ՁԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՒՉԻԿ, ԿԱՄ՝ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԿՈՒԹՅԱՆ ՊՍՊՂՈՒՆ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ
Հայաստանում աճում է շինարարությունը՝ երկնիշ տեմպով, ավելի քան 28 տոկոսով՝ համենայնդեպս հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալով, իսկ արդյունաբերությունը՝ նվազում:
Ի՞նչ է նշանակում նվազող արդյունաբերություն: Նշանակում է «տնտեսական ինքնիշխանության» նվազում: Որովհետև՝ ինչքան էլ հարաբերական է այս հասկացությունը ցանկացած երկրի պարագայում, այդուամենայնիվ տնտեսական ինքնիշխանության կարևոր բաղադրիչներից մեկն այն է, թե ինչքանով է տվյալ տնտեսությունն արտադրող, ստեղծող: Իսկ դրա ցուցիչը արդյունաբերությունն է:
Եթե տնտեսության ստեղծարար ներուժը նվազում է, իսկ կապիտալ շինարարությունն աճում, ապա դա վկայում է տնտեսական օրգանիզմում սպեկուլյատիվ պրոցեսների առկայություն: Սպեկուլյատիվ «ռելսերի» վրա գտնվող տնտեսությունը լավագույն դեպքում կարող է հասնել փակուղի: Վատագույն դեպքում՝ տնտեսությունը կանգնում է կոլապսի առաջ և արձանագրում էական անկում:
Տնտեսական փուչիկը ձևավորվում է այդպես, երբ տնտեսությունը չի արտադրում, բայց լցվում է փողով, թեկուզև՝ անշարժ գույքի տեսքով: Դա ստեղծում է տնտեսական շարժի ձևականություն, իմիտացիա, մինչդեռ ֆե դակտո անշարժեցնում է տնտեսությունը: Տնտեսության բնական շարժի արտացոլումը դրա ներդրումային ցուցիչներն են: Հայաստանի արտաքին պարտքն աճում է, իսկ արտաքին ներդրումները՝ նվազում:
Այդ ֆոնին փորձ է արվում պաշտոոնական քարոզչությամբ ուշադրությունը տանել դեպի նորոգվող դպրոցներ, ասֆակտապատվող ճանապարհներ…Դա, իհարկե, լավ է, սակայն այդ ամենը պետական պարտքի աճի հետևանք է, այլ ոչ թե տնտեսական ներուժի: Ավելին, 2026 թվականից պետական պարտքի սպասարկումը տնտեսությունից խլելու է ահռելի ռեսուրսներ՝ ավելի քան 1 տրիլիոն դրամ է ուղղվելու մայր գումարների և տոկոսների սպասարկմանը:
Հանրագումարում ստացվում է, որ տնտեսության արդյունաբերական ներուժը նվազում է, վիճակագրական աճն ապահովվում է հիմնականում սպեկուլյատիվ գործոնների հաշվին, իսկ տնտեսության ֆինանսական բեռը՝ ավելանում:
Սա խիստ վտանգավոր իրավիճակ է, հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա մի քանի ամիսները լինելու են նախընտրական և տնտեսական քաղաքականության համար պատասխանատուները առաջնորդվելու են քաղաքական-քարոզչական մոտիվներով, հետևաբար ձգտելու են ապահովել փաթեթի փայլը՝ դրա ներսում եղած և խորացող «դատարկությունը» քողարկելու համար: Մինչդեռ տարվա ընթացքում, բացելով ներկայացվող փայլփլուն փաթեթը, հանրությունը ավելի ու ավելի զգալու է ոչ միայն դրա դատարկությունը, այլև այն, որ ինքն է ստիպված լինելու տարատեսակ վճարներով լցնել այդ դատարկությունը:
Ընդ որում, դա անելու պարտավորություններից մեկն արդեն իսկ դրվել է հանրության վրա՝ առողջապահության համընդհանուր ապահովագրության մասին օրենքով, որի բովանդակությունը պարզ ի ցույց է դնում, որ հանրությունը վճարելու է շատ կոնկրետ, սակայն դրա դիմաց ստանալիք ծառայությունների հարցերը, մեղմ ասած, բաց են:
Խորքային առումով սա բոլորովին առողջապահության ծախսերն ապահովագրության մեխանիզմով ծածկելու մասին չէ, այլ տնտեսության ներդրումային, արդյունաբերական անկման բացը հանրության հաշվին «ծածկելու» մասին:
Իսկ դրան նպաստում է այն, որ Հայաստանում հասարակական-քաղաքական խոսույթում տնտեսությունը բացակայում է որպես առաջնային ուշադրության թեմա: 2026 թվականի ընտրական գործընթացը պետք է որ լինի այդ բացը լրացնելու մոտիվ, թե նրանց համար, ովքեր իրապես մտահոգ են Հայաստանի տնտեսության առողջությամբ, թե նրանց, ովքեր ունեն Հայաստանում հասարակական-քաղաքական միջավայր և որակ փոխելու շահագրգռություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
