Սպառնալիքներ Մակրոնի կողմից, փաստաթղթի առաջարկ Մոսկվայից, գաղտնի բանակցություններից բացահայտումներ․ Ադրբեջանի ԱԳ նախարարն ուշագրավ դրվագներ է բացահայտել
44-օրյա պատերազմից 5 տարի անց, մինչ Բաքվում Թուրքիայի ու Պակիստանի ղեկավարների մասնակցությամբ Ադրբեջանի նախագահը զորահանդեսով տոնում է Հայաստանի համար ողբերգական հետևանքներով ավարտված այս պատերազմը, ադրբեջանական մամուլում տարածվում է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ծավալուն հարցազրույցը 44-օրյա պատերազմից առաջ և դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասների, նրա որակմամբ՝ գաղտնի դիվանագիտական բանակցությունների և դրանց ընթացքում տեղի ունեցած կարևոր մանրամասների մասին։
Հայկական մամուլում ևս այսօր այդ հարցազրույցից պատառիկներ տեղ գտան, սակայն մենք փորձենք ներկայացնել դրա մի փոքր ավելի ամբողջական տաբերակը։
44-օրյա պատերազմի մասին Ադրբեջանի պաշտոնատար անձանց բոլոր հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում են նույն մեղադրանքները, Ադրբեջանի, այսպես կոչված, ռազմական, քաղաքական, դիվանագիտական հերոսության մասին դիտարկումները, այս հարցազրույցը նման մանրամասներով չէինք ներկայացնի, եթե դրանում չլինեին բանակցային մանրամասներ, որոնք կարող են հետաքրքիր ու կարևոր լինել հայաստանյան ընթերցողի ու քաղաքական շրջանակների համար։
İTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հենց սկզբում Բայրամովն անդրադարձել է իր պաշտոնավարման սկզբնափուլին, որը 2020 թվականի հուլիսն էր՝ հենց այդ ժամանակ տեղի ունեցան հայտնի Տավուշի մարտերը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը փորձել է իրավիճակի ադրբեջանական ընկալումը, տրամադրվածությունը ներկայացնել։
Նրա որակմամբ, բանակցությունները երկար էին տևել, և, Բայրամովի կարծիքով, այս բանակցությունների որոշակի փուլում ՀՀ նախկին իշխանությունների հետ իրական արդյունքի հասնելու հավանականությունը գործնականում գրեթե զրոյական էր, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը 2018 թվականին որոշակի հույսեր է արթնացրել։ Բայրամովի որակմամբ, դա պայմանավորված էր հանգամանքով, որ Փաշինյանը «նոր մարդ էր, նա հին թիմի մաս չէր»։ «Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ մայիսին, և պարոն նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև առաջին շփումը տեղի ունեցավ 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Դուշանբեում՝ ԱՊՀ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովում։ Այնտեղ տեղի ունեցավ չնախատեսված, ոչ պաշտոնական հանդիպում, որը տևեց մեկ ժամից ավելի»,- նշել է Բայրամովը։
Նա շարունակել է պատմել․ «Այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը, դիմելով Փաշինյանին, ասել է. «Մենք պետք է լուծենք այս հարցը: Սա չի կարող անվերջ շարունակվել. մենք դա չենք ընդունի: Մենք կարող ենք այստեղ ամեն ինչ քննարկել, կարող ենք ամեն ինչի շուրջ համաձայնության գալ, բայց Ադրբեջանի օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն»: Նիկոլ Փաշինյանի սկզբնական արձագանքը բավականին կառուցողական էր:
Նա ասաց. «Ես նոր եմ իշխանության եկել, ինձ համար դժվար է, ինձ որոշակի ժամանակ է պետք: Եվ ես կձեռնարկեմ բոլոր քայլերն այս հարցը լուծելու համար: Բայց ես նաև դժվարություններ ունեմ, այդ թվում՝ լարվածություն սահմանին, շփման գծում: Դիպուկահարների պատերազմ է ընթանում: Ձեր բանակի կողմից բարձր ակտիվություն կա: Եթե դուք նվազեցնեք այդ ակտիվությունը, դա կօգնի նաև ինձ»: Եվ հենց Դուշանբեում նախագահ Ալիևը հանձնարարեց Պաշտպանության նախարարությանը. լիակատար լռություն և կայունություն բոլոր ուղղություններով, և նույնիսկ մյուս կողմից խախտումների դեպքում՝ անհապաղ արձագանք չլինի:
Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնություն ձեռք բերվեց երկրների միջև «թեժ գիծ» ստեղծելու վերաբերյալ: Հայկական կողմից նշանակվեց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը, իսկ ադրբեջանական կողմից՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օրխան Սուլթանովը։ 2018 թվականին նրանց միջև ստեղծվեց թեժ գիծ։ Հրադադարի խախտման դեպքում նրանք անմիջապես միջամտում էին և թուլացնում լարվածությունը։ Նիկոլ Փաշինյանն ինքը խոստովանում էր, որ դա սահմանին ամենակայուն և հանգիստ շրջանն էր։ Սա որոշակի հույս էր ներշնչում»։
Դուշանբեից հետո Բայրամովը պատմել է 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած Փաշինյան-Ալիև երկրորդ հանդիպման մասին։ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, այս հանդիպումը տեղի ունեցավ առաջին հանդիպումից մոտավորապես վեց ամիս անց, և այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումն ու տոնը։ «Նա բացահայտ հայտարարում է, որ չի կարող և չի լուծելու խնդիրը և նույնիսկ նման պնդում է անում, որ եթե ես դա անեմ, նրանք կսպանեն ինձ։ Եվ նա հռետորական հարցն է տալիս նախագահ Ալիևին. «Դուք ուզում եք, որ ինձ սպանե՞ն»։ Ի պատասխան՝ Ադրբեջանի նախագահն ասաց, որ ինքն ընդհանրապես չի ուզում, որ որևէ մեկին սպանեն։ Սակայն սա ոչ մի կերպ չի նշանակում, որ ադրբեջանական հողերը կմնան օկուպացիայի տակ»,- նշել է Բայրամովը։ Մարտի 30-ին Վիեննայում կայացած հանդիպումից հետո Բայրամովը հիշեցնում է ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մարտի 30-ի հանդիպումն ԱՄՆ-ում հայկական սփյուռքի հետ, որի ժամանակ հայտարարել է՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»»։
Ապա Բայրամովը հիշեցնում է 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանը հայտնի «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ» արտահայտությունը։ Նրա որակմամբ, 6-17-ն Արցախի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեցին համահայկական խաղեր, և Փաշինյանը մասնակցեց բացման արարողությանը և տարբեր այլ միջոցառումների, ինչը, Բայրամովի որակմամբ, ևս մեկ կարմիր գիծ էր, ապա 2020 թվականի հուլիսի 10-ին ներկայացվեց Հայաստանի ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որում ամրագրվեցին Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքները: Այնուհետև, Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով, 2020 թվականի հուլիսի 12-16-ը տեղի ունեցան Տավուշի դեպքերը, որոնցից հետո տեղի ունեցավ ցուցադրական պարգևատրման արարողություն դրան մասնակցած զինծառայողների համար: Իսկ հուլիսի 23-ին, ըստ Բայրամովի, Փաշինյանը բանակցային գործընթացի համար առաջ քաշեց յոթ լրացուցիչ պայման և բոլոր յոթ լրացուցիչ պայմաններն անընդունելի էին:
«Դա նշանակում է երկարատև բանակցային գործընթացի ոչնչացում: Լարվածություն կար օդում: Ակնհայտ էր, որ դա միայն ժամանակի հարց է: Բոլոր մյուս մեթոդներն արդեն սպառվել էին»,- ասել է Բայրամովը:
Այնուհետև Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը խոսել է պատերազմի ժամանակ ադրբեջանական դիվանագիտության նկատմամբ գործադրված ճնշման մասին։
Ըստ նրա, եթե այդ 44-օրյա ժամանակահատվածը դիտարկվի՝ որպես մեկ ամբողջություն, դա դինամիկ գործընթաց էր՝ առաջին օրերին ճնշումներն ու կոչերը համեմատաբար զուսպ էին, քանի որ սկզբում բոլորը կարծում էին, որ սա շփման գծում հրադադարի ևս մեկ խախտում է, և, որ իրավիճակը կարող է կրկին կայունանալ մի քանի օրվա ընթացքում, սակայն ժամանակի ընթացքում դա փոխվեց։
«Հետևաբար, հոկտեմբերի 1-ին ԵԱՀԿ ՄԽ երեք պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն տարածեցին՝ հրադադարի [անհրաժեշտության], ռազմական գործողությունների դադարեցման և Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններ սկսելու մասին։
Դրանից հետո եղան բազմաթիվ փորձեր։ Հեռախոսային դիվանագիտություն, հանդիպումների կազմակերպում։ Օրինակ՝ հոկտեմբերի 9-10-ի մոսկովյան բանակցություններ, Վաշինգտոնյան բանակցություններ հոկտեմբերի 23-25-ին, և Ժնևում հոկտեմբերի 30-ին կայացած բանակցություններ, որոնք տեղի ունեցան Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում»,-նշել է Բայրամովը։
Շարունակելով խոսել դիվանագիտական ճնշումների թեմայով, նա մասնավորապես ասել է․ «Կային բազմաթիվ ռիսկեր, քանի որ տարբեր երկրներ և տարբեր առաջնորդներ օգտագործում էին տարբեր մարտավարություն: Ոմանք ապավինում էին դիվանագիտական ճնշմանը՝ «Սա պետք է անհապաղ դադարեցվի»: Մյուսները հարցը տանում էին միջազգային կազմակերպություններ: Կային առաջնորդներ, որոնք բացահայտ սպառնում էին հեռախոսով: Ֆրանսիայի նախագահը բազմաթիվ զանգեր էր կատարում՝ պահանջելով. «Դուք պետք է անհապաղ դադարեցնեք: Եթե դա տեղի չունենա, Ֆրանսիան կճանաչի Լեռնային Ղարաբաղը»»,- պատմել է Բայրամովը։
Ըստ նրա, Ադրբեջանի համար մեկ այլ վտանգավոր սցենար էր փորձը՝ հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, այն այնտեղ էլ ներկայացվեց, և ադրբեջանական դիվանագիտության առաջնահերթություններից մեկը ցանկացած պարագայում դա կանխելն էր։ Բայրամովի խոսքով, այդ ժամանակ Մինսկի խմբի համանախագահները կազմակերպեցին բանակցությունների երեք փուլ։ Նա նաև հիշեցրել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև առաջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին, մյուսը՝ հոկտեմբերի 8-ին։
«Հոկտեմբերի 8-ին, երբ մենք Ժնևում էինք, Բաքվից զանգ ստացանք, որով տեղեկացրին, որ նախագահը ցանկանում է խոսել և հրահանգներ տալ: Հեռախոսազրույցի ընթացքում նախագահն ասաց, որ համաձայնություն է ձեռք բերվել. հաջորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, Մոսկվայում նշանակվել է հանդիպում այս հարցը քննարկելու համար: Նա նաև ասաց, որ մենք՝ ես և փոխնախարարը, պետք է մեկնենք այս բանակցությունների համար: Բնականաբար, նա մեզ տվեց համապատասխան հրահանգներ և հանձնարարականներ:
Երբ բանակցությունները սկսվեցին, հետաքրքիրն այն է, անցել է հինգ տարի, կարծում եմ՝ կարող ենք որոշ մանրամասներ բացահայտել՝ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը կողմերին ներկայացրեց մի փաստաթուղթ։ Առաջարկվեց նախնական նախագիծ։ Մենք վերցրինք փաստաթուղթը և նայեցինք՝ այն բաղկացած էր ընդամենը մի քանի կետից։ Էությունը հետևյալն էր՝ ամսի 9-10-ը ժամը 00:00-ից դադարեցվելու էին բոլոր ռազմական գործողությունները։ Ռուսական խաղաղապահ ուժերը և ադրբեջանական բանակը տեղակայվելու էին շփման գծի արևելյան հատվածում։ Հայկական զինված ուժերը, և կրկին՝ ռուս խաղաղապահները, տեղակայվելու էին շփման գծի արևմտյան հատվածում։
Այլ կերպ ասած՝ առաջարկվող փաստաթղթում արդեն իսկ նախատեսված էր, որ հենց որ 9-ին հայտարարվի հրադադար, ռուս խաղաղապահներն անմիջապես կտեղակայվեն երկու կողմերում՝ առանց որևէ լրացուցիչ պայմանի, առանց հայկական զորքերի դուրսբերման, առանց որևէ տարածքի ազատագրման։
Մենք պարոն նախագահից ունեինք բոլորովին այլ հրահանգներ։ Մենք ելնում էինք մեր դիրքորոշումից և բարձրացնում էինք բոլորովին այլ հարցեր։
«Մենք պատրաստ ենք բանակցել Հայաստանի հետ. թող հայկական կողմը ներկայացնի ժամանակացույց, թե երբ են նրանք պլանավորում դուրս բերել [զորքերը օկուպացված տարածքներից]»:
Դրան ի պատասխան՝ հայկական կողմը՝ նախարար Մնացականյանը, սկսեց դժգոհություն հայտնել՝ ասելով, որ դա չպետք է լինի, որ Ադրբեջանը պետք է վերադառնա սեպտեմբերի 27-ի իրավիճակին, քանի որ նրանք, իբր, ճնշման տակ չեն բանակցի»,- պատմել է Բայրամովը։
Ըստ նրա, այս երկու դիրքորոշումների միջև Ռուսաստանը, կարծես, ավելի «չեզոք» դիրքորոշում էր ընդունում.
«Ոչ, անհրաժեշտ չէ դուրս գալ, մնացեք այնտեղ, որտեղ գտնվում եք, բայց ռուս խաղաղապահները պետք է մնան ձեզ հետ», և, իհարկե, կային նաև այլ կետեր՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների մարմինների վերադարձ և այլ հարցեր։ Բայրամովը պատմում է, որ բանակցությունները տևեցին մի քանի ժամ, դիրքորոշումների փոփոխություն չեղավ, ռուսական կողմը համառորեն շարունակեց նույն գիծը՝ փորձելով ստանալ կողմերի համաձայնությունը առաջարկի շուրջ հենց նույն օրը, նույնիսկ ընդմիջում հայտարարվեց, կողմերը կապվեցին մայրաքաղաքներ, սակայն ընդմիջումից հետո ևս ադրբեջանական կողմը չհամաձայնեց։ Բայրամովը պատմում է նաև, որ այդ հանդիպման ժամանակ Լավրովն անընդհատ զանգեր է ստացել ՌԴ նախագահ Պուտինից, դուրս եկել զրուցել, զանգեր է ստացել նաև Շոյգուից։
«Բանակցությունները շարունակվեցին կեսգիշերից հետո, և զանգերը շարունակվեցին։ Բոլորի համար պարզ դարձավ, որ մենք ունենք հստակ դիրքորոշում, և մենք չենք նահանջի դրանից։ Մենք առաջարկեցինք. եթե այսօր արդյունքի չհասնենք, խնդիր չկա։ Մենք կդադարեցնենք բանակցությունները և կշարունակենք վաղը։ Խնդիրը չափազանց լուրջ է. մենք պատրաստ ենք բանակցել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։
«Բայց նրանց համար կարևոր էր այդ օրն արդյունքի հասնելը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ շարունակելով, որ երկարատև բանակցություններից հետո հաջողվեց հումանիտար հրադադարի շուրջ պայմանավորվածության հանգել, որը ձեռնտու էր ադրբեջանական կողմին։
Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի, հայտարարվեց հրադադար և տևեց կես ժամ, ապա մարտերը սկսվեցին։
«Ինչպես ասացի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2020 թվականի հոկտեմբերին կայացած քննարկումների ժամանակ մենք շատ ակտիվորեն աշխատեցինք Չմիավորման շարժման անդամ պետությունների հետ։ Բարեբախտաբար, այդ ժամանակ Անվտանգության խորհրդի 15 անդամներից յոթը Չմիավորման շարժման երկրներ էին։ Եվ նրանք աջակցեցին մեզ։ Նրանց միջամտության շնորհիվ մի քանի փորձեր խափանվեցին, և ոչ մի փաստաթուղթ չընդունվեց։
Պետք է շեշտեմ մեկ կետ։ Բոլոր մյուս պետությունների նկատմամբ ամենայն հարգանքով, մենք միշտ մեր երախտագիտությունն ենք հայտնել նրանց և շարունակում ենք անել դա՝ աջակցելով նրանց նախաձեռնություններին, քվեարկելով նրանց թեկնածությունների օգտին, միանալով նրանց նախագծերին՝ ոչինչ չի մոռացվում:
Սակայն Թուրքիայի Հանրապետության դերը չի կարող համեմատվել որևէ այլ երկրի հետ, այդ թվում՝ դիվանագիտական մակարդակով: Թուրքիայի աջակցությունը միանշանակ, անսասան և անգնահատելի էր մեզ համար: Եվ դուք գիտեք, որ յուրաքանչյուր երկրի արտաքին քաղաքականությունը որոշվում է նրա առաջնորդով:
