Նոր էջ է բացվում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում. Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ իրենց դեմ փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի նախաձեռնած պատերազմից հետո նոր էջ է բացվել Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի համար։ Ինչպես հաղորդում է իրանական լրատվամիջոցները, Խամենեին Պարսից ծոցի ազգային օրվա առթիվ ապրիլի 30-ին հայտարարություն է տարածել։
«Այսօր՝ տարածաշրջանի դեմ աշխարհի խոշորագույն արշավից ու ագրեսիայից, ինչպես նաև սեփական ծրագրերում Ամերիկայի ամոթալի ձախողումից երկու ամիս անց նոր գլուխ է բացվում Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում»,- ասվում է նրա հայտարարության մեջ։
Խամենեին ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի նոր կառավարումը «հանգիստ և առաջընթաց», ինչպես նաև «տնտեսական օգուտներ կբերի» Պարսից ծոցի բոլոր երկրներին։ Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Պարսից ծոցում միակ տեղը, որտեղ ամերիկացիները կարող են լինել, «դրա ջրերի խորքն է»։
Նրա խոսքով՝ «Պարսից ծոցի տարածաշրջանի պայծառ ապագան կլինի առանց Ամերիկայի և կծառայի տարածաշրջանի ժողովուրդների առաջընթացին, հարմարավետությանը և բարգավաճմանը»։
Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Թեհրանը կապահովի Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգությունը և կվերացնի «ջրային ուղիների թշնամու չարաշահումները»։



