Հայաստանն օր օրի ավելի է մոտենում ԵՄ-ին․ Արարատ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը արդյունավետ է գնահատել Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքները, որն անցկացվեց Երևանում, մայիսի 5-ին։
Թեմային Արարատ Միրզոյանն անդրադարձավ Լիտվայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին՝ անդրադառնալով հարցին, թե գագաթնաժողովի արդյունքներով ԵՄ-ում ինչ ընկալում կա Հայաստանի մոտեցումների վերաբերյալ։
«Հայաստանի մոտեցումները նախկինում էլ դինամիկ կերպով միշտ ներկայացվել են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ՝ անդամ երկրների գործընկերներին։ Այս գագաթնաժողովը ևս բացառություն չէր։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն օր օրի ավելի ու ավելի է մոտենում ԵՄ-ին։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները, որոնք արտահայտվել են, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որն, ի վերջո, վերածվեց Ազգային ժողովում ընդունված օրենքի»,-ասաց Միրզոյանը՝ նկատի ունենալով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը։




