Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր
Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի նախաձեռնությամբ՝ Շտուտգարտում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ քաղաքական, հոգևոր և հասարակական բարձր մասնակցությամբ։
Օրը սկսվել է Բադ Քանշտատի գլխավոր գերեզմանատանը. ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առաջ ծաղկեպսակ է դրվել, կատարվել է Սրբոց Նահատակաց կարգը։ Միջոցառմանը մասնակցել են Բադեն-Վյուրթեմբերգի սոցիալական և ինտեգրման նախարար Մաննե Լուխան, լանդտագի պատգամավորներ, Շտուտգարտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն. Սարդարյանը իր խոսքում ձևակերպել է հետևյալ միտքը․ «Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան»։
Նա նաև ընդգծել է առանցքային երեք հստակ պահանջ այսօրվա իրականությունից ելնելով, որոնք են՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում, 2023թ․ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100.000 հայերի վերադարձի իրավունքի ապահովում ինչպես նաև հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ հստակ քաղաքական և իրավական քայլեր։
Երեկոյան միջոցառումը շարունակվել է Լյութեր Եկեղեցում։ Բադեն-Վյուրթեմբերգի նորընտիր վարչապետ Ջեմ Էոզդեմիրը իր ելույթում նշել է, որ 2016թ․ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է մնա առանց հետևանքների։ Նա կոչ է արել անցնել գործնական քայլերի՝ հատկապես կրթության և հիշողության մշակույթի զարգացման քաղաքականության ուղղությամբ։
Քաղաքական համերաշխությունը վերահաստատվել է նաև այլ ելույթներով․ SPD խմբակցության անունից պատգամավորը Քարին Շթայնհուլբ-Յուսը, փոխանցելով խմբակցության ղեկավար Սաշա Բինդերի ուղերձը, ընդգծել է, որ հիշողությունը պարտավորեցնում է պայքարել մարդու իրավունքների համար այսօր։ CDU-ի ներկայացուցիչ Այլա Չաթալթեփեն ևս վերահաստատել է իր կուսակցության աջակցությունը հայ համայնքին։
Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես են եկել Սոնա Թալյանը և Վաչե Բագրատունին՝ ներկայացնելով Կոմիտաս վարդապետի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Վիկ Բագրատունու կողմից ընթերցվել են նաև ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, Միհրան Դաբաղի և Քրիստին Պլատի «Կորուստ և Ժառանգություն» գրքիծ՝ փոխանցելով պատմական ցավի կենդանի հիշողությունը։
Պոտսդամի Լեպսիուսի տան ներկայացուցիչ, գիտաշխատող դոկտոր Հայկ Մարտիրոսյանը իր բանախոսությամբ ներկայացրել է ոչ միայն ցեղասպանության պատմությունը, այլև գերմանական մարդասիրական առաքելությունների դերակատարությունը՝ հիշեցնելով, որ մարդասիրությունը հնարավոր է նույնիսկ ամենածանր պայմաններում։
Միջոցառման գլխավոր ուղերձը հստակ էր․ «Այլևս երբեք»-ը չի կարող սահմանափակվել հիշողությամբ կամ լոկ խոսքերով։ Այն պահանջում է քաղաքական կամք, պատասխանատվություն և գործնական քայլեր՝ այսօր և հիմա։




