Ինչո՞ւ չստացվեց. մամուլ
Առավոտ օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Նախընտրական շրջանում 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները ինձ, ինչպես նաև իմ գործընկերներին տված բազմաթիվ հարցազրույցներում միահամուռ պնդում էին, որ այս անգամ տեղամասերում Հանրապետականը չի կարողանա կեղծարարությամբ զբաղվել։ Այդ վստահությունը հիմնված էր այն փաստի վրա, որ հիշյալ 4 կուսակցությունները բոլոր 464 տեղամասերում ունեն վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, իրենց շահերը ներկայացնող «լրագրողներ», «դիտորդներ», որոնցից յուրաքանչյուրը երկու աչքը չորս արած հետևելու է քվեարկության ընթացքին, ինչպես նաև արդյունքների ամփոփմանը։
Նախնական պաշտոնական արդյունքներով՝ 464 տեղամասերի ճնշող մեծամասնությունում առաջատարը ՀՀԿ-ն էր (20-ում հաղթել էր ԲՀԿ-ն), իսկ քվեարկության և հաշվարկի ժամանակ լուրջ միջադեպերը այնքան էլ շատ չէին։
Դրան կարող է լինել 3 բացատրություն. 1/ ՀՀԿ– ն տեղամասերում կեղծարարությամբ չէր զբաղվում, 2/ ՀՀԿ-ում կան մի քանի հարյուր «աշխատակիցներ», որոնք իրենց աճպարարաթյան մակարդակով կարող են համեմատվել Հարություն Հակոբյանի հետ, այսինքն՝ 20-30 հոգու աչքի առաջ կարողանում են «մանժետից» աննկատ «տուզեր» հանել, 3/ այդ բազմաթիվ դիտորդական աչքերը այնքան էլ հուսալի չէին և փողի կամ վախի ազդեցության տակ, այսպես ասած, «թարթել են»։
Անձամբ ես բացառում եմ աոաջին երկու տարբերակները և հակված եմ երրորդին։ Բայց ես կարող եմ նաև սխալվել՝ տարբերակների մասին պետք է ավելի շատ մտածեն շահագրգռված անձինք, աոաջին հերթին վերոհիշյալ 4 կուսակցությունների ներկայացուցիչները։ Սակայն նման խոհեր, վերլուծություններ, գուցե նաև՝ ինքնաքննադատություն ես առայժմ չեմ լսել և չեմ կարդացել։
Ընդհանրապես, վերջին 25 տարվա ընթացքում ես չեմ հիշում, որ ինչ-որ քաղաքական ուժ ասի՝ ես ահա այդպիսի բան էի խոստանում կամ կանխատեսում, բայց ինչ-ինչ պատճառներով իմ խոստումը կամ կանխատեսումը չիրականացավ։ Իշխանությունն էլ, իհարկե, անկեղծ չէ հասարակության հետ։ Օրինակ՝ հիմա նրանք պնդում են, որ Տարոն Մարգարյանն այնքան հրաշալի քաղաքապետ էր, որ քաղաքացիները գնացել են և սրտանց ձայն են տվել հենց նրան։ Մարդիկ երբեմն նույնիսկ հակված են հավատալու իրենց կողմից արտաբերվող ստին։
Սակայն ուժեղին կարող է հաղթել միայն նա, ով ավելի խելացի է և կազմակերպված։ Կարո՞ղ ենք դա ասել այսօրվա ընդդիմադիր կուսակցությունների մասին։ Նրանց ամբողջ վերլուծությունը կառուցվում է «ռեժիմի» և «վարչախմբի» մասին թեև հիմնականում ճիշտ, բայց ծեծված ձևակերպամնեոով։
Այս պահին, երբ ընտրական ցիկլը ավարտվեց, ընդդիմադիրները, կարծում եմ, պետք է հնարավորինս անկեղծորեն պատասխանեն հետևյալ հարցերին, ի՞նչ էիք դուք սպասում խորհրդարանական, նախագահական և ավագանու ընտրություններից, ինչի՞ վրա էիք հույս դրել և ինչո՞ւ ձեր սպասելիքները չիրականացան։ Առանց այդ հարցերի պատասխանների 2017 և 2018 թվականներին նույնն է կրկնվելու»։