«ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ ինձ զանգում, ասում են՝ հո չե՞նք ուզում՝ Նիկոլը մնա». Արթուր Չախոյան

Հասարակական գործիչ, բլոգեր Արթուր Չախոյանի կարծիքով՝ գրեթե բոլորն անլուրջ են վերաբերվել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը Հայաստանի սուվերենությունը պահելու համար էր:

«Ինքնիշխանությունը, Բուչայի այցը մանկապարտեզի կոռուպցիայի հետ ի՞նչ կապ ունեն, եթե այդ ընկերությունը հենց ՔՊ-ական է: Մեղքը գցել Ռուսաստանի վրա, մեզ անվանել ՌԴ գործակալ, դա անհեթեթություն է: Մանկապարտեզների խայտառակ հրապարակումների շարքն ենք սկսել պարոն Մանուկյանի հետ, մոտ ժամանակներս հանրությունը կտեսնի, թե ինչ խայտառակություն է տիրում Երևանի քաղաքապետարանում՝ ժողովրդի գումարները ոչ արդյունավետ են ծախսում, պետական միջոցները հափշտակում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ գործող իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ:

 

Կարդացեք նաև

«Ամեն գնով փորձում են թալանի աթոռը պահել: Այդ ամենն անհերքելի է: Օրինակ՝ Մասիվի դեպքերի վերաբերյալ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը հրապարակային հայտարարություն տարածեց՝ եթե Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին պաշտոնից հեռացնեք, մենք մանդատներս վայր ենք դնում: Բոլորս գիտենք, որ եթե «Հանրապետություն» կուսակցությունը մանդատները վայր դնի, ՔՊ-ն Երևանում լուրջ խնդիրներ է ունենալու: Այն մարդը, որ այդ խուլիգանությունն արեց, պաշտոնից չազատեցին, այդ ամենում քաղաքական երանգ են տեսել: Այսինքն՝ ՔՊ-ն ակնհայտ անկախ չէ, և աթոռ պահելու համար ամեն ստոր խուլիգանության պատրաստ են: Ոչ ոք հակառակը չի կարող համոզել»,- շեշտեց նա:

Անդրադառնալով մանկապարտեզների շինարարությունների վերաբերյալ հրապարակումներին, նա նշեց, որ վերահսկողություն չկա՝ թալանով են զբաղված. «Ես կընդունեի, եթե մեկ-երկու դեպք լիներ, բայց ոչ այսքան, ու դա կրի շարունակական բնույթ: 105 մանկապարտեզի դեպքը, 147-ը, հես է էլի մանկապարտեզների շարքը շարունակելու ենք: Նոր Նորքի դեպքից հետո ինձ Երևանի այլ համայնքների բնակիչներ բազմաթիվ հաղորդագրություններ են գրում, որ՝ մեզ մոտ այսպիսի դպրոց կա, որ 3 տարի կառուցում են, ավարտին չեն կարողանում հասցնել: Ակնհայտ է, որ այս իշխանությունը ոչինչ չի կարողանում կազմակերպել: Եկան ասացին՝ ասֆալտներ ենք փռելու, էս ենք անելու, բոլորս տեսնում ենք՝ ինչ գումար է պտտվում ասֆալտի մեջ, տեսնում ենք, որ նոր ասֆալտը փռում են, մի քանի ամիս հետո քանդվում է և այդպես քանդված մնում է: Ընդունենք, եթե կոռուպցիայով են արել, գոնե իրավական ընթացք տան՝ այդ հարցը կարգավորվի: Նույնիսկ ընթացք չեն տալիս, որովհետև ինչպես Փաշինյանն էր հայտարարել հայտնի «կախիչ-ցնցուղ»-ի օպերացիայի ժամանակ, ասել էր՝ ես չեմ հասկանում՝ մենք շինարարից ատկա՞տ ենք վերցնում: Այո, դուք շինարարից ատկատ եք վերցնում, այդ ամենն ուրիշ բացատրություն չունի»:

Արթուր Չախոյանի խոսքով՝ Հայաստանը դարձել է ատկատի պետություն. «Այսօր ոչ ոք առանց ատկատի ոչինչ չի կարողանում անի, չի կարողանում տենդերների մասնակցի:

Հարցազրույց կա, որտեղ շինարարն ակնհայտ հայտնում է, որ ՔՊ-ականն իր շինարարական ընկերությունով տենդերի է մասնակցել, չի շահել, եկել է այդ շինարարին առաջարկ է արել, ասել է՝ հրաժարվիր տենդերից, թե չէ խնդիրներ կունենաս:

Պաշտոնյաներն են գնացել նրան ասել՝ հրաժարվիր, եթե չհրաժարվես, քեզ կուղարկենք պարտադիր զինվորական վարժանքների: Այսինքն՝ ամեն կերպ պետական լծակներն օգտագործելով՝ շինարարի վրա ճնշում են գործադրել: Շինարարը գործարքի չի գնացել, շարունակել է իր աշխատանքները, այդ շինարարը մինչ օրս լուրջ խնդիրներ ունի»:

Ըստ նրա՝ գործող իշխանությունները, բացի թալանից և պարգևավճար ստանալուց, ոչինչ չեն կարողանում անել. «Երբ ասում ենք՝ կոռուպցիա կա, փաստերը բերում ենք, տեսնում ենք՝ իրենք ինչ ցնցումների մեջ են ընկնում, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը»:

Նա նշեց, որ ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ իրեն զանգահարում, արդարանում են, մեղադրում, այդ թվում՝ Տիգրան Ավինյանին. «Ասում են՝ երկիր ենք կորցնում, հո չե՞նք ուզում՝ Նիկոլը մնա: Ձևացնում են, թե ընդդիմադիր են: Օրվա կուրսով վաճառվող անձեր են: Երևի մտածում են հետագայում խնդիրներ չունենալու մասին, չէ՞ որ այդ փաստաթղթերի տակ իրենք ստորագրում են»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս