ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին հատկացումներն ավելացնող օրինագիծը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովն ընդունել է Ազգային անվտանգության, Պետդեպարտամենտի և հարակից ծրագրերի հատկացումների օրինագիծ 2027 թվականի ֆինանսական տարվա համար: Օրինագիծը նախատեսում է ընդլայնված աջակցություն Հարավային Կովկասի երկրների, այդ թվում և Հայաստանի համար։

Փաստաթղթում մասնավորապես ասվում է. «Հանձնաժողովը միջոցներ է հատկացնում Հարավային Կովկասի երկրներին՝ Միացյալ Նահանգների ռազմավարական շահերը առաջ մղելու համար՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության, ինտեգրման և փոխկապակցվածության ընդլայնման ջանքերի միջոցով, ինչպես նաև երկկողմ ռազմավարական գործընկերության կանոնադրություններին ակտիվ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Այս գումարի շրջանակում Հանձնաժողովը նախորդ տարվա համեմատ ավելացնում է Հայաստանի համար նախատեսված աջակցությունը՝ Միջազգային ռազմական կրթության և վերապատրաստման (IMET) և Արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF) ծրագրերով»։

«Հանձնաժողովը վճռականորեն աջակցում է Միացյալ Նահանգների ջանքերին՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն առաջ մղելու, ինչպես նաև տարածաշրջանի երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ամրապնդելու ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում՝ անդրադարձ կատարելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացմանը։

Մասնավորապես, նշվում է, որ պետքարտուղարը օրենքի ընդունումից հետո 90 օրվա ընթացքում պետք է Կոնգրեսին ներկայացնի մանրամասն զեկույց՝ ԹՐԻՓՓ-ի շրջանակում միջոցների բաշխման և ձեռնարկված գործողությունների վերաբերյալ:

Նշվում է, որ այդ հաշվետվությունը պետք է նշի իրականացնող գործընկերներին, այդ թվում՝ ներդրումային ֆինանսավորում տրամադրողներին, և նկարագրի համապատասխան դաշնային այլ գործակալությունների՝ Զարգացման միջազգային ֆինանսական կորպորացիայի (DFC) և Առևտրի ու զարգացման գործակալության դերը՝ աջակցելու ԹՐԻՓՓ-ի կառուցմանը, զարգացմանը և դրա հաջող շահագործման ապահովմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930