Ինչո՞ւ Լավրովը Թեհրանում անտեսեց Հարավային Կովկասը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով Թեհրանում էր, որտեղ մի շարք հանդիպումներից հետո նաև համատեղ ասուլիս ունեցավ իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Ըստ Լավրովի և Արաղչիի, կողմերն անդրադարձել են տարբեր տարածաշրջանների զարգացումներին՝ քննարկելով էներգետիկ, երկաթուղային, գյուղատնտեսական, առևտրային, զբոսաշրջային ոլորտներում համագործակցությունն, ինչպես նաև առկա խնդիրները։ Իրանցի և ռուսաստանցի պաշտոնյաները բանակցությունները շատ դրական և արդյունավետ որակեցին, արձանագրելով մի շարք ռեգիոններում բավականին մոտ դիրքորորոշումներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին՝ Սիրիա, պաղեստինաիսրայելական հակամարտություն, Լիբանան, Աֆղանստան, ինչպես նաև պատերազմ Ուկրաինայում, Իրանի միջուկային ծրագիր, Հյուսիս-Հարավ՝ Ռեշտ-Աստարա երկաթուղի և զարգացումներ Կովկասում։

Լավրովը նշեց, որ Մոսկվայի ու Թեհրանի միջև քաղաքական երկխոսությունը գտնվում է «հիանալի մակարդակում», ակտիվորեն զարգանում են տնտեսական կապերը, առևտրաշրջանառությունն աճել է 13 տոկոսով։ ՌԴ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ այդ միտումը կշարունակվի նաև ապագայում։ Նախարարներն անդրադարձան պատժամիջոցների խնդրին, պատրաստակամություն հայտնելով շարունակել առարկայական աշխատանքը երկու երկրների տնտեսությունների վրա սահմանափակումների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Սերգեյ Լավրովը նշեց, որ իրանցի գործընկերոջը տեղեկացրել է նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին շփումների արդյունքների մասին:

«Ես երախտագիտություն հայտնեցի իրանցի գործընկերներին հավասարակշռված դիրքորոշման համար»,- ասաց ռուս դիվանագետը:

Կարդացեք նաև

«Մեր դիրքորոշումները շատ մոտ են։ Իրանն աջակցում է Սիրիայի տարածքային ամբողջականությանը՝ հանդես գալով խաղաղության, կայունության օգտին։ Մենք աջակցելու ենք խաղաղությանն այդ երկրում»,- հայտարարեց Արաղչին՝ շարունակելով, որ ընդգծում են Լիբանանի հարավից, Սիրիայի և Պաղեստինի այլ վայրերից սիոնիստական վարչակարգի զորքերի դուրսբերման կարևորությունը։ Իր հերթին՝ Լավրովն ասաց, որ Մոսկվան շահագրգռված է, որպեսզի Սիրիայում այսօր տեղի ունեցող գործընթացները դուրս չգան վերահսկողությունից և չհանգեցնեն քաղաքացիական ընդհարումների, սակայն նման ռիսկերը դեռ պահպանվում են։

«Մենք միջուկային գործարքի հարցում առաջ կշարժվենք և մեր տեսակետները կհամապատասխանեցնենք մեր ընկերներ Ռուսաստանի ու Չինաստանի հետ դիրքորոշումներին։ Միջուկային բանակցությունների հարցում Իրանի դիրքորոշումը միանգամայն պարզ է։ Մենք չենք բանակցի պատժամիջոցների, ճնշման և սպառնալիքի ներքո»,- հայտարարեց Աբբաս Արաղչին։

Իսկ Լավրովն ասաց, որ քննարկել են միջուկային ծրագիրը և կարծում են, որ դիվանագիտությունը դեռևս անելիք ունի, և այն պետք է ճիշտ օգտագործել՝ չդիմել ուժի և սպառնալիքների։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա ռեգիոնալ իրավիճակից խոսեց միայն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ նշելով․ «Մենք Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձգտում ենք խաղաղության և պատրաստակամ ենք այդ հարցում օգնելու»։

Չնայած փաստին, որ իրանական այցին ընդառաջ՝ ՌԴ ԱԳ նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե Լավրովի այցի ընթացքում քննարկվելու է իրավիճակը Հարավային Կովկասում, սակայն եզրափակիչ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարը ոչինչ չասաց ռեգիոնի, Հայաստան-Ադրբեջան բանակցային իրավիճակի մասին։

Հարկ է նշել, որ այս այցից ժամեր առաջ Թուրքիա կատարած այցի ընթացքում Լավրովը հայտնել էր, որ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ «Մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել կողմերի միջև վստահության ամրապնդմանը, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնմանը, ինչպես նաև համատեղ գործունեությանը Հարավային Կովկասում «3+3» համագործակցության հարթակի շրջանակում»,- Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Ֆիդանի հետ բանակցություններից հետո ընդգծել էր Լավրովը։

«168 Ժամ»-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը նշեց, որ Թեհրանում ՌԴ ԱԳ նախարարի այցի ժամանակ միանշանակ քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների և այդ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերը, ինչպես նաև Իրանի համար զգայուն հարցերը, որոնք վերաբերում են ռեգիոնալ հաղորդակցական ուղիներին։ Ըստ նրա, դա արտացոլվել է Իրանի ԱԳ նախարարի մեկնաբանությունում։\

