
Ո՞ւմ հետ եք համաձայնեցրել, ձեր տերերի՞. այս գործակալները մեզ տանում են դեպի կործանում. Գագիկ Մինասյան
ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի դիտարկմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը եղել է Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ուժի սպառնալիքի կիրառման ներքո:
«Այդ պայմանագիրը դեռ չծնված՝ առոչինչ է, որովհետև ուժի կիրառման սպառնալիք է, և այդ սպառնալիքը շարունակվում է 44-օրյա պատերազմից հետո ամեն օր, այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում հայ ժողովրդի դեմ մի իշխանության կողմից, որը բերվել է այսօրվա իր երկու թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գագիկ Մինասյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ չի հրապարակվում խաղաղության պայմանագիր կոչվածի համաձայնեցված տեքստը. «Ի՞նչ թաքցնելու բան ունի Հայաստանի վայ իշխանությունն իր քաղաքացիներից: Հիշո՞ւմ եք, չէ՞, ինչ էր ասում հրապարակում, որ առանց ժողովրդի կամքն իմանալու՝ որևէ համաձայնագիր չի կարող կնքվել, բա առանց ժողովրդի կամքը հարցնելու՝ ո՞ւմ հետ եք համաձայնեցրել, ձեր ոխերիմ թշնամիների՞, թե՞ ձեր տերերի հետ եք համաձայնեցրել»:
Անդրադառնալով անգամ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո Ադրբեջանի չդադարող պահանջներին՝ նա նկատեց, որ դրանք դեռ ավելանալու են. «Ինչպես 44-օրյա պատերազմից հետո կապիտուլյացիոն փաստաթղթով ստեղծվել էր մի իրավիճակ, որը որևէ ողջամիտ հայի համար ընդունելի չէր, այսօր հասցրեցին մի վիճակի, երբ այդ հայտարարության դրույթները մեզ համար երանելի մի բան են: Վաղը-մյուս օրն իրենք կհասցնեն մի իրավիճակի, երբ սա մեզ համար կլինի երանելի մի բան, և այդպես՝ մինչև կործանումը, մինչև վերջին հայի վերացումը տարածաշրջանից: Սա է սրանց նպատակը»:
Նրա կարծիքով՝ այս իրավիճակում Հարավային Կովկասում Ռուսաստանի արած զիջումները հենց իր համար կարող են դառնալ կործանարար: Նա բերեց Աբխազիայի օրինակը, երբ պրոթուրքական թեկնածուի անցնելը թույլ չտալու համար Ռուսաստանը գնաց ծայրահեղ քայլերի. «Աբխազիայում Ռուսաստանը ծայրահեղ քայլեր չաներ, ոչ միայն Աբխազիան կկորցներ, այլև Աբխազիայի հետ կապված ամբողջ Հյուսիսային Կովկասը: Հիմա այս իրավիճակում իրենք գտնվում են արդեն Հարավային Կովկասում: Եթե տեսնեն, որ այստեղ կան ուժեր, որոնք իրենց շահերի պաշտպանությունը տեսնում են նորմալ, բարեկամական հարաբերությունների մեջ, ճիշտ այնպես, ինչպես եղել է մինչև 2018թ. …»:
Դիտարկմանը՝ այս առումով իշխանությունների քարոզչությունն այն է, որ ընդդիմությունը փորձում է Հայաստանը ռուսական գուբերնիա դարձնել, իսկ իրենք պայքարում են ՀՀ ինքնիշխանության համար, նա արձագանքեց. «Եթե այս մարդկանց ասեք՝ թող իրենք նկարագրեն Հայաստանի վիճակը Հարավային Կովկասում 2018-ից առաջ, ինչքան էլ իրենք ստոր լինեն, չեն կարող ժխտել: Այն ժամանակ նաև մեր հակառակորդների կեցվածքը Հարավային Կովկասում մի բան էր ասում, և նույն Իլհամը, որ այսօր այդպես հոխորտում է, ասում էր՝ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Էդ ի՞նչ գուբերնիայի մասին է խոսքը»:
Նրա խոսքով՝ գործող իշխանությունների մնալու պարագայում 4 տարի հետո երանի ենք տալու նույնիսկ այսօրվա ծանր իրավիճակին. «Եթե այս պարզ բանը չենք հասկանում, ուրեմն՝ ոչ մի բան չենք հասկանում: Մեր թշնամիները, որոնք ներսում ունեն իրենց գործակալները, տանում են դեպի կործանում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում