Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափում բնակավայրերի կառուցման ծրագիրը

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Կանադան համատեղ հայտարարության մեջ դատապարտել են Իսրայելի կողմից Արևմտյան ափի ռազմավարական կարևոր մասում 1234 տան կառուցման մրցույթներ հայտարարելու ծրագրերը՝ որոշումը որակելով «անընդունելի»։ Համատեղ հայտարարությունը տարածել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը։

«Իսրայելի կառավարության որոշումը՝ E1 բնակավայրի նախագծի համար շինարարական մրցույթներ հրապարակելու վերաբերյալ, անընդունելի է: Միջազգային հանրությունը վաղուց դեմ է այս բնակավայրերի ընդլայնմանը և մասնավոր կերպով ու հրապարակայնորեն բարձրաձայնել է իր լուրջ մտահոգությունները: E1 բնակավայրը կխաթարի երկու պետությունների սկզբունքով կարգավորման հեռանկարը՝ թշնամանք սերմանելով Արևմտյան ափում և վնասելով Պաղեստինի տարածքային ամբողջականությանը», – նշվել է հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերն անօրինական են:

«Սա միջազգային հանրության դիրքորոշումն է, որը վերահաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», – նշված է հայտարարության մեջ։

Պետությունները նաև լուրջ մտահոգություն են հայտնել քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբնակների կողմից բռնության աննախադեպ դեպքերի առնչությամբ։

«Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը անհապաղ հրաժարվել այս ծրագրերից և դադարեցնել Արևմտյան ափում բնակավայրերի ընդլայնումը։ Դրանք ոչ միայն մեզ ավելի կհեռացնեն խաղաղությունից, այլև ավելի կխաթարեն Իսրայելի միջազգային հեղինակությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Համատեղ հայտարարության մեջ երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը երկու պետությունների սկզբունքով կարգավորման վրա հիմնված համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելուն։

BBC-ի փոխանցմամբ՝ առանձին հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ E1 ծրագիրը «գոյութենական սպառնալիք» է ներկայացնում Պաղեստինի Պետության համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Բելգիայի արտաքին գործերի նախարարը;

Օգոստոսի 19-ին Իսրայելի բնակարանային հարցերով նախարարությունը մրցույթ է հայտարարել Իսրայելի կառավարության կողմից 2025 թ. օգոստոսին հաստատված 3401 տներից 1234-ի համար։ Դրանք զբաղեցնում են մոտ 12 քառակուսի կմ տարածք Արևելյան Երուսաղեմի և Մաալե Ադումիմ բնակավայրի միջև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31