ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ
Խորհրդարանական ընտրությունների շեմին կանգնած ՔՊ-ի պարագլուխը փորձում է բացատրել իրեն ուղղված ամենատարածված մեղադրանքին՝ խոսքի և գործի, խոսքի և խոսքի անհամապատասխանությունը։ Մարդիկ նրան անվանում են ստախոս՝ հիշեցնելով 2018-ից առաջ և հետո հնչեցրած բազմաթիվ խոստումներ, որոնք կա՛մ չեն կատարվել, կա՛մ հնչեցրել է նախկինում ասածին հակառակ խոսք։ Պատին դեմ տված ստախոսին թվում է, թե գտել է իրեն արդարացնող բանաձևը՝ աշխարհը փոխվում է, և քաղաքական գործիչն էլ պետք է փոխվի, այլապես կոչնչանա («կարժանանա դինոզավրի ճակատագրին»)։
Քաղաքական պատկերացումները, սկզբունքները, ուղեգիծը, անշուշտ, քարացած չեն, բայց հատկապես իշխանություն ստացած գործչի, թիմի խոստումները չեն կարող լինել հարափոփոխ ու պատիր։
Ծրագիրը հռետորական հնար չէ
Ժողովրդավարության հիմքում մի պարզ պայմանագիր է (ՔՊ անունն էլ այդ համոզմամբ եք վերցրել)․ քաղաքական ուժերը ներկայացնում են ծրագիր, իսկ իշխանությունը ձևավորվում է ըստ նրա, թե որքանով են քաղաքացիները հավատում այդ ուժերի ասածներին։ Հաղթող ուժի ծրագրերը հետո հաստատվում են խորհրդարանում, դառնում կառավարության կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրեր։ Այնպես որ, դրանք ծանրակշիռ քաղաքական պարտավորություններ են, ոչ թե դատարկ ճառեր կամ նախընտրական խումհարի վիճակում նետած խոսքեր։ Եթե որոշ ժամանակ անց նույն իշխանությունը հայտարարում է, թե աշխարհը փոխվել է, և իր ծրագիրն այլևս արդիական չէ, ապա առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ նախընտրական պայքարում այդ ծրագիրը ներկայացվեց՝ որպես «ապագա կա՛» ճոռոմաբանությամբ փաթեթավորված ճանապարհային քարտեզ։ Եթե ՔՊ-ի նախընտրական ու ընթացիկ խոստումները թաշկինակի պես դեն են նետվում, ուրեմն այն սոսկ մի խմբակ է, որի համար ընտրական պայքարը ոչ թե պատասխանատվության ատյան է, այլ ձայներ կորզելու մեքենա։
Փոփոխություն, թե հակադարձում
Քաղաքական դիրքորոշումների հարաբերական վերանայումը, ճշգրտումը բնական երևույթ է։ Պատմությունը լի է օրինակներով, երբ առաջնորդները, բախվելով նոր իրականության հետ, փոխել են իրենց մոտեցումները։ Բայց այդ փոփոխությունները սովորաբար ուղեկցվել են բացատրությամբ, հաշվետվությամբ և, անպայման, ներողություն հայցելով, պաշտոնանկություններով, հրաժարականներով։ Եթե երեկ հայտարարվում էր՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ», իսկ այսօր տուգանքների համակարգն ավելի է ընդլայնվում, ապա մարդիկ սպասում են շիտակ պատասխան՝ ի՞նչ փոխվեց և ինչո՞ւ այդ փոփոխությունների ողջ բեռը պետք է ընկնի սոցիալապես անպաշտպան խավերի վրա։ Եթե տնտեսական քաղաքականությունը (ապահովել միլիարդների ներդրումներ, կառուցել գործարաններ, ջրամբարներ, ճանապարհային հանգույցներ, և այսպես շարունակ), սոցիալական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը խոտորվում են, ապա «աշխարհը փոխվել է» արդարացումն ընդամենը դեմագոգիա է, պատասխանատվությունից խուսափելու անստույգ ճիգ։ «Փոփոխվող աշխարհը»՝ որպես վկայակոչում, նույնքան ընդարձակ է, որքան մշուշը, որի մեջ կարելի է թաքցնել ամեն ինչ։
Քաղաքական հիշողության փորձությունը
ՔՊ-ի պարագլուխի արդարացման փորձում նկատելի է լկտի մի հույս՝ գուցե մեր ժողովրդի հավաքական հիշողությունը կարճ է։ Նա կարծում է՝ եթե աշխարհն արագ է փոխվում, ապա մարդիկ էլ արագ մոռանում են իշխանության խոստումները, նրա ստանձնած պարտավորությունները։ Բայց ժողովրդավարության տրամաբանությունը կառուցված է ճիշտ հակառակի վրա։ Մարդկանց հիշողությունն է այն չափիչը, որով գնահատվում է իշխանությունը։ Նախընտրական ծրագրերը դեկորացիա չեն, ոչ էլ քաղաքական պայքարն է ներկայացում, որ ամեն թատերական սեզոն սկսվելուց առաջ արմատապես փոխվի, կամ նույն հեղինակը նույն վերնագրի ներքո հրամցնի մի այլ սցենար։
Դինոզավրեր, իրոք, եղել են
Դինոզավրի փոխաբերությունը ճիշտ է, բայց լրիվ այլ իրողության մեջ․ ոչ թե դիրքորոշման անփոփոխելիությունն է իշխանությանը դարձնում դինոզավր, այլ վստահության կորուստը։ Երբ հասարակությունը համոզվում է, որ իշխանության ոչ միայն խոսքն ու գործը, այլև երեկվա ու այսօրվա խոսքերն այլևս չեն հանդիպում նույն կետում, իշխանությունը հայտնվում է օդում կախված վիճակում։ Իշխանության ճշմարիտ հենարանը ոչ բանակն է, ոչ էլ վարչական ապարատը, այլ պարզ մարդկանց հավատը։ Երբ կորչում է այդ հավատը, վրա է հասնում այն պարզ իրողության գիտակցումը, որ իշխանության խոսքն արժեք չունի։ ՔՊ-ի ու նրա պարագլուխի նկատմամբ երբեմնի հավատը քայքայվել է վաղուց, դեռևս 44-օրյա պատերազմի օրերին, և ոչ մի լեզվագար չի կարող նույն զարտուղիներում կրկին մոլորեցնել մարդկանց։
Շնորհակալություն հայտնեք մեր ազնիվ ու ներողամիտ ժողովրդին ձեզ այսքան հանդուրժելու համար։ Անկանոն շարժումներ մի՛ արեք, խաղաղվե՛ք և գիտցե՛ք՝ աշխարհն, անկասկած, փոխվում է, բայց մարդկային հարաբերություններում (իսկ քաղաքականությունը նախևառաջ մարդկայինի մասին է) մի բան անփոփոխ է․ տված խոստումը պետք է կատարել։ Առհասարակ դա՛ է մարդու պատասխանատվության չափանիշը, իսկ երբ իշխանությունը փորձում է այն տարրալուծել «փոփոխվող աշխարհ» կոչվող փորձանոթի մեջ, ապա տվյալ ուժի գործունեությունը դառնում է կասկածելի և վտանգավոր։
ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ



