Սանկցիաներից հետո արտահանումն անգամներով նվազել է. այսպես է հայկական գյուղմթերքը «նվաճել» եվրոպական շուկան

Արտահանումը Հայաստանից շարունակում է նվազել։ Նվազման տեմպերը խորացել են՝ հատկապես գյուղմթերքների արտահանման հետ կապված խնդիրներից հետո։ Տարվա առաջին կեսին միայն բուսական ծագման ապրանքների արտահանումը Հայաստանից կրճատվել է գրեթե 26 տոկոսով։

Եթե անցած տարվա հունվար-հունիսին արտահանվել էր 140 մլն դոլարի, այս տարի արտահանվել է 104 միլիոնի բուսական ծագման ապրանք։

Այս տարի 36 միլիոնով ավելի քիչ բուսական ծագման արտադրանք է արտահանվել Հայաստանից։

Տարեսկզբին էլ բուսական ծագման արտադրանքի արտահանման նվազում կար՝ պայմանավորված հիմնականում գյուղմթերքների արտադրության ծավալների անկմամբ, բայց նվազումը խորացել է հատկապես հունիսին։ Այսինքն՝ այն բանից հետո, երբ ընդհանրապես արգելվեց հայկական մրգերի ու բանջարեղենի արտահանումը Ռուսաստան։

Կարդացեք նաև

Եթե մինչև հունիս բուսական ծագման ապրանքների արտահանումը Հայաստանից նվազել էր ընդամենը 5.3 տոկոսով, ապա  հունիսին նվազումը կտրուկ խորացել է։ Հունիսի արդյունքներով, այդ ապրանքների արտահանման կրճատումը հասել է գրեթե 26 տոկոսի, որը ոչ այնքան գյուղմթերքների արտադրության ծավալների անկման, որքան ռուսական շուկայի փակման հետևանք է։

Որպեսզի պարզ լինի, թե ինչ է տեղի ունեցել ռուսական շուկայի սահմանափակումներից հետո, համեմատենք այս ու անցած տարվա բուսական ծագման արտադրանքի արտահանման ծավալները։ Անցած տարվա հունիսին Հայաստանից արտահանվել էր 43 մլն դոլարի պտուղ-բանջարեղեն։ Այս տարի այդ ապրանքների արտահանումը նույնիսկ 13 մլն դոլարից պակաս է եղել՝ 30 միլիոնով ավելի քիչ, քան անցած տարի էր։

Սա միայն մեկ ամսվա վնասն է, որը իշխանությունները հասցրել են պտուղ-բանջարեղեն աճեցնող-արտահանողներին։

Հրապարակված ցուցանիշները ցույց են տալիս, թե ռուսական շուկայի փակումից հետո որքանո՞վ է տուժել բուսական ծագման արտադրանքի արտահանումն ու իշխանություններին որքանո՞վ է հաջողվել այլընտրանքներ գտնել։ Միայն այն, որ այս տարվա հունիսին հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը կրճատվել է 3.3 անգամով, բավական է դրա վերաբերյալ պատկերացում կազմելու համար։

Բնական է, որ այդպես էլ պիտի լիներ, եթե հաշվի առնենք, որ իրավիճակից դուրս գալու կառավարության քայլերը շատ հաճախ ձևական ու ցուցադրական բնույթ են կրում։ Տեղ չեն հասնում նաև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների խոստացած ֆինանսական ու ինստիտուցիոնալ օժանդակությունները, որոնք իբր պետք է եվրոպական շուկաները բացեին հայկական ապրանքների իրացման համար։

Ու մինչ ռուսական շուկան շարունակում է փակված մնալ՝ Հայաստանի տնտեսությունն ու տնտեսավարողները հաշվում են սեփական կորուստները։ Բայց այդ կորուստները միայն բուսական ծագման ապրանքներով չեն ավարտվում։ Ինչպես հայտնի է, սահմանափակումները ռուսական շուկայում շատ ավելի ընդգրկուն են, քան միայն պտուղ-բանջարեղենն է։ Դրանք վերաբերում են նաև կենդանական ծագման ապրանքներին։ Այս պարագայում խոսքն առաջին հերթին ձկնամթերքի մասին է։

Հունիսի 2-ից Ռուսաստանն արգելեց հայկական ձկնամթերքի ներմուծումը՝ բացառությամբ 2 ընկերության։ Հետագայում այդ արգելքը տարածվեց նաև այդ ընկերությունների արտադրանքի վրա, ու ռուսական շուկան ընդհանրապես փակվեց հայկական ձկնամթերքի արտահանման համար։

Այս արգելքից հետո, կենդանական ծագման ապրանքների արտահանումը Հայաստանից կտրուկ կրճատվել է։

Հունիսին ընդամենը 2 մլն դոլարի կենդանական ծագման ապրանք է դուրս եկել Հայաստանից։ Դա էլ հավանաբար այն 2 ընկերությունների մասով, որոնք դեռ զրկված չէին ձկան արտահանման հնարավորությունից։

Մայիսին, երբ ձկնամթերքի արտահանման վրա ռուսական շուկայում սահմանափակումներ չկային, պաշտոնական վիճակագրության տվյալներով, արտահանվել էին 8 մլն դոլարի կենդանական ծագման ապրանքներ։ Սահմանափակումներ մտցնելուց հետո՝ արտահանումը 4 անգամով կրճատվել է։

Ռուսական շուկայի փակումից հետո, այլ ապրանքների, այդ թվում՝ կաթնամթերքի, հանքային ջրերի և այլ խմիչքների արտահանումն էլ է տուժել։

Ու մինչ հայկական ապրանքները դուրս են մղվում ռուսական շուկայից, իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց տեղն արագորեն զբաղեցնում են մի շարք երկրների, այդ թվում՝ հատկապես ադրբեջանական ու թուրքական ապրանքները։ Դա էլ կարող է համարվել Հայաստանի իշխանությունների հերթական օժանդակությունը թուրքական աշխարհին՝ ի վնաս մեր տնտեսության։

Այնպես արեցին, որ տնտեսությունը դուրս մղեցին իր հիմնական շուկայից՝ առանց այլընտրանքային հնարավորություններ ընձեռելու։ Տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ հայկական բազմաթիվ ապրանքների արտահանումն այս տարի կրճատվել է։ Ու դա չի վերաբերում միայն գյուղմթերքներին։

Տարվա առաջին կեսի տվյալներով, պլաստմասսե իրերի արտահանումը նվազել է գրեթե 16 տոկոսով, կաշվե իրերինը՝ 20 տոկոսով, փայտե իրերինը՝ շուրջ 19 տոկոսով, թղթե իրերինը՝ 5 տոկոսով, մանածագործական իրերինը՝ 1.7 տոկոսով, կոշկեղենինը՝ ավելի քան 41 տոկոսով։ Ավելացել է հումքային ապրանքների՝ պղնձի ու մոլիբդենի արտահանումը։ Եթե անցած տարվա առաջին կեսին դրանց արտահանումը կազմել էր 516 մլն դոլար, այս տարի արդեն հասել է 931 միլիոնի։ Ավելացել է 415 միլիոնով կամ աճել 80 տոկոսով։

Բայց անգամ այդ պայմաններում ընդհանուր արտահանման անկում է տեղի ունենում։ Դա նշանակում է, որ այլ ոլորտներում արտահանումն ավելի մեծ տեմպերով է կրճատվել, քան անգամ այն 415 մլն դոլարի աճն է, որը գրանցվել է հանքահումքի արտահանման մասով։ 415 մլն դոլարը բավարար չի եղել ծածկելու մյուս ոլորտների կորուստները։

Ավելին՝ վերջին շրջանում նկատվում է արտահանման անկման տեմպերի խորացում։ Եթե տարեսկզբի 5 ամիսներին անկումը կազմել էր 3.7 տոկոս, արդեն  6 ամիսների արդյունքում հասել է 6.7 տոկոսի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31