
Անկախության հռչակագիրն ազգային պետության մասին է. դրանով է խանգարում այս իշխանությանը. Վահե Դավթյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն անդրադարձավ ՀՀ Սահմանադրության փոփոխության ու դրանից Անկախության հռչակագրին հղումը հանելու՝ թուրք-ադրբեջանական պահանջին ու դրա՝ Փաշինյանի իշխանության կողմից կատարման անվերապահությանը։
«Անկախության հռչակագիրն ազգային պետության մասին է։ Դրանով է խանգարում այս իշխանություններին և աշխարհաքաղաքական որոշ կենտրոններին։ Առանց Անկախության հռչակագրի, որում ամրագրված է Արցախը և Հայոց ցեղասպանությունը, կարող է ձևավորվել ընդամենը տարածքային միավոր՝ առանց ազգային նկարագրի։ Այդպիսով դրվում է ազգային պետական ինստիտուտների ապամոնտաժման հիմքը, ինչն իր ազդեցությունն է ունենալու ազգային տնտեսական սուվերենության վրա։ Խոսքը վերաբերում է նաև թե՛ ատոմակայանին, թե՛ այլ ազգային տնտեսական հզորություններին։ Եթե դու քո Սահմանադրության պրեամբուլայում դնում ես նման դրույթներ, դու սահմանում ես քո աշխարհաքաղաքական առաջնահերթությունները։ Սա Հայաստանի սուբյեկտայնության նվազեցման քայլ կլինի»,- ասաց Վահե Դավթյանը։
Նա նաև հիշեցրեց՝ 1994-95 թթ., երբ կնքվեց, այսպես կոչված, դարի գործարքն Ադրբեջանի և մի շարք նավթային ընկերությունների միջև, անդրազգային կազմակերպությունները՝ «BRITISH PETROLIUM»-ից սկսած, ամեն կերպ առաջ էին մղում Հարավային Կովկասում նոր էներգատրանսպորտային ցանցի ձևավորման նախագիծը, որն ամբողջությամբ կվերահսկվեր ոչ թե ազգային պետությունների, տեղի կառավարությունների կողմից, այլ հենց անդրազգային կազմակերպությունների կողմից:
«Եվ հենց այս տրամաբանության ներքո էր, որ ժամանակին կյանքի կոչվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, որը, ի դեպ, ժամանակին՝ 2004-2005թթ., ես շատ լավ հիշում եմ, ողջունեց պաշտոնական Երևանը՝ հայտարարելով, որ սա մի նախագիծ է Հարավային Կովկասում, որն էապես նվազեցնում է տարածաշրջանի էսկալացիոն պոտենցիալը: Այդ կորպորացիաներն էներգակիր հանգույցների անցումը պատկերացնում էին Արցախով: Արցախը չկա, Սյունիքն իրենց պետք է այդ նպատակներին հասնելու համար»,- եզրափակեց Վահե Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: