Իմաստների իշխանությունը՝ ընդդեմ իշխանության իմաստների

Որևէ իշխանության առաքելությունը, բացի սահմանադրական պարտավորությունների կատարումից, ընթացիկ կառավարումից, նաև հանրության համար գերակա արժեքների, գաղափարների, նորմերի, երազանքների ստեղծումն է: Բոլոր այդ հասկացություններն, ի վերջո, հանգում են իմաստներին, որոնցով և հանուն որոնց հասարակություններն ու պետությունը կամ առաջադիմություն, կամ հետադիմություն են ապրում:

Հանրության և պետության զարգացման ուղղվածությունը՝ զարգացումը կամ դեգրադացիան, անտեսանելի թելերով կապված են հանրության համար ստեղծվող ու ամենատարբեր խողովակներով դրանում ներդրվող իմաստներից:

Հավակնոտ, հեռանկարային, վերառօրեական իմաստները հանրությանն ինչ-որ չափով կտրում են կենցաղի ճղճիմությունից, ստիպում են մտածել ոչ միայն այսօրվա ու ոչ միայն սեփական անձի, այլ նաև ապագայի, այդ ապագայում հավաքական նպատակների հասնելու, անհատականից բացի, նաև համահասարակական բարիք ստեղծելու մասին: Եվ հակառակը՝ որքան ավելի պարզունակ ու կենցաղային են որպես իմաստներ քաղաքացիներին ներարկվող պատումները, որքան դրանք սեղմվում են դեպի անհատի այսրոպեական բարեկեցության հարթություն, այնքան պրիմիտիվ է դառնում հասարակությունը և որպես հետևանք՝ պետությունը:

Իմաստաստեղծման այս գործընթացում Հայաստանի իշխանության անկումը, ինչպես բացասական իմաստով նրա արձանագրած բոլոր արդյունքները, աննախադեպ է:

Կարդացեք նաև

Ընդամենը մի քանի տարվա ընթացքում իմաստների հարթությունում ազգի, հասարակության, պետության գոյության նպատակի նշաձողն իջեցվել է լավ ապրելու, կուշտ ուտելու, ֆեստիվառներին մասնակցելու ու էժան տոմսով ճամփորդելու հնարավորության նշաձողին, որը որևէ աղերս չունի պետության, պետականության գաղափարի, առավել ևս՝ զարգացման ու հզորացման տեսլականի հետ: Պրոգրեսիվ և ռեգրեսիվ իմաստների հավասարակշռության խախտումը վերջինի օգտին, պետությունը տանում է այնտեղ, դեպի ուր այսօր սլանում է Հայաստանը, և որի վերջնական  հանգրվանն անբովանդակ պետությունն է՝ սոսկ կուշտ կերած մարդկանց ապրելատեղիի մեխանիկական նշանակությամբ:


Իմաստների պայքարում գլխավոր մրցակցությունը նյութականի ու հոգևորի հարաբերակցությունն է, որի հավասարակշռումն էլ յուրաքանչյուր իշխանության, ավելի լայն առումով՝ էլիտաների խնդիրն է: Հայաստանի ներկայիս ողբերգությունների պատճառն այն է, որ նոմինալ առումով էլիտաների տեղը բռնազավթած ու մնացած բոլոր իրական էլիտաներին թշնամի հռչակած իշխանության նպատակը ոչ թե հավասարակշռության ապահովումն է, այլ ճիշտ հակառակը՝ դրա խախտումը հօգուտ նյութականի այնքան ու այնպես, որ Հայաստանում բնակվողներն ապրեն միայն ֆիզիկական զգայարաններով՝ աշխատեցնելով բոլոր օրգանները, բացառությամբ ուղեղի: Ու նաև առանց հոգու, բնականաբար:

Առաջիկա ընտրություններում գործող իշխանությանը խորքային իմաստով հաղթելու իրական ճանապարհը գերակայությունն է իմաստների համար պայքարում: Հակառակ դեպքում մեծ թվով մարդկանց համար Հայաստանում ապրելն այլևս իմաստ չի ունենալու: Ուղիղ և փոխաբերական իմաստներով:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս