Արցախի շուրջ Ադրբեջան-Իրան «հարավային պլանները» և Բաքու-Թեհրան հարաբերությունների ներկան. Ինչո՞ւմ սխալվեց Թեհրանը
Բազմիցս մեր վերլուծություններում հարցադրում ենք արել՝ արդյո՞ք Իրանը պետք է հավատա Ադրբեջանին, իսկ, երբ հարցը վերաբերել է Սյունիքին առնչվող հարցերում հարևան Իրանի դիրքորոշմանը, նշել ենք՝ ցանկացած պետություն, այդ թվում՝ Իրանը, իր շահերից ելնելով է հայտարարում, որ թույլ չի տա տարածքային կամ սահմանային փոփոխություն, և հարց է՝ որքանով Հայաստանը կկարողանա իր շահերը տեղավորել այստեղ:
Իրանի դեմ ամերիկաիսրայելական ռազմական օպերացիայի օրերին, և հատկապես՝ Ադրբեջան-Իրան հարաբերությունների հերթական սրացման հերթական փուլի համատեքստում, փորձագիտական և քաղաքական շրջանակներից հիշում են 2020 թվականի 44-օրյա պատերազմը, այսօր օկուպացված Արցախի հարավային ուղղությամբ հայկական տարածքային կորուստները, Իրանի արածն ու չարածը, և այլն:
Մասնավորապես, օրեր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել և հետևյալ գրառումն արել. «Վայր, որն ազդում էր Արցախի, Հայաստանի և Իրանի ճակատագրի վրա։
Արցախա-իրանական սահման, Արաքս, 2014»:
Ուստի հարկ ենք համարում ներկայացնել համապատասխան դրվագների և փաստերի խրոնոլոգիան։ Եվ այսպես:
Դրվագ առաջին
2016-ի փետրվարին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանն ու Իրանը ստորագրել են համաձայնագիր էներգետիկ ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման, Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ-Գալասի» հիդրոհանգույցների շինարարության ու շահագործման մասին: Փաստաթղթի համաձայն՝ Իրանը պիտի ապահովեր հիդրոհանգույցների ու հիդրոէլեկտրակայանների շինարարության ավարտը, հիդրոհանգույցներում ու հիդրոէլեկտրակայաններում ջրային ու էներգետիկ ռեսուրսների պահպանումն ու շահագործումը մինչև Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը:
Համաձայնագրում նշվում էր, որ կողմերը պետք է օգտագործեն այդ օբյեկտները հավասար իրավունքներով, քանի որ «Խուդաֆերին»-ը և ««Գիզ-Գալասի»-ն գտնվում են «Ադրբեջանի օկուպացված տարածքներում»:
Այս համատեքստում հավելենք, որ նախքան Արցախի ամբողջական կորուստը, կամ՝ Սարսանգի ջրամբարի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելը, ըստ տարբեր գնահատականների՝ 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի ջրային ռեսուրսների մի մասը՝ 24 ջրամբարներից 22-ն, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
2021 թվականի հոկտեմբերի դրությամբ, ադրբեջանական տարբեր աղբյուրներ նշում էին, որ «ազատագրված տարածքների» ջրային ընդհանուր պաշարները կազմում են մոտ 2 մլրդ խմ, ինչը հեռանկարում լուծելու էր Ադրբեջանի խմելու և ոռոգման ջրի հետ կապված խնդիրները:
2021 թվականի նոյեմբերին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանն անգամ ՀՀ ինքնիշխան տարածքում գործողություններ իրականացնելիս, հաշվի է առնում ջրային ռեսուրսների համար պատերազմի հանգամանքը, ըստ այդմ՝ առաջխաղացումների ժամանակ տեղավորվում է հայկական ջրային պաշարների ակունքներում, որպեսզի հետագայում այդ գալիք պատերազմում հաղթող դուրս գա: Բայց սա այլ քննարկման թեմա է:
Ի դեպ, 2017 թվականին Արցախում պաշտոնական մակարդակում անբնական էին համարում Արցախ-Իրան սահմանի փակ լինելը:
«Իրանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ընդհանուր սահմաններ բոլոր երեք հակամարտ կողմերի՝ Հայաստանի Հանրապետության (ՀՀ), Արցախի Հանրապետության և Ադրբեջանի հետ:
Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բաց են, ընդ որում, ՀՀ միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։ Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է:
Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին»,- 2017-ին իրանցի քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել էր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։
Որքան էլ այսօր Արցախն օկուպացված է, բայց սա կարևոր հարց է, որի պատասխանը պետք է իմանալ՝ ինչ խնդիրների առկայություն էր Արցախ-Իրանը փակ պահում։
Դրվագ երկրորդ-44-օրյա պատերազմ
Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում այն ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին ընդամենը մեկ հեռախոսազանգ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ժամանակ Իրանի նախագահը մտահոգություն էր հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով:
Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձել էր տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա և որոշ մանրամասներ հայտնել:
Ընդ որում, դա տեղի էր ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, այսինքն՝ այն օրը, երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ինչպես ինքն է հայտարարել, ԱԽ նիստում առաջարկել էր 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը:
Իսկ Իրանի տարածքում արկեր էին ընկել հոկտեմբերի կեսերին, այնուհետև Արցախի և Իրանի սահմանի այդ ուղղությամբ սկսել էին թեժ մարտեր:
Ավելին, 2020 թվականի հոկտեմբերի 27-ին ադրբեջանական կողմն անօդաչուներով (որոնցից մեկն ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել էր ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Արդեն 2020 թվականի հոկտեմբերի 28-ին Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին մեկնել էր Բաքու և հանդիպել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Վերջինը իրանցի պաշտոնյային վստահեցրել է, որ «Հայաստանի տարածքից բալիստիկ հրթիռներ են արձակվել խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ Գյանջայի և Բարդայի, և, որ դրա հետևանքով զոհեր են ունեցել»: Եվ ինչպես ադրբեջանական լրատվամիջոցներն էին փոխանցել, որը չի էլ հերքվել, ըստ էության, Արաղչին իր ցավակցությունն էր հայտնել «Հայաստանի տարածքից Բարդա քաղաքի հրթիռային հարվածներից խաղաղ բնակչության շրջանում զոհերի հետ կապված», և արդեն այդ ժամանակ շնորհավորել Բաքվին արձանագրած հաղթանակների առիթով:
Պատերազմի օրերին Ալիև-Արաղչի այս հանդիպմանը չէր անտեսվել 2016-ի փետրվարին ստորագրված Իրան-Ադրբեջան համաձայնագիրն էներգետիկ ոլորտում ջրային ռեսուրսների օգտագործման, Արազ գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոհանգույցների շինարարության ու շահագործման մասին:
«Ես հանձնարարել եմ կառավարությանը մեր կողմից ստեղծել աշխատանքային խումբ։ Խնդրում եմ, որ համապատասխան կառույց ստեղծվի նաև իրանական կողմից, որպեսզի կարողանանք հնարավորինս շուտ քննարկել այս հարցերը և համաձայնության գալ այս օբյեկտի համատեղ շահագործման վերաբերյալ»,- ասել էր Ալիևը:
Իսկ 2020 հոկտեմբերի 30-ին Արաղչին Երևանում էր և հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպմանն Արաղչին ներկայացրել է Իրանի մոտեցումները տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ՝ խոր մտահոգություն արտահայտելով շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:
ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, որ Արաղչին իր ցավակցությունն է հայտնել խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ և դատապարտելի համարել քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի թիրախավորումը, թեև համենայնդեպս պաշտոնական տեղեկատվության մեջ չկար, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կոնկրետ քաղաքի կամ դեպքի մասին խոսել է: Փոխարենը նշվում է, որ նա բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ:
Իսկ այսօր Իրանում է ԱՄՆ-Իսրայել հարվածներից խաղաղ բնակչություն զոհվում, ավելին, այսօր արդեն նույն Ադրբեջանը հիմա էլ Իրանին է մեղադրում քաղաքացիական անձանց թիրախավորելու և ահաբեկչական ակտ իրագործելու մեջ։
Հավելենք, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաջողությունն Իրանի համար հսկայական հետևանքներ ունեցավ, սա Իրանը գուցե սկսեց հասկանալ 2020 թվականի հոկտեմբերի վերջերին, երբ Իրանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման առաջարկ ներկայացրեց։ Իհարկե, դրա հետ կապված՝ հայկական կողմը մտահոգություններ ուներ, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը կամ վերականգնումն այդ նախագծի առանցքային կետերից էր: Իսկ արդեն 44-օրյա պատերազմից հետո Իրանը ևս մեկ անգամ շնորհավորել էր Ադրբեջանին պատերազմում տարած հաղթանակի առիթով:
Դրվագ երրորդ
2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020 հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, իսկ հաջորդ օրը վերջինը տեղեկացրել է, որ հրադադարի համար ադրբեջանական կողմը նախապայման ունի: Այն է՝ ակնկալում է, որ առանց մարտի իրենց հանձնվի Ֆիզուլին և հայկական ուժերն Արաքսի երկայնքով նահանջեն մինչև Խուդաֆերինի ջրամբար՝ այնպես, որ ջրամբարը լինի Ադրբեջանի վերահսկողության տակ, և նրանք կարողանան այնտեղից ջուր վերցնել ոռոգման նպատակով:
«Ասացի, որ նախապայմաններն ընդունելի չեն, քանի որ ՌԴ նախագահի հետ պայմանավորվել էինք, որ հրադադարը պետք է հաստատվի առանց նախապայմանների, և հետո, նույնիսկ, եթե ես համաձայնվեմ զորքերի նահանջին, ոչ մի երաշխիք չկա, որ նահանջի ընթացքում Ադրբեջանը չի շարունակի հարձակումը: Այնուամենայնիվ, որոշակի ճկունություն ցուցաբերեցի՝ արձանագրելով, որ Խոդաֆերինի ջրամբարից ջրի համատեղ օգտագործումը հնարավոր է, այսինքն՝ ԼՂ-ն, կարծում եմ, կարող է չխոչընդոտել ջրամբարից Ադրբեջանի ջուր վերցնելուն»,- շարունակել էր Փաշինյանը:
Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցով հեռախոսազրույց չի ունեցել Իրանի առաջնորդի հետ, քանի որ խոսքն Արցախի և Իրանի սահմանին էր առնչվում։ Թե որքանով է քաղաքական այս ճկունության հետ համաձայն եղել իրանական կողմը, կարող ենք միայն ենթադրություններ անել: Բայց չի բացառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին հարավային ուղղությամբ սրան հաջորդել են հայկական կողմի նահանջները, թեև մեզ տված հարցազրույցներից մեկում ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը նշել էր, որ «առաջին նահանջներն այդ հատվածում հոկտեմբերի 15-ից են սկսվել, իսկ վերահսկողությունը կորցնելը Խուդաֆերինի կամուրջի եղել է հոկտեմբերի 18-19-ին»:
Իսկ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում»:
Այսօր Տիրան Խաչատրյանը հարավային ուղղությամբ նահանջների հետ կապված անցնում է քրեական գործով։
Արդյո՞ք Անդրանիկ Քոչարյանին ոգևորության առիթ տված 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը տալիս է բոլոր հարցերի պատասխանը՝ ճիշտ թիրախավորմամբ, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Փոխարենը նշենք, որ պատերազմից հետո՝ 2021 թվականին, հայտնի դարձավ, որ Իրանի և Ադրբեջանի կառավարությունները հավանություն են տվել Արաքս գետի վրա «Խուդաֆերին» և «Գիզ Գալասը» հիդրոէլեկտրակայանների կառուցման շարունակմանը: Ավելին, ավելի ուշ տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։

Իսկ 2024 թվականի մայիսին 19-ին այդ ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել էին Արաքս գետի վրա տեղակայված «Գիզ-Գալասը» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությանը, որին հաջորդել էր ողբերգական ավիավթարը:
2025 թվականի մայիսին էլ անցկացվել էին Ադրբեջան-Իրան «Արազ-2025» զորավարժությունները, ընդ որում, օկուպացված Արցախի տարածքներում և հենց հարավային ուղղությամբ, ինչը, իհարկե, ադրբեջանական կողմից փորձել էին ներկայացնել ոչ միայն երկու երկրների զինված ուժերի ամրապնդմանը միտված և դրանց նոր որակ հաղորդելու ռազմական քայլ, այլ աշխարհաքաղաքական հարված Հայաստանին, հատկապես, երբ 2024 թվականին Իրանը և Ադրբեջանն Իրանի Արդաբիլ նահանգում էին անցկացրել «Արազ-2024» քառօրյա համատեղ զորավարժությունները, որին մասնակցել էին ադրբեջանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները: Թե որքանո՞վ էր օկուպացված Արցախում ադրբեջանա-իրանական զորավարժությունների անցկացումն աշխարհաքաղաքական հարված Հայաստանին, կամ՝ արդյո՞ք Իրանը դրա տակ այսօրինակ մեսիջ է դրել, ՀՀ-ում Իրանի դեսպանը նույն ժամանակ հիշեցրել էր՝ «ոչ մի «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, ոչ մի բան չի կարելի լուծել զոռով» հայտարարության առնչությամբ:
Բայց այս թեմայով Ադրբեջան-Իրան տարաձայնությունը չի խանգարել, որ Թեհրանը և Բաքուն փորձեն տարբեր ոլորտներում համագործակցության եզրեր գտնել և նախագծեր մշակել, նոր որակ հաղորդել երկկողմ դիվանագիտական և ոչ դիվանագիտական հարաբերություններին, բայց այսօր ամեն ինչ այլ ընթացք ունեցավ: Իսկ մենք այս ամենը չենք հիշեցրել չարախնդորեն, այլ բերված փաստերը նրա համար են, որ չի կարելի երբեք հավատալ հակառակորդին, որի հետ հատկապես չլուծված լրջագույն խնդիրներ ունես: Սա նաև Հայաստանին է վերաբերում:




