Իսրայելցի նախարարը կոչ է անում Թուրքիան հռչակել թշնամի պետություն
Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միքի Զոհարը Թուրքիայի հասցեին կոշտ հայտարարություն է արել ՝ կոչ անելով այդ երկիրը հռչակել «թշնամի պետություն»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելական «Srugim» հեռուստածրագրի եթերում Զոհարը հայտարարել է, թե Իսրայելը «գիտի՝ ինչպես պատասխանել իրեն վնասողներին», ապա զգուշացրել, որ Թուրքիան «ծանր գին կվճարի», եթե ընտրի հակամարտության ճանապարհը։
Նա նաև նշել է, որ Թուրքիան միջազգային հարթակներում մեծացնում է ճնշումը Թել Ավիվի նկատմամբ, իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է հակաիսրայելական քաղաքականություն վարելու մեջ։ Հայտարարությունները հնչել են Գազա մարդասիրական օգնություն տեղափոխող «Սումուդ գլոբալ նավատորմ»-ի վրա Իսրայելի ռազմական գործողությունից հետո, որում եղել էին նաև թուրք ակտիվիստներ:
Նշենք, որ միջադեպը քննադատող համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել Թուրքիայի, Իսպանիայի, Պակիստանի, Բրազիլիայի, Հորդանանի և ևս մի շարք երկրների արտգործնախարարներ՝ Իսրայելի գործողությունները որակելով միջազգային իրավունքի խախտում։




