Հայկական Արցախի դեպքում Իրանում վստահ են եղել՝ այդ ուղղությունից թիկունքին հասցվող հարվածներ չեն կարող լինել. Տիգրան Աբրահամյան
Հայաստանի համար ի՞նչ ռիսկեր է պարունակում Իրանի շուրջ ներկա իրավիճակը, և եթե ԱՄՆ-ը որոշի ցամաքային գործողություններ սկսել, արդյո՞ք Ադրբեջանը քննության առաջ չի հայտնվի իր տարածքը տրամադրելու առումով, ինչը մեր երկրին նոր սպառնալիքների առաջ կկանգնեցնի։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ որքան հակամարտությունը երկարի, այնքան Հայաստանի դեմ ուղղված ուղղակի և անուղղակի սպառնալիքները կավելանան:
«Այդ սպառնալիքներն արտահայտվում են քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային, տնտեսական, հոգևոր-մշակութային ուղղություններով: Կարևորագույն խնդիրներից է Իրանում հայկական համայնքի և հսկայական հոգևոր-մշակութային հուշարձանների, վանական համալիրների պահպանության հարցը, իսկ պատերազմը, այսպես ասած, նման հարցերի վրա չի կենտրոնանում՝ հարվածներ հասցնելու ժամանակ»,- հավելեց նա:
Եվ թեև դեռ չգիտենք՝ ե՞րբ, ինչպե՞ս և ի՞նչ արդյունքով կվերջանա Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմը, բայց այս օրերին տարբեր տեսանկյուններից և համատեքստերում «Թրամփի ուղի» նախագծի հարցը քննարկման առարկա է դարձել, այդ թվում, որ այն իրապես ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Տիգրան Աբրահամյանն ասաց.
«Իրանի շուրջ զարգացող իրադարձություններից և իրավիճակի վերջնական հանգուցալուծումից է կախված, թե ԹՐԻՓՓ-ի նախագիծն այս համատեքստում ինչ արդյունք կամ հետևանք կունենա: Այս պահին դժվար է ամբողջական գնահատական տալ, քանի որ ԹՐԻՓՓ-ի իրագործումն անմիջականորեն կախված է Իրանի շուրջ զարգացումներից և խաղաղության հնարավոր հեռանկարից»:
Հարցադրումներին՝ արդյո՞ք Սյունիքի ուղղությամբ կամ Սյունիքի շուրջ և նախիջևանյան թևում կարող ենք անվտանգային օղակը սեղմված համարել, կամ՝ արդյո՞ք իրատեսական է ինչ-որ պահի ռազմական բախումը, և Իրանը կարողանալո՞ւ է արդյոք առաջ տանել իր «կարմիր գիծը», պատգամավորը նկատեց, որ կան մեծ թվով հարցեր, որ մինչ այս պահը հստակ չեն:
«Այսինքն՝ որոշ հարցեր գաղտնիության ռեժիմում են, որոշների մասով էլ կանխատեսելիության հետ կապված խնդիր կա, որովհետև ռեգիոնալ հակամարտությունը՝ մեծ թվով երկրների ներկայացվածությամբ, դժվար է դարձնում հստակ գնահատական տալը, թե դա ինչ հետևանք կունենա, և այս ռեգիոնալ պայթյունն ինչ նոր պետությունների և խմբերի հակամարտության մեջ կներքաշի: Ուստի այս պահին միայն կարող ենք արձանագրել, որ կան անվտանգային մեծ սպառնալիքներ, որոնց չափաբաժինը կամ վտանգավորության աստիճանն այս պահին դժվար է գնահատել»,- շարունակեց պատգամավորը:
Հարցին՝ եթե 2020 թվականի 44-օրյա պատերազմում հայկական կողմը հաղթեր, հաջողվեր Արցախը պահել հայկական վերահսկողության տակ, ի՞նչ առավելություն կտար սա ներկա անվտանգային պայմաններում Հայաստանին, ինչո՞ւ չէ՝ Իրանին, նա պատասխանեց.
«Հայկական Արցախի դեպքում Իրանում վստահ են եղել, որ այդ ուղղությունից թիկունքին հասցվող հարվածներ չեն կարող լինել: Սա՝ մեկ: Երկրորդը՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը, թուրք-ադրբեջանական ներկայությունն ու անմիջական մասնակցությունը Հայաստանի և Արցախի դեմ գործողություններում, և դրանում նրանց հաջողությունը ռեգիոնալ առումով Ադրբեջանին և Թուրքիային դիրքային մեծ առավելություններ է տվել: Ուստի այդ ամենը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Իրանի՝ ոչ այնքան պարզ և հեշտ հարաբերությունների պարագայում, բնականաբար, մշտական իր ռիսկերն ու խնդիրները պահպանում է»։



