Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner

Հայաստանի կառավարությունը փորձում է ջերմացնել Իսրայելի հետ նախկինում լարված հարաբերությունները՝ ձգտելով վերանայել իր արտաքին քաղաքականությունը, սակայն նրա առաջարկները հանրության կողմից վրդովմունքով են ընդունվում․ գրում է The Washington Examiner-ը։

Իսրայելը սերտ հարաբերություններ է հաստատել Ադրբեջանի հետ անկախությունից կարճ ժամանակ անց, և երկու պետությունները դարձել են կարևոր դաշնակիցներ։ Երուսաղեմը նաև աջակցություն է ցույց տվել Բաքվին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։

Հայաստանի կառավարության կողմից Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար վերջին տարվա ընթացքում ձեռնարկած հանկարծակի քայլերը, ինչպես և սպասվում էր, շատ հայերի կողմից վրդովմունքով են ընդունվել։ Օրերս Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելին՝ նրա անկախության 78-ամյակի կապակցությամբ։ Ուղերձն ավարտվել է խոստումով, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել երկու երկրների կապերը և «ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորություններ»։

Հայրենիքում և սփյուռքում ապրող հայերն արտահայտել են իրենց վրդովմունքը՝ նույնիսկ հայհոյելով կառավարությանը։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքականության տնօրեն Ալեքս Գալիցկին ուղերձն «անհեթեթ» է որակել։

«Երիտասարդ թուրքեր» լիբերալ լրատվական կազմակերպության հայազգի հաղորդավարուհի Անա Կասպարյանի գրառումն ամենավիրուսայիններից էր՝ ավելի քան 32․000 «հավանում»՝ Կառավարության գրառման 5000 «հավանման» համեմատ։

«Դուք խելագարվե՞լ եք», – գրել է նա։

Հայաստանի անկախ և ընդդիմադիր լրատվամիջոցները նույնպես քննադատաբար են մոտեցել ուղերձին։ ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը The Washington Examiner-ին հայտնել է, որ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, գույքային վեճերը և Երուսաղեմում հայ քահանաների նկատմամբ վատ վերաբերմունքը, ինչպես նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զինելը նպաստել են հայերի շրջանում Իսրայելի բացասական կերպարի ձևավորմանը։

Չնայած Իսրայելի հետ ջերմացող հարաբերությունների ակնհայտ անժողովրդականությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արևմտամետ կառավարությունը կարծում է, որ բացասական արձագանքին դիմակայելն արդարացի փոխզիջում է երկրի արտաքին քաղաքականությունը վերափոխելու իր ձգտման մեջ։

Հայաստանն իր գոյության առաջին 3 տասնամյակում հույսը դրել է Ռուսաստանի հետ սերտ դաշինքի վրա՝ ապահովելով իր պաշտպանությունն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը գրավելու փորձերից։ Փաշինյանի արևմտամետ դիրքորոշումը հանգեցրեց Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացմանը՝ հարթելով Ադրբեջանի կողմից տարածքի բռնագրավման ուղին 2020-2023 թվականներին։ Աղետալի պատերազմից հետո Փաշինյանը փորձել է Հայաստանին կտրել Ռուսաստանի հետ հարաբերություններից՝ զարգացնելով կապերն ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ։

Վերլուծաբանները Հայաստանի նոր մոտեցումներն Իսրայելի նկատմամբ կապում են Փաշինյանի՝ ԱՄՆ-ի նկատմամբ մոտեցումների հետ։

«Իսրայելի հետ այս հանկարծակի ջերմացումը կապված է նախագահ Թրամփի, այսպես կոչված, խաղաղության նախաձեռնության հետ Հարավային Կովկասում։ Մի՛ թերագնահատեք Թրամփի դերն այս ջանքերում… Փաշինյանը կանի ամեն ինչ, որպեսզի շահի այս վարչակազմի բարեհաճությունը, նույնիսկ եթե դա կհանգեցնի Իսրայելի հետ լավ հարաբերություններ խաղալուն, որը և՛ ԱՄՆ-ի, և՛ Ադրբեջանի հիմնական դաշնակիցն է», – The Washington Examiner-ին ասել է հայ-ամերիկյան հաղորդակցության ռազմավար Ստեֆան Պեչդիմալջին։

Նա հավելել է, որ շատ հայեր կարծում են, որ Թրամփը «պարզապես աջակցում է Փաշինյանին, քանի որ նրան տեսնում է որպես խամաճիկ՝ խաղաղության քողի տակ Հայաստանն Ադրբեջանի նավթի համար վասալ պետություն դարձնելու փորձերի մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930