«ՀՀ օրվա իշխանությունների այդ թեզն արցախահայերին ավելի է վանում ՔՊ-ից». Հակոբ Հակոբյան

Փետրվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ 2023-ից մինչև այս տարվա փետրվարի 5-ը Արցախի Հանրապետությունից 20 769 ներքին տեղահանված անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Նա նաև ասել էր, որ այս ընթացքում ստացվել է 26.099 դիմում, գրանցվել է աճ, ավելի քան 9000 երեխա նույնպես ստացել է հայկական անձնագիր։

Արցախի մեր հայրենակիցները, որոնք ստացել են ՀՀ անձնագիր, որքանո՞վ են հակված մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպիսի՞ իշխանություն են ցանկանում տեսնել Հայաստանում։

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, ով գրեթե ամենօրյա շփումների մեջ է արցախահայերի հետ, կարծում է՝ արցախահայերն ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին։

Կարդացեք նաև

«Այս ընտրություններն արցախցիների համար առավել ևս շատ որոշիչ են և տրամադրված սպասում են ընտրությունների արդյունքներին, այդ թվում՝ իրենց ակտիվ մասնակցությամբ։

Մեր բազմաթիվ հանդիպումների ընթացքում մեկ անգամ ևս վերահաստատվում է, որ արցախահայերը սպասում են, որ Հայաստանում կընտրվի այնպիսի իշխանություն, որի համար Արցախի հարցը փակ չէ։ Նաև արցախահայերի վերադարձի խնդիրը ոչ թե կփակեն, այլև կկարողանան օժանդակել այդ գործընթացներին, որոնք կհանգեցնեն վերադարձին։ Ավելին՝ լինի այնպիսի իշխանություն, որպեսզի մինչև Արցախ վերադառնալն արցախահայերն իրենց մայր հայրենիքում ունենան արժանապատիվ կեցության պայմաններ ու հնարավորություններ»,- 168.am հետ զրույցում ասաց Հակոբ Հակոբյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ արցախահայերը Հայաստանում ոչ թե շվայտ ու ճոխ ապրելակերպ են ուզում, այլ նրանց ուզածը միայն արժանապատիվ կյանք և աշխատանք ունենալն է։

«Որևէ արցախցի իր մտքից չի հանել Արցախ վերադառնալու նպատակն ու երազանքը, քանի որ նրանք շատ բաներ են թողել Արցախում՝ իրենց երեխաների, ծնողների, հարազատների շիրիմները, սրբությունները։

Միանշանակ է, որ այն արցախցիները, ովքեր հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին, մասնակցելու են և քվեարկելու են վերը նշված ծրագրերը ներկայացնող քաղաքական ուժի օգտին։

Արցախցիները շատ լավ գիտեն խաղաղության գինը, դրա համար ոչ մի արցախցու մոտ չի աշխատում օրվա իշխանությունների այն թեզը, թե՝ «եթե մենք չընտրվենք, պատերազմ կլինի»։ Արցախցին մի քանի պատերազմներով է անցել, բացի 44-օրյա պատերազմից, մյուսներում նա հաջողություն է ունեցել, գիտեն՝ ինչպես պետք է հասնեն խաղաղության»,- հավելեց նա։

Հակոբ Հակոբյանը նաև շեշտեց՝ արցախահայերը, ինչպես և ցանկացած գիտակից հայ, այսօր գիտի, որ խաղաղության հասնում են ոչ թե մուրալով, այլ արժանապատվությամբ և ուժեղ կամք ցուցաբերելով։

«ՀՀ օրվա իշխանությունների այդ թեզն արցախահայերին ավելի է վանում ՔՊ-ից»,- ընդգծեց Հակոբ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին, շատ քաղաքական ուժեր դեռևս չեն հայտնել ընտրություններին մասնակցելու մասին։ Որոշները հայտնել են դաշինքով մասնակցելու մասին։

Տեսանյութեր

Լրահոս