Թեհրանն ու Մոսկվան պայքարում են «3+3» ձևաչափի համար, Երևանն ու Բաքուն հետաքրքրված չե՞ն

Չնայած Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների ու Թուրքիայի աճող ազդեցությանը՝ ինչպես Երևան-Բաքու վաշինգտոնյան պայմանավորվածությունների, այնպես էլ մերձավորարևելյան զարգացումների՝ Գազայում պատերազմն ավարտելու Թրամփի նախաձեռնության կոնտեքստում,  Ռուսաստանն ու Իրանը շարունակում են ռեգիոնում առաջ մղել ազդեցության ռեգիոնալ հարթությունը, հույսեր կապելով  «3+3» ձևաչափի հետ։

Բաքվում այս օրերին  տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության,  Իրանի Իսլամական Հանրապետության ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված տարածաշրջանում ենթակառուցվածքային համագործակցության և տրանսպորտային կապի ամրապնդման հարցերին, հանդիպմանը մասնակցեցին Ռուսաստանից փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ԻԻՀ-ից Տրանսպորտի ու քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեգը, իսկ Ադրբեջանից ՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Եվ այս հանդիպմանն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Մուստաֆաևն անդրադարձել է ռեգիոնալ «3+3» ձևաչափին։ Նա մասնավորապես նշել է, որ  տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության, բարգավաճման և համագործակցության ապահովման նախաձեռնությունների ամրապնդումը կարևորագույն նշանակություն ունի բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման համար։

Շահին Մուստաֆաևն ասել է, որ այս համատեքստում աճում է «3+3» տարածաշրջանային խորհրդակցական մեխանիզմի արդիականությունը։ «Այս նախաձեռնությունը լրացնում է առկա երկկողմ և այլ համագործակցության ձևաչափերը, ամրապնդում է տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և ստեղծում է տնտեսական աճի և առաջընթացի նոր հնարավորություններ»,- նշել է նա։

Կարդացեք նաև

Օրերս էլ Հայ-ռուսական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել էր՝ «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպումը նախատեսվում է անցկացնել մինչև տարեվերջ կա՛մ Երևանում, կա՛մ Բաքվում։ «Մենք ներկայումս կապի մեջ ենք Հայաստանի և Ադրբեջանի հետ, քանի որ կա առաջնահերթության հարց։ Հայկական և ադրբեջանական կողմերը պատրաստ են հյուրընկալել նման հանդիպում։ Նրանք պետք է համաձայնեցնեն առաջնահերթության հերթականությունը, և մենք, իհարկե, ամեն կերպ աջակցում ենք դրան»,- ասել էր Կոպիրկինը։ Դեսպանի խոսքով՝ այս հարթակի բոլոր մասնակիցները կարծում են, որ սա օգտակար և ժողովրդական ձևաչափ է, և, որ տարածաշրջանի պետություններն իրենք պետք է կարևոր դեր խաղան տարածաշրջանի խնդիրների լուծման գործում։

Օգոստոսի Երևան-Բաքու վաշինգտոնյան պայմանավորվածություններին հաջորդել էր Իրանի ու Ռուսաստանի ղեկավարների հեռախոսազրույցը, որի ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, թե Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափն ավելի արդյունավետ մեխանիզմ է Հարավային Կովկասի խնդիրները լուծելու համար, քան Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային էլ վերջերս հայտարարել էր, թե անկախ Հարավային Կովկասից դուրս զարգացումներից, տարածաշրջանային երկրները եկել են այն եզրակացության, որ այդ ձևաչափը պետք է ակտիվ պահել, ուստի անհրաժեշտ է ջանքեր գործադրել վեճերի լուծման և արտատարածաշրջանային սուբյեկտների միջամտությունը կանխելու նպատակով այս մեխանիզմի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այս ձևաչափի թեմային անընդհատ անդրադառնում է նաև ռուսական կողմը տարբեր մակարդակներով։

Հարավային Կովկասում վերջին ամիսներին նկատվող աշխարհաքաղաքական վերադասավորումների ֆոնին ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում կայունորեն աճում է։ Վաշինգտոնը փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ առաջ մղելով խաղաղության գործընթացները՝ զուգահեռաբար խորացնելով կապերն ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի հետ։ Թուրքիան, իր հերթին, ըստ մի շարք գնահատականների, օգտվում է ստեղծված հնարավորությունից՝ իր ազդեցությունը տարածելով ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային ոլորտում՝ ձևավորելով միջանցքային և տրանսպորտային նախաձեռնությունների  օրակարգ, ավելի լայն առումով՝ թուրքական ինտեգրացիա։

Այս ուժային դաշտում Իրանն ու Ռուսաստանը հանդես են գալիս «3+3» ձևաչափի ակտիվացման նախաձեռնությամբ։ Իրանական և ռուսական շահերն այստեղ համընկնում են՝ երկուսն էլ ձգտում են սահմանափակել արևմտյան ներգրավվածությունը՝ խոչընդոտելով Հարավային Կովկասի ինտեգրումն արևմտյան անվտանգության կամ էներգետիկ համակարգերին։ Այս ձևաչափն, ըստ էության, դիտարկվում է որպես հարթակ, որտեղ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն «ներքին դերակատարների» միջոցով՝ առանց արտաքին ուժերի ներգրավման։

«3+3»-ն իրականում ոչ այնքան համագործակցության, որքան ազդեցության պահպանման գործիք է։ Ռուսաստանը փորձում է վերականգնել կորցրած ազդեցությունը կամ գոնե պահպանել՝ հատկապես Ուկրաինայի պատերազմի պայմաններում իր սահմաններից դուրս վերահսկելի միջավայր ստեղծելով և չգրանցելով էլ ավելի մեծ կորուստներ։ Իրանը, իր հերթին, ձգտում է կանխել թուրք-ամերիկյան առանցքի խորացումը՝ օգտագործելով այս ձևաչափը՝ որպես դիվանագիտական հակակշիռ և սեփական տարածաշրջանային ներկայությունը ամրապնդելու միջոց։

Այնուամենայնիվ, «3+3»-ի արդյունավետությունն ու հեռանկարայնությունը մնում է կասկածելի և դրա համար կան մի շարք պատճառներ։ Վրաստանը շարունակում է  հրաժարվել մասնակցել այս հարթակին, ինչպես նաև Հայաստանն ու Ադրբեջանն այս հարթակի ուղղությամբ խուսափողական քաղաքականություն են վարում, ինչը ցույց է տալիս, որ նախաձեռնությունը դժվար թե դառնա իրական հավասարակշռող մեխանիզմ, քանի որ այն ընկալվում է որպես Ռուսաստանի և Իրանի ռեգիոնալ ազդեցությունը պահպանելու փորձ՝ արևմտյան նոր խաղացողների աճող ներկայության պայմաններում։ Պատահական չէ թերևս, որ Մուստաֆաևը կիրառել է «խորհրդակցական մեխանիզմ» եզրույթն այս հարթակի վերաբերյալ, ինչը հարթակին չի տալիս լիրազորությունների լայն շրջանակ։

Երևանն ու Բաքուն զգուշավոր են վերաբերվում այս հարթակին՝ տարբեր պատճառներով։ Հայաստանի իշխանության վարած քաղաքականությունը հաշվի առնելով, «3+3»-ում Հայաստանի ակտիվ մասնակցությունն Արևմուտքում կընկալվի՝ որպես Երևանի հետքայլ արևմտյան ինտեգրացիայի  ռազմավարությունից։ Ադրբեջանն  իր հերթին՝ ևս խուսափում է հարթակի ակտիվացումից, քանի որ չի ցանկանում ավելորդ կախվածություն Իրանից և Ռուսաստանից՝ փորձելով ամրապնդել հարաբերությունները Թուրքիայի ու Արևմուտքի հետ։

Ուստի,  թեև «3+3»-ը  հռչակված է որպես խորհրդատվական  տարածաշրջանային մոդել, այն իրականում ընկալվում է որպես Ռուսաստանի ու Իրանի ազդեցության պահպանման գործիք, ինչը և սահմանափակում է Երևանի ու Բաքվի ներգրավվածության պատրաստակամությունը։ Դա է ,թերևս, պատճառը, որ Երևանն ու Բաքուն ամիսներ շարունակում չեն համաձայնեցնում հարթակի հերթական հանդիպման անցկացման վայրը, որը պետք է լինի կամ Երևանը, կամ Բաքուն։

Տեսանյութեր

Լրահոս