ՌԴ-ն առաջարկում է, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրները քննարկեն Հայաստանի հարցը և կարծիք հայտնեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ. վերլուծաբան

Մինչ հայաստանյան ներքաղաքական կյանքն ապրում է նախընտրական թեժ ռեժիմում, ստվերելով արտաքին քաղաքական շատ հարցեր, այնուամենայնիվ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված աննախադեպ իրավիճակը շարունակում է լայնորեն քննարկվել քաղաքական շրջանակների ու հասարակության շրջանում: Հարցով հատկապես մտահոգ են ՌԴ-ում բիզնես գործունեություն ծավալող անձինք, որոնք գուցե հայտնվեն Ռուսաստանի տնտեսական սանկցիաների և սահմանափակումների թիրախում:

Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Հայաստանի եվրոպական ձգտումներին, հայտարարելով՝ Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, Երևանը՝ վտանգում կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում ԲՐԻԿՍ-ի նախարարական հանդիպմանը մասնակցության արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՌԴ-ն Հայաստանի հետ հարաբերություններ ունի, որոնք սերտ են, բայց ոչ հեշտ։

«Այդ հարաբերությունները սերտ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ՝ դրանք հեշտ չեն»,- ասել էր Սերգեյ Լավրովը՝ պնդելով, թե Արևմուտքը փորձում է Հայաստանը, ԱՊՀ որոշ այլ անդամների նման, իրեն ենթարկեցնել, «խզել ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ Հայաստանի փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»։

«Ճիշտ է, ես լսել եմ, որ վարչապետ Փաշինյանը հիշատակել է, որ ինքը զբաղված է նախընտրական գործերով և չի կարողանա մեկնել Եվրասիական տնտեսական միության առաջնորդների այդ հանդիպմանը։ Դա, իհարկե, տխուր կլիներ, քանի որ սա լավ հնարավորություն է՝ քննարկելու այն բաները, որոնք օդում կախված են»,- հավելել էր ՌԴ ԱԳ նախարարը։

Կարդացեք նաև

Լավրովը նշել էր, որ ԵԱՏՄ անդամ երկրները մայիսին կայանալիք միավորման գագաթնաժողովում կկարողանան քննարկել Հայաստանին Արևմուտքի ազդեցության գոտի ներքաշելու փորձերի հետ կապված հարցերը: «Այժմ, կարծում եմ, օպտիմալ հնարավորություն կլինի քննարկելու այն խնդիրները, որոնք առաջանում են այն պատճառով, որ Եվրոպական միությունը պնդում է Հայաստանին իր ազդեցության գոտի ներքաշելու հարցում, այդ թվում՝ այն արտոնությունները ռիսկի ենթարկելու գնով, որոնք Հայաստանն ունի Եվրասիական տնտեսական միության գծով։

Այս բոլոր հարցերն ազնիվ և անկեղծ քննարկելու հնարավորությունը կհայտնվի մայիսի վերջին շաբաթվա վերջին, երբ Ղազախստանում տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ գագաթնաժողովը»,- ասել էր Լավրովը։ Սրան հաջորդել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի անդրադարձը թեմային, ով նշել էր, թե  Հայաստանի ղեկավարությունն ինչ-որ փուլում ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև, եթե նման որոշում կայացնի։

«Այնտեղ խոսում են Եվրոպական միության հետ մերձենալու ձգտման մասին։ Մենք բազմիցս ասել ենք, որ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի են։ Հայաստանում դա նույնպես շատ լավ հասկանում են, նրա ղեկավարները նույնպես խոսում են այդ մասին, որ այդ բաներն անհամատեղելի են։ Ինչ-որ փուլում նրանք ստիպված կլինեն նման ընտրություն կատարել, եթե որոշեն նման ընտրություն կատարել»,- ասել էր նա «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. KazanForum» ֆորումի շրջանակներում։

Ավելի վաղ ՌԴ նախագահն էր խոսել Հայաստանի եվրաինտեգրացիայի ձգտումների մասին, ասելով, թե ՌԴ-ն կընդունի հայ ժողովրդի ցանկացած որոշում: Նա նաև խոսել էր այդ հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորության մասին: Սա ՌԴ նախագահի երկրորդ անդրադարձն էր թեմային ապրիլի 1-ին Փաշինյանի հետ հանդիպումից հետո:

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի իր արտաքին քաղաքականությունը, ինչը վերաբերում է նաև Հայաստանին: Սակայն, ըստ նրա,  ռուսական կողմը, որպես Հայաստանի Հանրապետության գործընկեր ԵԱՏՄ-ում, ցանկանում է հասկանալ, թե ինչպես է Հայաստանի եվրաինտեգրացիայի օրակարգը համատեղվելու եվրասիական ինտեգրացիային, երբ դրանք ունեն բազմաթիվ հակասություններ:

Բացի այդ, նրա խոսքով, դրանք ոչ միայն համատեղելի չեն, այլև կա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակ, իսկ Ռուսաստանը, ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն հակադիր ճամբարներում են:

«Կարծում եմ՝ Ռուսաստանից բոլոր անդրադարձերն ուղղված են նրան, որպեսզի ստեղծված իրավիճակում մտնի հստակություն: Պարզ է, որ Հայաստանը կարող է որոշել իր արտաքին քաղաքականությունն այնպես, ինչպես ցանկանում է, սակայն Ռուսաստանը կարող է որոշել, որ որոշ հարցեր համատեղելի չեն նաև ՌԴ արտաքին քաղաքականության կամ ԵԱՏՄ-ի հետ:

Սակայն ԵԱՏՄ-ն բազմանդամ կառույց է, և Ռուսաստանն առաջարկում է, որպեսզի անդամ երկրները քննարկեն այս հարցը և կարծիք հայտնեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ում հարցերը կքննարկվեն բոլոր անդամ երկրների մասնակցությամբ: Առաջին դեպքն է, երբ ԵԱՏՄ անդամ երկիրը ԵՄ անդամակցության ցանկություն է ներկայացնում, և սա պետք է քննարկվի, բոլոր երկրները պետք է կարծիք հայտնեն»,- ասաց Եվսեևը:

Սակայն, նրա խոսքով, Ռուսաստանի համար հարցը միանշանակ է: Ըստ նրա, ՌԴ-ն այդ հարցը չի ընդունում և քաղաքականապես, քանի որ առճակատման մեջ է ԵՄ-ի հետ, ինչպես նաև տնտեսապես, քանի որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն տնտեսական տարբեր գոտիներ են, գործում են տարբեր կարգավորումներ:

«Եթե ՀՀ-ն իսկապես սկսի մոտենալ ԵՄ առևտրի գոտուն իր կարգավորումներով, ապա  ԵԱՏՄ-ում ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններն արդեն չեն կարողանա բնականոն գործել: Ուստի սա հարց է, որը պետք է քննարկվի, որպեսզի աշխատանքի ընթացքում խնդիրներ չառաջանան»,- ասաց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031