«Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները

Օրերս էկոնոմիկայի նախարարը հերթական «աշխարհացունց» գրառում էր արել՝ այս անգամ ներդրումների աննախադեպ աճերի վերաբերյալ։ Փորձել էր տպավորություն ստեղծել, թե ներդրումներն արդեն ողողում են Հայաստանը։

«2025-ին՝ 2024-ի համեմատ, Հայաստանում ընդամենը ներդրումներն աճել են 88 տոկոսով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ»,- գրել էր էկոնոմիկայի նախարարը։

Իհարկե, խնայել էր քաղաքացիներին և ներդրումների կոնկրետ թվերը չէր հրապարակել, այլապես գուցե գտնվեին մարդիկ ու հարցնեին, թե ո՞ւր են գնացել այդ ներդրումները, եթե դրանց արդյունքները տնտեսության մեջ չեն երևում։

Ո՞վ կարող է ասել, թե օրինակ՝ անցած տարի քանի գործարան ու արտադրություն է բացվել Հայաստանում, եթե այդքան ներդրումներ են կատարվել։

Կարդացեք նաև

Պաշտոնական տվյալներով, անցած տարի Հայաստանում ավելի քան 2.2 մլրդ դոլարի ներդրումներ են կատարվել։ Բայց տնտեսության վրա այդ ներդրումները չեն երևում։ Հայտնի չէ, թե դրանք ո՞ւր են գնացել։ Նիկոլ Փաշինյանը, որ անգամ մի սովորական մանկապարտեզի բացումը բաց չի թողնում, շոուի է վերածում, անցած տարի քանի՞ գործարան ու արտադրություն է բացել այդքան ներդրումներից հետո։

Արդեն տարիներ շարունակ Հայաստանում նոր գործարաններ և արտադրություններ գրեթե չեն բացվում։ Տարիներ առաջ մի քանիսը բացեցին, հետո տեսանք, թե ինչ եղան։ Ինչպես բացվեցին, այնպես էլ կարճ ժամանակ անց փակվեցին։

Այնտեղ են հասել, որ հատ ու կենտ հանդիպող ներդրումային ծրագրերն են անընդհատ վերաթարմացնում, վերաթողարկում, որ ցույց տան, թե իբր տնտեսության մեջ ներդրումներ են կատարվում։ Հավանաբար շատերը հիշում են, թե վերջերս էկոնոմիկայի նախարարն ինչպես էր փորձում տարիներ առաջ մեկնարկած քաղցրավենիքի գործարանի կառուցումը որպես նորություն ներկայացնել հանրությանը։ Հայտարարում էր, թե Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը։ Կատարվելու են 145 մլն եվրոյի ներդրումներ, բացվելու է 2 հազար աշխատատեղ։ Հետո պարզվեց՝ խոսքը վերաբերում է այն նույն գործարանին, որի կառուցման մասին ուղիղ 3 տարի առաջ ազդարարել էր էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը։

Վաղուց նորություն չէ, որ Հայաստանի իրական տնտեսության մեջ չնչին ներդրումներ են կատարվում, այդ պատճառով էլ նոր արտադրություններ ու գործարաններ գրեթե չեն բացվում։ Նույնը եղել է նաև անցած տարի։ Դրա համար էլ էկոնոմիկայի նախարարը «պատահաբար» բաց է թողել այն, թե ինչքա՞ն ներդրումներ են եղել իրական տնտեսության մեջ։

Անցած ամբողջ տարվա ընթացքում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 34 մլրդ դրամ։ Եթե վերածենք տարադրամի՝ կստացվի հազիվ 89 մլն դոլար։

Ուղղակի ներդրումների զուտ հոսքերն էլ կազմել են 93 մլրդ դրամ կամ 244 մլն դոլար։

Սրանք շատ փոքր գումարներ են իրական տնտեսության համար։ Ու ոչ մի նշանակություն չունի, թե ընդամենը ներդրումներն ինչքա՞ն են կազմել կամ ինչքանո՞վ են ավելացել։