«Եվ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի մշտական աջակցությունը, նրա հայտարարությունները, պարոն նախագահի հետ նրա կանոնավոր շփումները, Ադրբեջանին աջակցելու նրա յուրաքանչյուր կոչը՝ սա անփոխարինելի էր»,- ընդգծել է Ջ. Բայրամովը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Մևլութ Չավուշօղլուն 44 օրվա ընթացքում հինգ անգամ այցելել է Ադրբեջան, այցելություններ եղել են, երբ նա թռչել է երկու կամ երեք ժամով՝ ժամանել է կեսգիշերին, մնացել երկու կամ երեք ժամ, ապա վերադարձել ժամը 3-ին կամ 4-ին։
Բայրամովն առանձնահատուկ է խոսել Թուրքիայի աջակցության ու դերակատարման մասին, ընդգծելով այդ օրերին Անկարայի միասնական հրամանը բոլոր թուրքական դեսպանատներին՝ Բաքվից եկող հրահանգները նույն ուժն ունեն, ինչ Անկարայից եկող հրահանգները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, խոսելով պատերազմի վերջին օրերից, ընդգծել է, թե նոյեմբերի 8-ի մոտենալուն պես Հայաստանն արդեն պատրաստ էր ընդունել Բաքվի պայմանները, սակայն Հայաստանում հրաժարվում էին քննարկել Շուշի քաղաքի հարցը։
«Պարոն նախագահի դիրքորոշումը բացարձակապես անսասան և կատեգորիկ էր. այս խնդիրը չի կարող լուծվել առանց Շուշիի:
Շուշին բանակցությունների առարկա չէ: Հետևաբար, երբ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը մտան Շուշի, և քաղաքի մաքրումը տևեց գրեթե երկու օր, Հայաստանը փորձեց հակագրոհի անցնել: Ադրբեջանական հանրությունը գիտի դա: Բայց ամեն ինչ արդեն ավարտվում էր, և դա պարզ էր. Շուշիի ազատագրումից հետո ընդհանուր պատկերում գրեթե չլուծված կամ անորոշ կետեր չկային: Չնայած, իհարկե, կային բազմաթիվ մանրամասներ:
Երբ Շուշիի լուրը հասավ, դա անկասկած հարցը տեղափոխեց իր վերջնական փուլ: Շատ ինտենսիվ շփումներ սկսվեցին 8-ին, և 9-ի առավոտից բանակցությունները շարունակվեցին մինչև գիշեր: Եվ այստեղ ուզում եմ նշել, որ բանակցությունների ընթացքը և դրանց մանրամասները քննարկվել են անմիջապես երկու նախագահների միջև։ Պարոն նախագահն անմիջականորեն շփվել է նախագահ Պուտինի հետ հիմնական հարցերի շուրջ:
Այնուհետև ամեն ինչ թղթի վրա է դրվել արտաքին գործերի նախարարությունների միջոցով: Այս նյութերը ներկայացվել են նախագահներին, որին հաջորդել է հեռախոսազրույցը: Այդ օրը տեղի են ունեցել բազմաթիվ հեռախոսային շփումներ:
2025 թվականի տեսանկյունից, նոյեմբերի 8-ը և 2020 թվականի նոյեմբերի 9-ը բոլորովին այլ տեսք ունեն»,- ասել է Բայրամովը` գլուխ գովելով, թե ինչ կետեր է հաջողվել ադրբեջանական կողմին ներառել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, և, որ ամեն բան տեղի է ունեցել Ալիևի թելադրանքով։
Բայրամովն այս հարցազրույցում մի շարք այլ հետաքրքրական դիտարկումներ ևս անում է, որը ևս կներկայացնենք մեկ այլ հրապարակմամբ։ Սակայն ուշագրավն այն է, որ 44-օրյա պատերազմից 5 տարի անց նույնիսկ ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս միջնորդների առաջարկներից, առաջարկված փաստաթղթերից, ներդրված ջանքերից, որոնք չափազանց էական են 44-օրյա պատերազմի պատճառներն, ընթացքն ու Հայաստանի և Արցախի համար ողբերգական հետևանքները վերլուծելու, գնահատական տալու տեսանկյունից։

