Ադրբեջանը շտապելու պատճառ չունի. Շիրազ Խաչատրյան
Օրերս անդրադարձել ենք Ադրբեջանի համար օկուպացված Կովսականի՝ Զանգելանի ռազմավարական նշանակությանը, և, թե ինչպես այն անցավ Ադրբեջանի վերահսկողությանը:
Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Կովսական քաղաք (Զանգելան), որտեղ հատուկ շեշտել է, որ այն գտնվում է տրանսպորտային միջանցքում, ուստի Ադրբեջանի և ամբողջ տարածաշրջանի համար դառնալու է տրանսպորտային կենտրոն:
«Մեր նախաձեռնությամբ Իրանի սահմանին գրեթե ավարտվել է կամուրջի կառուցումը, և այժմ ընթանում է սահմանային-մաքսային ենթակառուցվածքների ու շենքերի շինարարությունը։ Հավանաբար մի քանի ամսից դրանք նույնպես պատրաստ կլինեն շահագործման, և դա կդառնա միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղով անցնող թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները հսկայական օգուտ կբերեն, որովհետև մարդիկ այնտեղ կապահովվեն աշխատանքով։ Եվ սա հսկայական ներդրում կլինի Զանգելանի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսության մեջ։
Հայաստանի հետ սահմանի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո, Զանգելանը փաստացի կդառնա մեր երկրի միակ շրջանը, որը սահմանային անցակետ կունենա երկու հարևան երկրների հետ։ Տեսեք՝ դա ինչ կարևոր նշանակություն ունի։ Որովհետև դա միաժամանակ և՛ Արևելք-Արևմուտք միջանցքն է՝ ճանապարհ, որը ձգվում է Նախիջևանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, և՛ Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Զանգելանից Աղբենդով դեպի Իրան ու Պարսից ծոց, և այստեղից Նախիջևանով ու Ջուլֆայով՝ դարձյալ դեպի Պարսից ծոց։ Այսպիսով, Զանգելանը կդառնա միջազգային անփոխարինելի կենտրոն։ Մենք դա տեսնում ենք հենց այսպես, և հենց այդպես էլ կլինի, քանի որ մինչ օրս մեր բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել»,- մանրամասնել է նա:
Հիմա այս դեպքում կարո՞ղ ենք ասել, որ Ալիևն այլ ուղղություն այս պահի դրությամբ այնքան էլ չի կարևորում, թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Իջևանով անցնող երկաթուղու վերականգնումը ևս քննարկվում է: Միաժամանակ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա շեշտել է, որ Տավուշում «ադրբեջանական գյուղեր» կան, որոնք պիտի հանձնվեն, մենք էլ ստանանք Արծվաշենը, ընդ որում, սա և՛ տեղավորում է սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ, և՛ ակնարկում է Ալիևի հետ ռազմավարական գործարքի մասին, ինչի առաջարկը շատ ավելի վաղ էր արել:
Հարցն այն է, որ եթե որևէ ուղղությամբ սահմանազատում է արվում, ապա հենց այդ ուղղությամբ քեզ պատկանելիքը, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, պիտի ստանաս, ինչի մասին եթե ժամանակին խոսվում էր, ապա հիմա մի տեսակ շրջանցվում է:
Թե ինչ ռիսկերի է հանգեցնելու «անկլավային» գյուղերի հանձնումը, մեկ անգամ չէ, որ խոսել ենք, որ այն կարող է ոչնչացնել Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ դնել Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը, և այլն:
Բայց քանի որ հարցը դեռ ակտուալ է, և գործնականում դրանց դեռ նոր պիտի անդրադարձ կատարվի, 168.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ՝ այս պահին Ադրբեջանին ձեռնտո՞ւ է Տավուշի ուղղությամբ սահմանազատման երկրորդ փուլը, եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ ինչո՞ւ, ե՞րբ դրա անհրաժեշտությունը կզգացվի, կամ՝ Արծվաշենի վերադարձը զուտ քաղաքական և բարոյական նշանակություն ունի՞, թե՞ ավելին:
ի վերադարձնի, այն զուտ քաղաքական և բարոյակա՞ն նշանակություն ունի, թե՞, կարո՞ «Այսօր հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը դժվար է համարել հավասարազոր բանակցություններ, այն ավելի շատ հիշեցնում է միակողմանի զիջումների շարան, որտեղ Բաքուն ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է, և երբ ցանկանում է: Եթե դիտարկենք՝արդյո՞ք Ադրբեջանին այս պահին ձեռնտու է Տավուշի ուղղությամբ սահմանազատման երկրորդ փուլ սկսելը, ապա դրա պատասխանը միանշանակ է՝ Բաքուն կգնա այդ քայլին միայն այն ժամանակ, երբ դա կծառայի իր մաքսիմալիստական գլխավոր նպատակներին:
Ըստ իս՝ Ադրբեջանը շտապելու պատճառ չունի, քանի որ ժամանակն աշխատում է իր օգտին, և նա կարող է դոզավորված ճնշումներով կորզել հերթական պահանջի կատարումը:
Այս համատեքստում հայկական կողմի պատրաստակամությունը՝ հանձնել Տավուշի գյուղերը՝ անկալվների անվան տակ, կամ հարավում՝ Տիգրանաշենը, իրականում ռազմավարական աղետ է մի քանի պատճառով. առաջին, այն տարածքները, որոնք գործող իշխանությունները պատրաստվում են հանձնել կամ փոխանակել, ունեն կենսական ու ռազմավարական նշանակություն մեզ համար, քանի որ դրանք վերահսկում են մեր միջպետական ճանապարհները դեպի Վրաստան, Իրան, սրա մասին մի քանի անգամ խոսել ենք, երկրորդ, քանդում են այդ տարածքներում ձևավորված պաշտպանական բնագծերը:
Իսկ Տավուշում, Գեղարքունիքում հայկական «օկուպացված» հողերի փոխարեն՝ Արծվաշենի թեման առաջ մղելը, ըստ էության, տեղեկատվական-քաղաքական մանիպուլյացիա է: Արծվաշենը գտնվում է Ադրբեջանի խորքում, իսկ դե յուրե այն հետ ստանալու դեպքում այդտեղ դե ֆակտո բնակեցումը և անվտանգության ապահովումը գրեթե անհնարին է լինելու: Իսկ Ադրբեջանը հրաժարվում է նույնիսկ քննարկել ՀՀ սուվերեն տարածքից, այդ թվում՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի հատվածներից իր զորքերի հետքաշման հարցը:
Կրկնում եմ՝ մինչ այս պահը սահմանազատման և սահմանագծման գործընթացը Բաքվի օրակարգով է եղել, հետևաբար, եթե անգամ այս պահին գործընթացն ակտիվանա, լավատեսական ակնկալիքների որևէ հիմք չկա: Այսինքն, Արծվաշենի հարցը, իհարկե, զուտ հուզական հարց չէ, բայց այն սահմանազատման տրամաբանության մեջ համարժեք համարելը Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի կենսական նշանակության տարածքների հետ, ռազմավարական կուրություն է, քաղաքական մանիպուլյացիա»:



