Թուրքիայում Իսրայելի E1 ծրագիրը «ցեղասպանական բռնության նոր փուլ» են որակել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է Իսրայելի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու քաղաքականությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չելիքը նշել է, որ «բնակեցում» և «բնակիչ» հասկացությունները սխալ են, իսկ Իսրայելի գործողությունները որակել «օկուպացիա, գողություն և ցեղասպանական բռնություն»։

«Իսրայելի՝ Հորդանան գետի Արևմտյան ափին E1 ծրագիրն իրականացնելու փորձը ցեղասպանական բռնության նոր և վտանգավոր փուլ է։ Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի՝ օկուպացված Արևմտյան ափի ևս մեկ հատվածում օկուպանտ-բնակիչների համար բնակելի շինությունների կառուցման նպատակով նոր մրցույթ հայտարարելու ծրագիրը։ Այս ագրեսիան նպատակ ունի փաստացի երկու մասի բաժանել Արևմտյան ափը և մեկուսացնել Արևելյան Երուսաղեմը։ Սա նաև ուղղված է երկու պետության սկզբունքով լուծման հեռանկարը վերացնելուն»,-գրել է նա:

Չելիքը նաև նշել է, որ Թուրքիայի նախագահը տարիներ շարունակ, այդ թվում՝ ՄԱԿ-ում և այլ միջազգային հարթակներում, «Որո՞նք են Իսրայելի սահմանները» հարցադրումով միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Իսրայելի օկուպացիոն քաղաքականության վրա։

Նրա պնդմամբ՝ Իսրայելը խախտում է միջազգային հանրության բոլոր կանոնները, և նրա քայլերն ուղղված են ոչ միայն Գազայի ու Հորդանան գետի Արևմտյան ափի, այլև ողջ մարդկության ու միջազգային իրավունքի դեմ։

Չելիքն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի «բնակեցում» և «բնակիչ» անվանումներով ներկայացվող «օկուպացիային, գողությանն ու ցեղասպանությանը», իսկ պետությունները պետք է այդ ուղղությամբ համատեղ և կոնկրետ քայլեր ձեռնարկեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31