ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում ոչինչ չի արել, բացի բարձրակարգ հայկական խոհանոցը համտեսելուց․ ՌԴ ԱԽ
Հավաքական Արևմուտքի անպատասխանատու քաղաքականությունը գործնականում հանգեցրել է համաշխարհային անվտանգության ճարտարապետության քանդմանը․ ինչպես գրում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը։
«Աշխարհն ապրում է գլոբալ փոփոխությունների շրջան», – նշել է նա։
Շևցովն ընդգծել է, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Եվրամիության մոնիթորինգային և քաղաքացիական առաքելություններն անարդյունավետ են և լիովին սպառել են իրենց օգտակարությունը։
«Եթե վերցնենք, օրինակ, ԵՄ դիտորդական առաքելությունը, կամ, ինչպես նրանք են անվանում, քաղաքացիական առաքելությունը, դատելով լրատվամիջոցների հաղորդագրություններից, նրանք այնտեղ ոչինչ չեն արել, բացի բարձրակարգ հայկական խոհանոցը համտեսելուց, որը, ի դեպ, շատ լավն է։ Բայց թե որքա՞ն արդյունավետ էին նրանք ներգրավված անվտանգության հետ կապված ամեն ինչում, չգիտեմ»,-ասել է նա։
ՌԴ անվտանգության խորհրդի փոխքարտուղարն ընդգծել է, որ առանց «Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բոլոր անդամ պետությունների ներգրավվածության՝ անհնար է ստեղծել եվրասիական անվտանգության միասնական, անբաժանելի համակարգ և ճարտարապետություն»։



