հիքմեթ Հաջիևի զանգից հետո Իսրայելի վարչապետը կանգնեցրել է նախաձեռնության առաջխաղացումը: Նախագծի հեղինակ Գիդեոն Սաարի գրասենյակը հերքել էր այդ հաղորդագրությունը: Սակայն ես չափազանց նշանակություն չէի տա նման հերքումներին։
Նախևառաջ, նույնիսկ եթե զանգն իրոք եղել է, այն ինքնին բնավ չի վկայում Բաքվի կողմից իր դաշնակցի վրա ճնշման մասին։ Իսրայելում հստակորեն տեսել են, որ ներկա պայմաններում օրենքի ընդունումը թույլ չի տա հասնել իրենց նպատակներին, այն է` թուլացնել Թուրքիայի դիրքերը Գազայում տեղի ունեցող ցեղասպանության մասին նրա հռետորաբանության ֆոնին, Հայաստանին տրամադրել հօգուտ Իսրայելի՝ Իրանի հետ նրա հարաբերությունների խորացման պայմաններում և այլն։ Միևնույն ժամանակ, նման որոշումը կարող էր ստվեր գցել Բաքվի հետ Իսրայելի հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա: Արդյունքում Իսրայելը ռիսկի էր դիմում ավելի շատ քաղաքական կորուստներ կրել, քան առավելություններ ստանալ: Հետևաբար, նույնիսկ առանց Բաքվից զանգի, նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կհանվեր քննարկումից։
Բացի այդ, չէի բացառի, որ Իսրայելը Ադրբեջանին նախապես տեղեկացրել է իր կառավարության պլանավորված որոշման մասին, որպեսզի այն անակնկալ չլինի Բաքվի համար։
Եվ երկրորդ, նույնիսկ եթե Թուրքիան հատուկ խնդրանքով դիմել է Ադրբեջանին, դա գործի էությունը չի փոխում։ Ադրբեջանական Հանրապետությունը ՀարավայինԿովկասի քաղաքական քարտեզի վրա հայտնվելու պահից հետևողականորեն իրականացնում է հակահայկական քաղաքականություն, քանի որ հենց դրա վրա է մեծ մասամբ կառուցվում նրա քաղաքական ինքնությունը: Բաքվի քարոզչության առանցքային թեզերից մեկն այն պնդումն է, թե «չի եղել ոչ մի Հայոց ցեղասպանություն»:
Խնդիրը միայն «ավագ եղբայրներին» աջակցելու ձգտումը չէ։ Նման դիրքորոշումը տեղավորվում է տարածաշրջանում հայկական պատմության և հայկական ներկայության ապամոնտաժման քաղաքականության մեջ։ Բաքուն սեփական շահն ուներ այս գործընթացի ձախողման հարցում։ Հաշվի առնելով Երևանի պաշտոնական դիրքորոշումը՝ կարծում եմ, որ հայկական իշխանություններն էլ ակտիվորեն չէին առարկի նման ելքին։
Այլ խոսքով՝ միևնույն է, թե ով ում է զանգահարել և զանգահարել է արդյոք ընդհանրապես։ Որոշումն ընդունում է Իսրայելը, ավելի ճիշտ՝ երկրի գործող իշխող էլիտան: Հավանաբար, նրանք դեռ հնարավորություն կունենան ճիշտ որոշում կայացնելու։
ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ

