Ատոմային բլեֆ. Էներգետիկ կոլապսի շեմին

Փաշինյանի արևային փուչիկն ու իրական վտանգը

 Չնայած Հայաստանում գործող ատոմային էներգաբլոկի շահագործման ռեսուրսը գնալով սպառվում է, շահագործման ժամկետները սեղմվում են, այնուհանդերձ նոր ատոմակայան կառուցելու աշխատանքները տարեցտարի հետաձգվում են։ Ութ տարի Հայաստանի կառավարիչներն այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չեն կարողացել կատարել։ Նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու փոխարեն՝ հույսները դրել են գործող բլոկի շահագործման ժամկետները պարբերաբար երկարաձգելու վրա՝ հաշվի չառնելով այն լրջագույն խնդիրները, որոնք կարող են առաջանալ դրա հետ կապված։

«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ. երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո, ենթադրվում է՝ 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Մինչև վերջերս գործող բլոկի շահագործման վերջնաժամկետ էր համարվում 2036թ.։ Արդեն սկսել են խոսել այն ևս 10 տարով երկարացնելու մասին։

Կարդացեք նաև

Այս տարի ավարտվում է ատոմակայանի շահագործման լիցենզիայի ժամկետը։ Շահագործումը շարունակելու համար կայանը նոր լիցենզիա պետք է ստանա։ Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ կստանա, առավել ևս՝ 2036թ. հետո։ Նման երախիքներ չկան։ Շահագործման ժամկետը չերկարաձգելու ռիսկերից ատոմակայանն ամենևին էլ ապահովագրված չէ։

Հիմա պատկերացրեք, թե ի՞նչ կլինի, եթե նման բան տեղի ունենա։ Ատոմակայանը ոչ միայն կարևոր անվտանգային երաշխիք է Հայաստանի համար, այլև ապահովում է էներգետիկ համակարգի կայունությունն ու հավասարակշռությունը։ Չկա այսօր Հայաստանում այլ համարժեք ռեսուրս, որը կարող է փոխարինել ատոմակայանին։ Գործող էներգաբլոկին միակ համարժեք ռեսուրսը՝ կարող է լինել նոր ատոմակայանը, որը գոյություն չունի։ Ու եթե այնպես ստացվի, որ վաղը հնարավոր չլինի շարունակել գործող բլոկի հետագա շահագործումը, կանգնելու ենք փաստի առաջ՝ զուտ այն պատճառով, որ տարիներ շարունակ իշխանությունները, խոսելուց բացի, ոչինչ չեն արել այս կարևորագույն խնդիրը լուծելու ուղղությամբ։

Այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե արևային կայանների միջոցով Հայաստանում 2 ատոմակայան ենք ստեղծել, փուչիկ է։ Արևային կայանները չեն կարող փոխարինող լինել ատոմակայանին։

Բացի այն, որ ատոմակայանն անվտանգային բարձիկ է Հայաստանի համար, նաև էժան էներգիայի աղբյուր է։ Սպառվող էլեկտրաէներգիայի 35-40 տոկոսն արտադրվում է ատոմակայանում։ Դրա շնորհիվ է, որ հոսանքի սակագներն այսօր Հայաստանում այսպիսին են։ Էլի ցածր չեն, բայց առանց գործող էներգաբլոկի՝ սակագներն անհամեմատ բարձր կլինեին։

Սակայն այնպես չէ, որ գործող էներգաբլոկը կարելի է անվերջ շահագործել կամ շահագործման ժամկետները երկարաձգել։ Այն, շուտ թե ուշ, փակվելու է ու դուրս է բերվելու շահագործումից։ Դա բացարձակ կապ չունի Եվրամիության հետ համապարփակ և ընլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների հետ, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը։

«Այն, որ Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի, դա ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը»,- օրերս Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Սա իրականությունը խեղաթյուրելու նիկոլփաշինյանական հերթական հնարքն է՝ հասարակությանն ու ժողովրդին մոլորեցնելու համար։

ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանն իսկապես համաձայնել է փակել գործող էներգաբլոկը, այլ հարց, թե դա երբ պետք է արվի։ Ատոմակայանը փակելու ժամկետների հետ կապված Հայաստանը որևէ պարտավորություն չի ստանձնել։ Դա նշանակում է, որ Հայաստանը, եթե նույնիսկ համաձայնել է, համաձայնել է ատոմակայանը փակել այն ժամանակ, երբ կտեսնի նման անհրաժեշտություն։

Բնական է, որ էներգաբլոկի շահագործման ռեսուրսի ավարտից հետո, որը մի օր գալու է, այն փակվելու է։ Բայց փակելուց առաջ, ԵՄ-ի հետ համաձայնելու պայմանը եղել է համարժեք ռեսուրսների ստեղծումը։ Իսկ ատոմակայանին փոխարինող միակ համարժեք ռեսուրսը նոր ատոմային էներգաբլոկ ունենալն է, որը կառուցելու ուղղությամբ վերջին տարիներին գործնականում գրեթե ոչինչ չի արվել։ Այսօր էլ պարզ չէ, թե ի՞նչ են ուզում Հայաստանի կառավարիչները։

Չնայած դրանում զարմանալու ոչինչ չկա. Եթե մարդիկ մետրոյի մի կայարան չեն կարողանում կառուցել, ինչպե՞ս կարող են ատոմակայան կառուցել։ Ութ տարի խոսում են մետրոյի կայարան կառուցելու մասին՝ մի քար անգամ դեռ չեն դրել։

Մինչև վերջերս գոնե ասֆալտով էին հպարտանում, ձյունը եկավ, դա էլ քշեց-տարավ։

Անմտություն է սպասել, որ մի օր այս մարդիկ Հայաստանում նոր ատոմակայան կարող են կառուցել։ Ընդամենը ժամանակ են ձգում։ Քանի դեռ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու հնարավորություն ու ռեսուրս կա, կգնան այդ ճանապարհով։ Հետոն ցույց կտա, թե ինչ կլինի։

Դեռ 2021թ. էր Նիկոլ Փաշինյանը խոսում Հայաստանում լոկալ ատոմակայան կառուցելու մասին։ Ասում էր՝ ԶՊՄԿ բաժնետոմսերը կառավարությանը «փոխանցելու» ծրագրի մաս է պղնձաձուլարանի ու նոր ատոմակայանի կառուցումը։ Պղնձաձուլարանի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2025թ. հունիսին։

«Իսկ ատոմակայանի շինարարությունը պետք է փորձենք այնպես անել, որ զուգահեռ տեղի ունենա: Պղնձաձուլարանի և ատոմակայանի շահագործումը գործնականում լավ կլինի, որ համընկնի»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Եվ ի՞նչ ունենք հիմա, ոչինչ։

Լոկալ ատոմակայան կամ էներգաբլոկ կառուցել-չկառուցելու նպատակահարմարությունը, բնականաբար, մասնավորի որոշելիքն է։ Դրանից պետությանը վնաս չկա։ Այլ բան, երբ իշխանությունն է պատրվակներ փնտրում՝ նոր ատոմակայան կառուցելու գործընթացն անընդհատ ձգձգելու համար։

Իսկ գուցե դրա նպատակն ատոմային էներգետիկայից ու ատոմակայանի կառուցումից ընդհանրապես հրաժարվե՞լն է՝ հանուն «եղբայրական» հարևանների հետ առևտուր անելու։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս