Փաշինյանի ու Ալիևի գլխավոր կոնսենսուսը․ ի՞նչ հարցեր քննարկվեցին Կոպենհագենում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ ձևավորված Եվրոպական քաղաքական համայնքն իր 7-րդ նիստն անցկացրեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում։ Ինչպես այս՝ ներկայումս հակառուսականի վերածված հարթակի գրեթե բոլոր նախկին գագաթնաժողովների ընթացքում, այս անգամ ևս Փաշինյանն ու Ալիևը մասնակցեցին գագաթնաժողովին: Ավելին՝ Փաշինյանի ու Ալիևի ավտոմեքենաները գագաթնաժողովի սրահին մոտեցան գրեթե միաժամանակ՝ իրարից անմիջապես հետո։

Որոշ ժամանակ անց նաև տեղեկատվություն տարածվեց, որ Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են։ Այս հանդիպումից տարածված տեսանյութում ակնհայտ երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը մտահոգ դեմքի արտահայտությամբ ինչ-որ հարցեր են քննարկում փոքրիկ կլոր սեղանի շուրջ, ակտիվ ժեստեր օգտագործում։ Ի տարբերություն ամիսներ առաջ Ալբանիայում կայացած Փաշինյան-Ալիև, ապա՝ Փաշինյան-Ալիև-Էրդողան ջերմ շփումների, Փաշինյանի կողմից Ալիևին ուղղված սուրճի հրավերին, այս անգամ հանդիպումը, դատելով կադրերից, դժվար կլինի ջերմ որակել։

Փաշինյան-Ալիև շփման դանիական այս տեսարաններից հետո հաղորդագրություն տարածվեց, թե Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են։ Ըստ տարածված հաղորդագրության, կողմերն ընդգծել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը։

«Նրանք վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։

Կարդացեք նաև

Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում «TRIPP» նախագծի իրականացման առաջընթացը՝ մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ»,- ասված էր հաղորդագրությունում։

Նրանք նաև ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը և կարևորել վստահության ամրապնդման միջոցառումների հետագա իրականացման անհրաժեշտությունը և համաձայնել են շարունակել իրենց շփումները։

Հարկ է հիշեցնել, որ այս ամենին նախորդել է ադրբեջանական և թուրքական կողմերից անդրադարձը Սյունիքով գցվելիք երթուղուն, այն որակելով, որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»։ Իլհամ Ալիևն այս ճանապարհը «միջանցք» անվանեց նույնիսկ ՄԱԿ-ի ամբիոնից, օրեր անց նույն ամբիոնից Փաշինյանն անդրադարձավ թեմային՝ նշելով, թե ակնկալում է ադրբեջանական կողմից պարզաբանում՝ ի՞նչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելով, պնդելով՝ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է՝ որպես տարածքային պահանջ Հայաստանից, և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։

Սեպտեմբերի 29-ին ԵԽԽՎ հարթակից Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ թեմային՝ ասելով. «Իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք ցույց տան՝ քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում «Զանգեզուրի միջանցք»:

Եթե դա որևէ կերպ վերաբերում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը, Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն»:

Ադրբեջանի վարչապետը սեպտեմբերի 29-ին մեկ այլ միջազգային հարթակում՝ ԱՊՀ վարչապետների հանդիպմանը, կրկնել էր «Զանգեզուրի միջանցք» տերմինը:

«Տարածաշրջանում առկա նոր իրողությունները հաշվի առնելով՝ սկսվում է ակտիվ աշխատանքը նոր Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ»,- ասել էր Ասադովը։

Նախօրեին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Փաշինյանը ներկայացել էր Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված հայտարարության տեքստի պատճենը ձեռքին՝ ցույց տալով, որ այնտեղ չկա «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում, այլ կա TRIPP:

Նշենք, որ այս ամենը հաջորդեց նրա այցին Մոսկվա, որտեղ Փաշինյանը հանդիպեց ՌԴ նախագահ Պուտինին և մասնակցեց «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին։

Օրերս այս թեմայով ուշագրավ մեկնաբանություններ արեց ադրբեջանցի նախկին դիվանագետ Թոֆիգ Զուլֆուգարովը՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած այցից հետո կտրուկ փոխել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հռետորաբանությունը և այժմ փորձում է մեղադրել Ադրբեջանին։

Զուլֆուգարովի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փաստացի արգելել է Փաշինյանին կատարել Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունները։

Նրա խոսքով՝ Փաշինյանի դիրքորոշումը կոշտացել է Մոսկվայի ճնշման պատճառով։ Ռուսաստանն ու Իրանն ամենաշատը դժգոհ են ստեղծված իրավիճակից, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ նոր բանակցային ձևաչափերը թուլացնում են նրանց ազդեցությունը տարածաշրջանում։

«Տարբեր պատրվակներով Փաշինյանը կհետաձգի ամերիկացիների հետ համաձայնագրի հետ կապված հարցերը կամ կառաջարկի այնպիսի դիրքորոշումներ, որոնք այն անընդունելի կդարձնեն Ադրբեջանի համար։ Այս ամենն, անկասկած, Մոսկվայի ճնշման արդյունք է։ Նա միշտ եղել է Ռուսաստանի կամքի կատարողը և դա ցույց է տվել մեկից ավելի անգամ, նույնիսկ Հայաստանում»,- նշել է Զուլֆուգարովը։

Նա նաև հիշեցրել է, որ «ռուս սահմանապահները «Զանգեզուրի միջանցքում» տեղակայված են 1992 թվականից, և ապագայում նրանց ներկայությունը կարող է համընկնել ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաքելությունների հետ»։

Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո բազմիցս նշվել է, որ կողմերը կարող են դրանք խախտել, քանի որ նման նախադեպեր եղել են։

Ըստ նրա, երբ հակամարտող կողմերի միջև որևէ տարաձայնություն է առաջանում կամ իրավիճակը սրվում է, պատասխանատվությունը գցվում է երրորդ կողմի, տվյալ դեպքում՝ ՌԴ-ի վրա։

«Կարծում եմ՝ դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ կողմերն ակտիվ աշխատում են այս հարցով, գործընթացի նկատմամբ ազդեցություն ունի ոչ թե Ռուսաստանը, այլ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ ԱՄՆ-ն, ուստի, եթե առաջանում է խնդիր, պայմանավորվածությունների խախտում, հենց այդ միջնորդն էլ պետք է այն լուծի։ Սակայն, իմ տպավորությամբ, խնդիրը կրկին օգտագործվող բառապաշարի, որակումների մեջ է, այդտեղ ի՞նչ դերակատարություն ունի ՌԴ-ն»,- ասաց վերլուծաբանը։

Սիմոնովի կարծիքով, այսօր կայացած հանդիպումը, ամենայն հավանականությամբ, ներառել է հենց այս ռեգիոնալ դիսկուրսը։

«Սա միջանկյալ հանդիպում էր, ըստ իս՝ որոշ միջանկյալ հարցեր են քննարկվել, ընթացքում ծագող խնդիրներ, ինչպիսին հենց այս տերմինի հարցն է։ էականն է այն, որ կողմերն ունեն մեկ կայուն կոնսենսուս՝ շարունակել գործընթացն արևմտյան հարթակում, սա նշանակալի հանգամանք է, որը ցույց է տալիս թե երկրների հանձնառությունը, թե ռեգիոնալ իրավիճակը և բոլոր ուժերի հնարավորությունները։

Սա աշխարհաքաղաքական ներկայիս շրջափուլում ամենակարևոր գործոններից մեկն է։ Իսկ կողմերի միջև տարաձայնություններն այս հանդիպմամբ չեն ավարտվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Իրանին, ՌԴ-ն ու Իրանը որոշակի վերապահումով են վերաբերվում պայմանավորվածություններին, բայց սուր հայտարարություններով հանդես չեն գալիս և կենտրոնացած են իրենց արտաքին քաղաքական մյուս խնդիրների վրա։

Այս դեպքում խնդիրներ ունի թե ՌԴ-ն, թե Իրանը, առաջինը՝ Ուկրաինայում, մյուսը՝ Մերձավոր Արևելքում։ Տեսնում ենք, որ իրանցի պաշտոնյաներն այցելում են Մոսկվա, Մինսկ, Անկարա, Մերձավոր Արևելքում գործընթացներ են հասունանում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս