750 միլիոն դոլարի ռումբ՝ պետության տակ. կփորձեք ձեր գումարը ձեր բանկային հաշվից հանել՝ չեք կարողանա․ Արթուր Դանիելյան

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է. «750,000,000 դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար: Ուղիղ էդքանի պարտատոմս է թողարկել ՀՀ-ն ու հույժ գաղտնի է պահել ինֆորմացիան: Գաղտնի էր դա, քանի որ նույնիսկ մեծ ջանքեր դնելով՝ հնարավոր չէ ուղիղ կապը չտեսնել մարտի 12-ին պարտք ուզելու ու դրա հաջորդ օրը Ադրբեջանին զիջումների մասին հայտնելու մեջ: Էս փողն էլ միանգամից չեն տա. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա: Էս տարի բյուջեն փակելու համար ևս 750 մլն դոլար է պետք լինելու… Հաջորդ տարի սրանից էլ ավել…

Հ.Գ. սա էլ թողարկման կոդը՝ չհավատացողների համար. XS3020792696»։

Իսկ տեսանյութում Արթուր Դանիելյանն արդեն բացում է փակագծերը. «Երկու օր առաջ՝ մարտի 12-ին, գերմանական բորսայում թողարկվել է 750 միլիոն դոլարի ՀՀ պարտատոմս։

ՀՀ-ն, ըստ էության, փորձում է ևս 750 միլիոն դոլար պարտքով փող վերցնել, և դա ընդամենը կեսն է այն գումարի, որն անհրաժեշտ է Հայաստանին՝ 2025թ․ բյուջեն կատարելու համար»։

Կարդացեք նաև

Այս առնչությամբ հանրային գործիչը պարզաբանեց` բյուջեով նախատեսված է 600 միլիարդ դրամի դեֆիցիտ, որը ֆինանսավորվելու է պարտք վերցնելով։

«Ներկա պահին պարտքի սպասարկումը մեր բյուջեի երրորդ ամենախոշոր հոդվածն է. փոքր-ինչ զիջում է միայն սոցիալական ու անվտանգության գծով ծախսերին։ Թեպետ, եթե այս տենդենցը պահպանվի, այն կարճ ժամանակ անց դառնալու է հիմնական ծախսային հոդվածը մեր բյուջեի` այսինքն, ամենամեծ գումարը ծախսվելու է նախկինում վերցրած պարտքերը սպասարկելու վրա։

Ընդ որում, վերցվող պարտքերը հիմնականում ծառայում են երկու նպատակի`  մեկն իշխանավորների լափի ախորժակը սպասարկելու համար է, մյուսը` քաղաքացիների տրամադրությունը մի փոքր բարձրացնելու՝ ոչ ավել (էն ասֆալտները, որ գցվում են, էն դպրոցները, որ սարքվում են, միտված են ընդամենը մի փոքր տրամադրություն բարձրացնել)։

Դրանք տնտեսության վրա էական ազդեցություն չունեն, և, ըստ էության, մեր տնտեսությունն աստիճանաբար մահանում է, ինչի մասին վկայում են նաև ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության և գյուղատնտեսության անկում ապրող մասնաբաժինները։ Աճում են միայն ծառայություններն ու առևտուրը. կոպիտ ասած` մեր պետությունը փող է վերցնում, այն մասամբ ԱՆԻՖ-ներով և եվրոասֆալտներով դուրս է գրվում և գնում է իշխանավորների գրպանը, մնացած մասով` բաժանվում է ժողովրդին, որ իրենք ևս մի քանի օր կարողանան իրենց թույլ տալ որոշակի հաճույքներ։

Փաստացի մեր տնտեսությունն ու պետությունն առհասարակ գտնվում է կոմայի մեջ։ Այդ կոմայի մեջ գտնվող մարմնին միացված է արհեստական շնչառության համակարգ, որի միացնել-անջատելու ճտիկը մեր ձեռքերում չէ. այդ որոշումը կարողանալու են կայացնել նրանք, ովքեր կգնեն կամ չեն գնի մեր պարտատոմսերը, պարտքով փող կտան կամ չեն տա Հայաստանին»,- ֊մանրամասնեց նա։

