Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց․ Վերոնիկա Զոնաբենդ․ Մեդիամաքս

Ռուբենը և շատ մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում են, բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց: Մեդիամաքսի հետ զրույցում ասել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։

– Վերջերս Ռուբենը դիմել էր Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին: Ի՞նչն էր Ձեզ համար ամենակարեւորն այդ դիմումի մեջ, եւ ի՞նչ արձագանք էիք ակնկալում:

– Ամենակարեւորն այն էր, որ նա խնդրում էր ամենատարրական բաների մասին՝ ընտանիքի հետ կապի, գրքեր եւ ծանրոցներ փոխանցելու հնարավորության, հարազատ մարդու հետ տեղի ունեցողի մասին տեղեկացված լինելու ընտանիքի իրավունքի մասին:

Երբ մարդը գրեթե երեք տարի գտնվում է անազատության մեջ, նման բաները դադարում են կենցաղային լինել: Հարազատների ձայնը, երեխայի լուսանկարը, գիրքը, ամենաանհրաժեշտը փոխանցելու հնարավորությունը՝ այս ամենն ուժ է տալիս եւ դառնում ներքին առանցքի մի մաս, որն օգնում է նման անմարդկային պայմաններում պահպանել արժանապատվությունն ու հարգանքը սեփական անձի հանդեպ:

Մեզ համար շատ կարեւոր է մեկնել Բաքու եւ տեսնել մեր հարազատներին: Բայց նման ուղեւորությունը չի կարող կախված լինել միայն հարազատների անձնական վճռականությունից: Ուղեւորությունը պետք է նախապատրաստվի հստակ պետական եւ միջազգային երաշխիքների ներքո՝ անվտանգ մուտք, այցելություն, կեցություն եւ վերադարձ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան, սակայն քաղաքացիության պետությունը պետք է հնարավոր բոլոր դիվանագիտական եւ հումանիտար խողովակներով հասնի իր քաղաքացիների եւ նրանց ընտանիքների անդամների պաշտպանությանը: Սա միջազգային նորմալ պրակտիկա է, այլ ոչ թե քաղաքական պահանջ:

Հասկանում եմ, որ ցանկացած ինստիտուտ ունի լիազորություններ, ընթացակարգեր, սահմանափակումներ: Բայց լինում են իրավիճակներ, երբ միայն ձեւական պատասխանը քիչ է: Ընտանիքները ոչ միայն իրավական ձեւակերպման են սպասում: Նրանք ակնկալում են մարդկային վերաբերմունք, որ ինչ-որ մեկը կփորձի ճանապարհ գտնել եւ ջանք կգործադրել՝ օգնելու իր հայրենակիցներին: Անգամ եթե ընդունենք, որ այս կամ այն պաշտոնատար անձի մանդատը որոշակի գործողություններ չի նախատեսում, կամքի առկայության դեպքում կարելի է սեփական քաղաքացիների շահերը պաշտպանելու այն մեխանիզմներ գտնել:

Ինձ անհանգստացնում է ոչ միայն կոնկրետ պատասխանը։ Ինձ անհանգստացնում է այն, որ այս թեմային կարելի է հարմարվել։ Հարմարվել այն մտքին, որ հայրենակիցները պատանդի կարգավիճակում մնում են անազատության մեջ։ Որ ընտանիքները չեն տեսնում իրենց ամուսիններին, հայրերին, որդիներին։ Որ երեխաները մեծանում են՝ առանց հարազատ մարդուն գրկելու հնարավորության։ Այդ հարմարվելը շատ վտանգավոր է. այն աննկատ փոխում է հասարակությունը։

Ես չեմ ուզում մարդու հանդեպ վերաբերմունքը չափել միայն նրա վաստակով։ Բայց չի կարելի մոռանալ՝ Ռուբենը եւ շատ մարդիկ, ովքեր այսօր գտնվում են Բաքվի բանտերում, շատ մեծ գործ են արել Հայաստանի համար։ Մեկը ծառայել է, մյուսը՝ պաշտպանել, մեկ ուրիշը երկար տարիներ աշխատել է հանուն երկրի եւ նրա ապագայի։ Ինձ թվում է՝ նրանք բավականաչափ բան են արել Հայրենիքի համար, որպեսզի այսօր Հայրենիքը գոնե օգնի ընտանիքներին տեսնել նրանց։

Ես չեմ խոսում քաղաքականության մասին։ Ես խոսում եմ մարդկային վերաբերմունքի մասին։ Յուրաքանչյուր անվան հետեւում կանգնած է կոնկրետ մարդու եւ նրա ընտանիքի կյանքը՝ անկախ նրանից, թե ով է այդ մարդը եւ որքանով նա հայտնի է:

Ռուբենը պատմում էր, որ հայ գերիներից մեկը 75 տարեկան է, նա 17 թոռ ունի։ Ինչպե՞ս բացատրել նրանց, որ այն մարդը, ում նրանք սիրում են եւ հպարտանում են նրանով, բանտում է հայտնվել միայն նրա համար, որ հայ է, ապրել է իր պապերի հողի վրա, եւ որ իր հարազատներից բացի դա ոչ ոքի չի հետաքրքրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930