
Փաշինյանը կրկին զանգահարել է Պուտինին. Նա ընդունում է Պուտինի հրավերը

«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- այս մասին հաղորդում է ռուսական պաշտոնական Kremlin.ru կայքը։
Հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման ավարտի և Երևանի պատրաստակամության մասին՝ ստորագրելու «այս կարևոր փաստաթուղթը»։
«Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ ընդգծել է, որ Ռուսաստանը մշտապես հանդես է եկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման օգտին՝ Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության, կայունության և կայուն սոցիալ-տնտեսական զարգացման շահերից ելնելով։ Այս նպատակներին հասնելու համար և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր օգնության վրա։
Անդրադարձ է կատարվել նաև հայ-ռուսական փոխշահավետ կապերի հետագա զարգացման որոշ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ Կրեմլինի՝ Փաշինյանը հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մայիսի 9-ին Մոսկվայում մասնակցելու է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կայանալիք հոբելյանական տոնակատարություններին։
Հիշեցնենք, որ սա վերջին շրջանում Փաշինյանի երկրորդ զանգն է Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունը հաղորդել է՝ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման և նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
«Քննարկվել են նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր»,-ասված էր հաղորդագրությունում։