Առավել ևս՝ դրանց գրեթե կեսը վարկերն են, որոնք ներառված են ներդրումների մեջ։

Ո՞ւմ են պետք միլիարդների ներդրումները, եթե, իհարկե, դրանք եղել են, երբ արդյունքներն այսպիսին պիտի լինեն։ Դրանից արդյունաբերությո՞ւնն է ավելի լավ դարձել, թե՞ գյուղատնտեսությունը։ Անցած գրեթե ամբողջ տարին արդյունաբերությունն անկումով էր գնում, միայն տարեվերջին, երբ ռուսական ոսկու վերաարտահանումներն օգնության հասան, արդյունաբերությունն անկումից դուրս եկավ, մի քանի տոկոս էլ աճ գրանցեց։ Բայց դրանից, բնականաբար, ո՛չ արդյունաբերության վիճակը լավացավ, և ո՛չ էլ տնտեսությանը։ Այն շարունակեց նույնքան խոցելի լինել, ինչքան դրանից առաջ էր։

Ներդրումների առումով կարևորն իրական տնտեսությունն է, որտեղ, ինչպես տեսնում ենք, չնչին ներդրումներ են կատարվել ու կատարվում։ 2024թ. իրական տնտեսության մեջ նույնիսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների արտահոսք տեղի ունեցավ։ Զուտ հոսքերն ավելի քան 120 մլն դոլարով կրճատեցին։ Դրա վրա է, որ անցած տարի ներդրումների զուտ հոսքերի որոշ աճ է գրանցվել։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն մաքուր պաշարներն այսօր Հայաստանում ավելի քիչ են, քան նույնիսկ 3 տարի առաջ։ Պաշտոնական տվյալներով՝ 2023թ. դրանք կազմել էին 2 տրիլիոն 139 մլրդ դրամ, անցած տարի՝ 2 տրիլիոն 85 միլիարդ։ Նվազել են 54 միլիարդով։

Ներդրումների բացակայությամբ է պայմանավորված, որ իրական տնտեսության վիճակը Հայաստանում այսպիսին է, որական փոփոխություններ չկան։ Ընդհակառակը՝ իրական տնտեսության որակը գնալով վատանում է։ Հայաստանի այսօրվա տնտեսության կառուցվածքը շատ ավելի վատն է, քան տարիներ առաջ էր։ Իրական տնտեսության կշիռը նվազում է։ Մշակող արդյունաբերությունը ՀՆԱ-ում ընդամենը 11 տոկոս է։ Տարիներ առաջ գերազանցում էր 12 տոկոսը։ Բարելավելու փոխարեն, վատացել է, չնայած նախորդ ընտրությունների ժամանակ խոստացել էին մշակող արդյունաբերության կշիռը հասցնել 15 տոկոսի։

Նույնը նաև գյուղատնտեսության դեպքում է. 13-14 տոկոսից գյուղատնտեսության կշիռն իջել է 7-8 տոկոսի։

Այս իրավիճակը գալիս է նրանից, որ իրական տնտեսության մեջ ներդրումներ գրեթե չեն կատարվում կամ շատ քիչ են կատարվում։ Երբեմն էլ ներդրումները դուրս են գալիս, որովհետև անվտանգ չեն զգում իրենց։

Իրական տնտեսությունը չի գրավում օտարերկրյա ներդրողներին։ Առավել ևս, որ քաղաքական իշխանությունը վերջին տարիներին ուղղակիորեն խառնվում է բիզնեսի գործերին, խոչընդոտներ է ստեղծում բիզնեսի գործունեության համար, անհայտ ճանապարհներով նվիրատվություններ է ստանում, փայ է մտնում, բիզնես է խլում խոշոր ներդրողից։ Այդ ամենը գալիս է ապացուցելու, որ ներդրողները Հայաստանում անպաշտպան են, ներդրումների պաշտպանության համար իրավական մեխանիզմները չեն գործում կամ գործում են ըստ հայեցողության։

Այսպիսի երևույթներն անթույլատրելի են բիզնեսի ու ներդրողների համար։ Դրա համար իրական տնտեսության մեջ ուղղակի ներդրումներ շատ քիչ են արվում։ Եղածն էլ հիմնականում գործող բիզնեսներում են։ Այն էլ մեծամասամբ նույն ոլորտներում՝ ընդերքի շահագործում, էներգետիկա, օդային տրանսպորտ։ Մյուս ճյուղերում ներդրումներ գրեթե չկան կամ շատ փոքր են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930