ԱՐԱ՛, ՊԵՏՈՒԹՅԱՆԴ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՂԱՐԱԲԱՂՑԻ Է. Ո՞ՆՑ ԵՍ ԿԱՆԳՆՈՒՄ ԱՍՈՒՄ՝ ՄՈՌԱՑԵ՛Ք… ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ

Էդգար Էլբակյանն առայժմ շատ տխուր է պատկերացնում Հայաստանի ապագան՝ նշելով, որ «հիմա նախացեղասպանական վիճակում ենք», սակայն համոզված է, որ հայ ազգային ինքնությունը ոչնչացնելու և «ՔՊ-ական ինքնություն» ստեղծելու փաշինյանական փորձերը ձախողված են։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում խոսելով ազգային ինքնության, հայրենիքի և պետության նույնության ու տարբերությունների և ներկա գործընթացների թեմայի շուրջ՝ քաղաքագետ Էդգար Էլբակյանը պատասխանեց այն կարևոր հարցերին, թե ի՞նչ է ընդհանրապես Հայաստանը և ինչի՞ մասին է Հայաստանը։

Քաղաքագետը շեշտում է՝ Հայաստանն ազգային պետություն է։

«Ես շատ տխուր եմ պատկերացնում Հայաստանի ապագան, որովհետև հարցը բազմակարծությունը չէ։ Գիտեք, մենք կարող ենք ունենալ շատ առողջ հասարակություն, որտեղ մարդիկ չհամաձայնեն հարկային օրենսգրքի կամ դպրոցներում մեկ ընդհանուր համազգեստի հարցի շուրջ, բայց երբ մենք վիճում ենք այն մասին, թե Հայաստանն ի՞նչ է, ապրելով մի հասարակության մեջ, և հստակորեն կա մի գաղափարափիլիսոփայական ճամբար, որ ասում է՝ Հայաստանը պատմաքաղաքակրթական շարունակությունն է։ Եթե մենք ասում ենք՝ ցեղասպանություն մոռանանք, Ղարաբաղ մոռանանք, Տիգրանաշեն, հողային հարց, Խորենացի, Մասիս սար, բա էլ տակը ի՞նչ է մնում՝ պարզապես մեր կենսաբանական պահունա՞կը։ Հայաստանն ազգային պետություն է կամ գոնե իդեալում այդպիսին պիտի լիներ»,- նշեց Էդգար Էլբակյանը։

Կարդացեք նաև

Քաղաքագետը պարզաբանում է, որ Հայրենիքը զուտ նյութականով՝ ճանապարհներով, մանկապարտեզ ու ռեստորանով, այլ ոչ թե հոգևոր ու ազգային արժեքներով չափելու Փաշինյանի վարքագիծն Արցախի ուրացման ընդհանուր պատկերի մեջ շատ բնորոշ է մերօրյա քաղաքականությանը, քանի որ կրոնների և եկեղեցու դերի ժամանակավոր թուլացման հետ քաղաքականությունն է վերածվել կրոնի մի տեսակի, սակայն լավ լուրն այն է, որ արդեն աստիճանաբար մտնում ենք հաջորդ տրանսֆորմացիոն փուլը, երբ կրոնն ու եկեղեցին կրկին արժևորվում են։

«Երբ ինքը հայտարարում է, որ Արցախում մանկապարտեզ ու դպրոց չի կառուցվել, ու մարդիկ ծափ են տալիս, մի՛ զարմացեք, որովհետև ինքը դիմում է մարդկանց ինքնութենական հատվածին, մարդկանց էմոցիոնալ հատվածին։ Դա նրանց ինքնությունն է դարձել։ Իրենք սա ինքնություն են սարքել։ Փաստացի ես սա կանվանեմ հակահայկականություն, և տեսեք՝ ինչպես է դա կառուցվել։ Ինքնությունը կառուցվում է այնտեղ, երբ դու կարողանում ես նախ բաժանել «մենք»-ի ու «նրանք»-ի և ամենակարևորը՝ կարողանում ես մարդկանց բացատրել իրենց տառապանքների պատճառը։ Նրանք փորձում են համոզել, որ՝ «դուք տառապում եք հայ լինելու պատճառով»։ Իհարկե, իրենք ձևակերպում էին, որ՝ «դուք տառապում եք Ղարաբաղի պատճառով»։

Պարզ էր, որ իրականում Ղարաբաղը չի հարցը, այլ ազգային պայքարը, պարզապես իրենք դա քողարկում էին, որ դա կոնֆլիկտ է, ռեսուրսների ծախս է, այս է, այն է։ Հիմա արդեն դարձել է. «Լավ չեք ապրելու, քանի նայում եք Մասիս սարին։ Լավ չեք ապրելու, քանի Մաշտոցը QR կոդ չի դարձել։ Լավ չեք ապրելու, քանի Րաֆֆի եք կարդում, Խորենացի եք կարդում», և այսպես շարունակ։ Նա պատահական չի ասում, թե [2023-ի] սեպտեմբերի 19-ը Հայաստանի անկախացման օրն ա։ Սա ինքնությանը լիբերալ մոտեցման ամենագռեհկացված ձևն է, երբ դու «ազատագրվում ես» ինքդ քեզնից՝ քո ինքնությունից»,- մեկնաբանեց քաղաքագետը։

Խոսելով տարածքների հանձնման քողարկված գործընթացի և դրա շուրջ խոսակցությունների մասին՝ Էդգար Էլբակյանը նշեց.

«Վստահ եմ՝ առաջինը Տիգրանաշենն է, կամ միգուցե սկսեն, այսպես կոչված՝ Սոֆլու-Բարխուդարլուից Տավուշի մարզում։ Կախված է, թե ընտրություններն ինչպես կանցնեն, եթե իրենք անցնեն՝ ի՞նչ առավելությամբ, մարդիկ ինչքանով պատրաստ կլինեն։ Մի քիչ ցավալի բան եմ ասում մեզ համար, բայց թուրքերն ուղղակի նայում են՝ որտեղ են իրենց թշնամիներն ավելի թույլ։ Քեմալն, օրինակ, 1920 թ. մայիսին որոշում էր՝ հույների վրա՞ հարձակվի, թե՞ հայերի։ Տեսավ՝ հայերն ավելի թույլ են, որոշեց հայերից սկսել…

Հիմա իրենք էդպես նայում են՝ որպես թույլ ինչ-որ մի ռազմաճակատի, թե՝ «լավ, որտեղի՞ց ավելի հարմար է՝ սկսենք», էդպես Հայաստանը դրած տորթի պես կտրում են, բայց Տիգրանաշենը միանշանակ ուզում են հանձնել, իսկ հանձնվելու դեպքում այն վերածվելու է ադրբեջանական ռազմակայանի. ուրիշ նշանակություն այն ադրբեջանցիների համար չունի։ Գորիս-Կապան ճանապարհը խաղուպար է թվալու դրա դիմաց. Երևանի քթի տակ ռազմաբազա է լինելու։ Հին մարդիկ պիտի որ հիշեն՝ խորհրդային տարիներին ադրբեջանցիները Տիգրանաշենի դիմացի բլրի վրա մեծ տառերով գրել էին Բրեժնևի հայտնի խոսքը. «Широко шагает Азербайджан». հայերի դեմ հոգեբանական բռնության ևս մի ձև»։

Էլբակյանը նաև հավելեց. «Ընդհանրապես, մեր պետության հիմնադիրը, սա որ ասում է՝ պետություն, պետություն, արա՛, պետությանդ հիմնադիրը ղարաբաղցի է. Արամ Մանուկյանը ղարաբաղցի է։ Բացի այն, որ Արամ Մանուկյանն արցախցի է, Սարդարապատի ճակատամարտի ելքը վճռել է ղարաբաղյան հեծելազորը… Եթե սկսենք էդպես խմբերի բաժանել, այս պետության համահիմնադիրները սասունցիներն ու մշեցիներն են, որոնք Արագածի փեշերը մաքրել են… Այսինքն ո՞նց ես կանգնում, ասում՝ մոռացե՛ք։ Մարդիկ կան։ Հիմա տուր ու սպանիր մեղրաձորցուն, որ մոռանա, որ իրենք եկել են Արծափ գյուղից։ Դնես, ջնջե՞ս էդ մարդկանց հիշողությունը»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031