Ֆոն դեր Լայենը հայտնել է, որ էներգակիրների գնաճի պատճառով իրանական պատերազմը միլիարդավոր դոլարներ է արժենում իրենց համար
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ էներգակիրների ներմուծման տեսանկյունից իրանական պատերազմը Եվրամիության 27 անդամ երկրների քաղաքացիների վրա արդեն արժեցել է մոտ 3 միլիարդ եվրո (3.5 միլիարդ դոլար)։ Այդուհանդերձ, նա կարծիք է հայտնել, որ Եվրոպան ռազմավարական սխալ կգործի, եթե փորձի մեղմել էներգակիրների գների աճը՝ վերադառնալով ռուսական բրածո վառելիքին։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։
«Գազի գները բարձրացել են 50%-ով, իսկ նավթի գները՝ 27%-ով։ Եթե դա վերածենք եվրոյի, պատերազմի 10 օրն արդեն եվրոպացի հարկատուներին արժեցել է լրացուցիչ 3 միլիարդ եվրո բրածո վառելիքի ներմուծման համար», – Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հայտարարել է ֆոն դեր Լայենը։
Նա մերժել է ԵՄ-ին ուղղված կոչերը՝ վերադառնալ ռուսական էներգիա գնելուն, ինչը կազմակերպությունը դադարեցրել է 2022 թվականին սկսված ռուս-ուկրաինական պատերազմից հետո։



