Բաքուն դարձել է կենտրոնը՝ իր գենսեկով, Փաշինյանն էլ՝ Ադրբեջանի կոնսուլը. Արևմուտքը թքած ունի Ուկրաինայի ժողովրդի վրա. Սուրեն Սուրենյանց

168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Ալիևի վերջին հայտարարությունների մասին՝ Հայաստանի էլեկտրահաղորդակցության գծերի, Հայկական ատոմակայանի և «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ՝ քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն ասաց՝ ինքը հայ-ադրբեջանական հարաբերությունները համեմատում է մոտավորապես ուղղահայաց հարաբերությունների հետ:

«Բաքուն դարձել է կենտրոնն իր գենսեկով՝ Ալիևով, իսկ Փաշինյանը վերածվել է ադրբեջանական կոնսուլի կամ ընդամենը տեղական կատարողի: Հետևաբար, եթե մենք ուզում ենք հասկանալ առաջիկա տարիների ռազմավարական զարգացման տրամաբանությունը, ստիպված շատ ուշադիր լսում ենք Ալիևի ելույթները:

Ալիևն, օրինակ, կանխորոշում է, որ Մեծամորի ատոմակայանն անպայման փակվելու է, և դրա տեղը, ասենք, բացվելու է միակ մոդուլային ատոմակայանը, որը չի կարող երաշխավորել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: Նա կանխատեսում է, որ էներգետիկ կախվածությունը Հայաստանը հաղթահարելու է Ադրբեջանի շնորհիվ: Նա հստակ կանխատեսում է, թե երբ է Հայաստանում սկսվելու Սյունիքի ճանապարհի կամ երկաթուղու շինարարությունը: Ընդհանրապես, դրանից առաջ էլ Հաջիևը «դաբրո» էր տվել «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, ըստ էության, օֆիցիալ կամ պետական դարձնելու համար:

Կարդացեք նաև

Այսինքն՝ իմ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չակերտավոր ասած, տալիս է իր պտուղները: Մենք «ռուսական ազդեցությունից ազատագրվելով»՝ նոր կենտրոնի դերը վերապահել ենք Բաքվին, Ալիևին դարձրել ենք այս պետության առաջնորդը՝ փաստացի, իսկ կուսակալների ինստիտուտն այստեղ իրականացնում է այն կուրսը, որը մշակում է Ալիևը»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է TRIPP նախագծի հեռանկարին՝ Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ TRIPP-ն այսօր մշուշի մեջ է թաղված՝ չնայած բազմաթիվ այն հայտարարություններին, թե աշխարհաքաղաքական ստատուս-քվո է փոխվել մեր տարածաշրջանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հարաճուն ազդեցության պայմաններում:

«Ուղղակի մի քիչ դժվար է պատկերացնել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն իր քթի տակ թույլ է տալու ամերիկյան ռազմավարական ենթակառուցվածքների գոյություն։

Իսլամաբադի ժամանակավոր համաձայնագրի տրամաբանությունն ասում է, որ դա թույլ չեն տալու: Ավելին ասեմ. չմտածված, միայն Արևմուտքի շահերը սպասարկելու քաղաքականության հետևանքով Փաշինյանը Հայաստանի հարավը դարձնելու է Իրանի լեգիտիմ հարվածների թիրախ։ Այո՛, սա է իրականությունը, հիմա ինչքան ուզում եք՝ TRIPP-ը գովերգեք։

Դա, նախ՝ դասական միջանցքի մասին պրոյեկտ է, երկրորդը՝ սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, ընդ որում, կպնդեմ՝ ավելի շատ, քան Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»,- ասաց նա:

Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի նոր փուլի և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից Մոսկվան զանգվածային հարձակման թիրախ դարձնելու մասին՝ քաղաքագետը նշեց՝ Ռուսաստանում, իսկապես, ծանր վիճակ է ստեղծվել, եթե հաշվի առնենք հասարակության դժգոհությունն ու էներգետիկ վառելիքի հետ կապված որոշակի խնդիրները։

«Բայց եկեք մի բան տարբերենք. կոնվենցիոնալ պատերազմում Ուկրաինան շարունակում է ամեն օր դիրքեր կորցնել: Հընթացս լրատվությունը նաև տեղեկություններ է տարածում ռազմաճակատի երկայնքով: Կոնվենցիոնալ պատերազմի տրամաբանությամբ՝ Ուկրաինան շարունակում է տարածքներ զիջել և մոտ է նրան, որ ռազմավարական նշանակության փոփոխություն տեղի ունենա հենց ռազմաճակատում, և որոշակի ուղղություններում՝ Դոնբասյան հատվածում, փլուզում տեղի ունենա։

Քանի որ Արևմուտքը թքած ունի Ուկրաինայի ժողովրդի տառապանքների վրա, նրանք փորձում են Պուտինին փաստի առաջ կանգնեցնել՝ արտոնելով Ուկրաինայի հարվածները դեպի Ռուսաստանի խորքերը։ Նրանք Պուտինին հակում են 2 տարբերակի՝ կամ գնալ ինչ-որ պայմաններով խաղաղության, որտեղ Եվրոպան էլ իր դերակատարությունը կունենա, կամ Պուտինին մղում են բարձրացնել էսկալացիայի մակարդակը։

Եթե եվրոպական-արևմտյան էլիտաները հույս ունեն առաջին տարբերակին հակել Պուտինին, ես կարծում եմ՝ իրենք կամ Պուտինին չեն ճանաչում, կամ չափից ավելի լավատես են։ Դժբախտաբար, ես կանխատեսում եմ, որ Պուտինը գնալու է 2-րդ ճանապարհով՝ էսկալացիայի մակարդակը բարձրացնելու պատերազմում, և սկսելու է աստիճանաբար կիրառել սպառազինության այնպիսի տեսակ, որն ավելի ոչնչացնող է. երևի թե պարտադիր չէ, որ դա լինի հենց միջուկային զենքը»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31