Ըստ Արթուր Դանիելյանի` եթե կայացվի որոշում, որ Հայաստանին այլևս պետք չէ ֆինանսավորել, ՀՀ ֆինանսական համակարգը կոլապսի է ենթարկվելու։

«Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մի պայծառ առավոտ արթնանալով` կփորձեք ձեր վաստակած գումարները հանել ձեր բանկային հաշվից ու չկարողանաք, քանի որ տնտեսության փուչիկները տրաքել են, և մեր պետությանը չեն ուզում այլևս ֆինանսավորել` այդ փուչիկները կենսունակ պահելու համար։

Մեր պետության տակ դրվել է մի մեծ ռումբ, որը չունի ժամացույց, բայց ունի ճտիկ։ Եվ եթե այսօր այդ ճտիկն օգտագործվում է, օրինակ, հայ-֊ադրբեջանական «խաղաղության» պայմանագրի շրջանակներում ինչ-որ զիջումներ կորզելու համար, ապա վաղն այդ ճտիկը կարող է գործել, եթե ոմանց թվա, որ իրենք շատ ավելի արդյունավետ կարող են շահագործել մեր պղնձի ու մոլիբդենի հանքերը, Սևանի քաղցրահամ ջրի ռեսուրսը։ Եվ եթե մենք հանկարծ հաշվի չառնենք այդ կարծիքները, մեզ ընդամենը կզրկեն պարտք վերցնելու հնարավորությունից։ Սա է իրականությունը։

Ինչպես օրենք` մեր քաղաքական դաշտը՝ իր վերլուծաբաններով, փորձագետներով հանդերձ, արձագանքում է ստեղծված իրավիճակներին շատ ավելի ուշ, քան անհրաժեշտ էր` իրավիճակը փոխելու համար, հետևաբար՝ կոմայում գտնվող այս մարմնի ապագա անելիքների վերաբերյալ ելույթները կսկսեն մի քանի ամիս հետո, մինչդեռ արդեն այսօր իրավիճակն անդառնալի է»,- հավելեց հանրային գործիչը։

Արթուր Դանիելյանն իր տեսաուղերձն ամփոփեց արձանագրումով, որ ստեղծված իրավիճակում ՀՀ յուրաքանչյուր բնակիչ պետք է պատասխանի կարևոր հարցի` շարունակելո՞ւ է ապրել Հայաստանում` գիտակցելով, որ կորուստներն անդառնալի են, իսկ ապագան շատ մշուշոտ է, մեղմ ասած։

«Եթե կգտնվեն մարդիկ, որոնք ինձ նման, այնուամենայնիվ, որոշելու են մնալ Հայաստանում ու, ինչքան հնարավոր է, տանելու են իրենց բաժին հասած խաչը, ապա պետք է հասկանան, որ միակ միջոցը, ինչը կարող են ձեռնարկել, փոքր տնտեսություն, գյուղատնտեսություն ստեղծելն է։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես, իմ եղբայրներն ու ընկերները որոշակի ենթակառուցվածք ենք ստեղծել, որի արդյունքում ես որոշակի վստահությամբ կարող եմ պնդել, որ իմ հարազատներին ու շրջապատին կարող եմ աղետալի վիճակներում ինչ-որ ժամանակահատվածում մատակարարել անհրաժեշտ քանակությամբ մթերք, միս, ձու, կանաչեղեն։

Իմ խորհուրդն է ձեզ` գոնե մի 500 քմ հող վերցրեք, փորձեք հավ պահել, բույսեր մշակել, որպեսզի ինչ-որ իքս պահի դա ձեզ ժամանակ տա։ Դրանից զատ` խորհուրդ կտայի խնայողությունները չպահել բանկերում. ունենալ կանխիկ` արտարժույթով, կամ ոսկով։ Եթե արել եք ներդրումներ անշարժ գույքի մեջ, արդեն կորցրել եք. դրանից ազատվելու ամենաօպտիմալ ժամանակահատվածն անցյալ տարվա հոկտեմբերն էր, բայց խորհուրդ կտամ դրանից ազատվել։

Ես չեմ կարող ասել` այս փուչիկը երբ է պայթելու, կարող եմ միայն ասել` վերջին տարիների պրակտիկան հուշում է, որ եթե աղետ կարող է լինել, այն անպայման լինելու է»,- ամփոփեց նա։

Տեսանյութեր

Լրահոս