
Այս քայլով իշխանությունները ոչնչացնում են ՀՀ ներդրումային միջավայրը․ Մանվելյանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու՝ Փաշինյանի մանտրաների շարքի մասին

Նիկոլ Փաշինյանը շարունակում է կրկնել «Հայ Առաքելական եկեղեցի-ՀԷՑ» «մանտրան»․ եթե նախօրեին նրա գրառումը Մայր Աթոռի մասին էր, ապա այսօր՝ արդեն ՀԷՑ-ի։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է։ Շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան»,- պաշտոնական դարձրած իր սոցիալական էջերում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Թեմայի առնչությամբ 168․am-ի հարցադրումներին ի պատասխան՝ Էներգետիկ հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանն այս իրավիճակին վերաբերող տարատեսակ խնդիրների վրա ուշադրություն հրավիրեց՝ հստակ արձանագրումով, որ սա ուղիղ հարված է պետությանը։
«1-ին խնդիրն ուրիշի սեփականությունը պետականացնելու քաղաքականությունն է, որի համար իրենք ոչ մի հիմք չունեն։ Հիմքը միայն քաղաքական է, իսկ քաղաքական հիմքով մարդու սեփականությունը խլելը հաստատում է, որ Հայաստանում քաղաքական ազատությունների, մարդու իրավունքների, ժողովորդավարության մասին քարոզչությունն ի սկզբանե ծաղրուծանակ է եղել։ Հետևաբար՝ ցանկացած սեփականաշնորհում, կամ, իրենց խոսքով ասած՝ պետականացում, նշանակում է, որ գործ ունենք հստակ ընդգծված ավտոկրատիկ, դեպի դիկտատուրա գնացող իշխանական համակարգի հետ։
2-րդ՝ ՀԷՑ-ը մեծ համակարգ է, որը, սակայն, մեծ եկամտաբերություն չունի․ այդ համակարգը կարող է աշխատել, եթե այնտեղ անընդհատ կատարվեն ներդրումներ։ Վերջին 10 տարում 680 միլիոն դոլարից ավելի ներդրումներ են կատարվել ՀԷՑ-ում։
3-րդ հանգամանքը ներդրումային միջավայրի հարցն է․ երբ դուք գողանում եք մեկ այլ մարդու սեփականություն, առավել ևս՝ երբ այդ մարդը 680 միլիոն դոլարի ներդրում է կատարել, սա նշանակում՝ դուք չունեք տնտեսական միջավայր, որը կարող է պաշտպանել ներդրողներին։ Այսինքն՝ իշխանությունները ոչնչացնում են նաև ՀՀ ներդրումային միջավայրը։ Ի դեպ, 2025 թվականն արդեն իսկ աչքի է ընկնում ՀՀ-ից ահռելի գումարների հեռացմամբ, կապիտալի արտահոսքով»,- մանրամասնեց Արմեն Մանվելյանը։
Էներգետիկ փորձագետը նաև հիշեցրեց՝ իշխանամուտի օրերին Փաշինյանն ու իր թիմը հայտարարեցին, թե գնալու են էներգետիկ համակարգի ազատականացման ճանապարհով, ապա նաև ինչ-ինչ քայլեր արեցին այդ ուղղությամբ, իսկ այսօր, փաստացի, հակառակի ականատեսն ենք։
«Երբ հայտարարում են ազատականացման ճանապարհի մասին, բայց սկսում են պետականացման գործընթացից խոսել, հասկանալի է դառնում, որ այս մարդիկ մի բան հայտարարում են, լրիվ այլ բան անում՝ ելնելով իրենց քաղաքական կոնյունկտուրայից, իրենց քաղաքական ցանկություններից»,- հավելեց նա։
Մասնագետից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր մինչև 2035 թվականը տարածաշրջանում նաև էներգետիկ առումով հեգեմոն դիրք ունենալու մասին՝ հնարավո՞ր է, որ ՀՀ-ում այսօր տեղի ունեցողը նաև դրսի ճնշման հետևանք է։
Ի պատասխան՝ Արմեն Մանվելյանը նշեց․ «Դա բացառել չենք կարող՝ մանավանդ, որ Թուրքիան բավականին դոմինանտ դիրք է ուզում գրավել տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների օգնությամբ։ Մեկ այլ հանգամանք ևս՝ Թուրքիան ու Ադրբեջանը պարբերաբար պահանջում են Ատոմակայանի փակումը, իսկ այս ֆոնին, երբ սրանք գնում են ՀԷՑ-ի պետականացմանը, մենք հայտնվում ենք էներգետիկ լրջագույն ռիսկերի առջև։
Ու չմոռանանք, եթե իրենք որոշել են պետականացնել համակարգը, ապա ներդրումներն իրենք պետք է անեն, բայց պետբյուջեից նմանատիպ ներդրումներ անելն անհնար է, հետևաբար՝ պետք է փորձեն վաճառել ՀԷՑ-ը, իսկ ցանկացած մեկը, որը կգա ՀԷՑ-ը գնելու, ինքը կգնի միայն մի պայմանով, եթե էլեկտրաէներգիայի սակագները կրկնակի բարձրանան։
Միայն Սամվել Կարապետյանը կարող էր իր գումարները ներդնել՝ վերջին 10 տարիներին պահպանելով գները»։