«Ռուսական կողմի կողմից այդ ռեգիոնի մասին չմատնանշելը կարող է ունենալ տարբեր պատճառներ։ Ըստ իս, ՌԴ ԱԳ նախարարի այցերը Թուրքիա-Իրան-Կատար կապ ունի առավելապես մերձավորարևելյան և մասնավորապես սիրիական զարգացումների հետ, այսինքն՝ այս այցերի գլխավոր թեման Սիրիան է, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։ Հակված չեմ կարծել, որ այս այցերը կապ ունեն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների և Ուկրաինայի շուրջ հնարավոր համաձայնության հետ։ Ռուսաստանն ունի ներկայություն Սիրիայում և ցանկանում է դա պահպանել, դա առաջնային հարցն է եղել, ամենայն հավանականությամբ, այս բանակցություններում։

Իրանի հետ օրակարգն ավելի լայն էր, որը ներառում է՝ ինչպես ռեգիոնալ տարբեր օրակարգեր, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններ, քանի որ այս տարի ՌԴ-ն ու Իրանը մեծ փաստաթուղթ ստորագրեցին, ինչպես նաև միջուկային ծրագիր, որի հարցում ՌԴ-ն հանդես է գալիս՝ որպես Իրանի աջակից, ինչպես նաև գուցե ԱՄՆ-Իրան հեռակա շփումների միջնորդ։ Սա կարևոր հանգամանք է Իրանի համար, քանի որ ԱՄՆ նոր վարչակազմը ճնշումներով է սպառնում Իրանին, սիոնիստական ռեժիմն է՛լ ավելի է սրում իրավիճակը, և այստեղ Ռուսաստանի դերակատարությունը կարող է կարևոր լինել Իրանի համար»,- ասաց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, Կայհան Բարզեգարի կարծիքով, Ռուսաստանը գուցե ցանկանում է վերականգնել իր միջնորդությունը ռեգիոնում, ուստի այս հարցը չի ցանկանում քննարկել ռեգիոնալ այլ երկրների հետ։ «Կամ գուցե այն ներկայումս ՌԴ-ի համար առաջնահերթությունների և հրատապ հարցերի ցանկում չէ։ Ի տարբերություն ՌԴ-ի՝ Իրանի համար հարավկովկասյան ռեգիոնը ներկայումս չափազանց կարևոր է, Իրանը փորձում է ինտենսիվ աշխատել, նպաստել իրավիճակի կայունացմանը և պահել ռեգիոնն ու հակամարտությունն ուշադրության կենտրոնում, չնայած հանգամանքին, որ այլ դերակատարները զբաղված են գլոբալ հարցերով»,- նկատեց նա։

Ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովը ևս գտնում է, որ թե Անկարայում, թե Թեհրանում Հարավային Կովկասում իրավիճակը խորությամբ քննարկվել է, սակայն պարտադիր չէ, որ այն հայտնվի հրապարակային դաշտում։

«Ներկայումս ՌԴ-ի համար կան ակտուալ ուղղություններ, որոնք պայմանավորված են կոնկրետ զարգացումներով։ Հարավային Կովկասը, իհարկե, չափազանց կարևոր է, սակայն Սիրիայում իրավիճակներ են զարգանում վերջին ամիսներին, որոնք ՌԴ-ն հրատապ կարգով քննարկում է Աստանայի ֆորմատի իր գործընկերների հետ, որոնցից մեկը՝ Անկարան, ներկայումս մեծ ազդեցություն ունի Սիրիայում։ Անկարայում այլ հրատապ հարցերից էին Ուկրաինայի հարցը, երկկողմ հարաբերությունները, իսկ Իրանում՝ միջուկային ծրագիրը, Հյուսիս-Հարավն ու բազմակողմ ձևաչափերը։ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը վերջին ամիսներին էապես դանդաղել է, ինչը պայմանավորված է աշխարհաքաղաքական զարգացումներով։ Կարծում եմ՝ ՌԴ-ԱՄՆ բանակցություններին զուգահեռ՝ ռուսական կողմն այս հարցին կսկսի ավելի մեծ ուշադրություն դարձնել»,- նկատեց Տարասովը։

Սակայն նա հակված է կարծել, որ չնայած ռուսական կողմն առաջ է մղում «3+3» ձևաչափը, առավելապես կցանկանա վերականգնել իր միջնորդի դերը։ «Եթե դա չհաջողվի, նոր միայն կդիտարկվի այս հարթակը։ Իսկ Իրանի համար հենց այս հարթակն է հնարավորություն՝ Երևանի և Բաքվի հարցերում որոշակի միջնորդական դերակատարություն ունենալու համար, քանի որ Թեհրանը երբեք նման դերակատարություն չի ունեցել ռեգիոնում։ Դա է պատճառը, որ Իրանն անդրկովկասյան զարգացումներին անդրադառնալիս, շեշտում է հենց այս հարթակի մասին»,- ասաց Տարասովը։

Տեսանյութեր

Լրահոս