Տիկնա՛յք, Փաշինյանը հավերժ չէ. վաղը դրա պատասխանը դուք եք տալու. Ազատազրկված անձանց հոգևոր խնամքից զրկելու հետքերով
Հայ Առաքելական եկեղեցու վրա Նիկոլ Փաշինյանի հարձակման ալիքը հասավ նաև Քրեակատարողական ծառայություն (ՔԿԾ)։ Հենց Փաշինյանի բարձր հովանու ներքո ՔԿԾ և եկեղեցու հարաբերություններում այնպիսի լարված իրավիճակ ստեղծվեց, ինչպիսին չի եղել ՔԿԾ և քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայության հիմնադրումից ի վեր։
Ինչպես բանակի պարագայում, այնպես էլ ազատությունից զրկման վայրերում հոգևոր ծառայություն իրականացնելու համար դրվեցին այնպիսի պայմաններ, որ դրանք անհնարին էին դարձնում հոգևորականների մուտքը ՔԿՀ-ներ և այնտեղ նրանց ծառայության իրականացումը:
Այս առնչությամբ 168.am-ը գրավոր հարցմամբ դիմեց Արդարադատության նախարարություն, քանի որ Եկեղեցու և Արդաադատության նախարարության միջև էր կնքվել պայմանագիրը։
Նկատենք, որ վերջին շրջանում նկատվող լարվածությունը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև նոր դրսևորումներ է ստանում։ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայության կազմակերպման ձևաչափի փոփոխությունը, հոգևորականների հետ անհատական պայմանագրերի կնքումը և գործընթացի շուրջ ստեղծված փակ տեղեկատվական դաշտը հարցեր են առաջացրել թե՛ եկեղեցական, թե՛ հանրային շրջանակներում։
Տևական ժամանակ անց ստացված ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պատասխանը, ավելի ճիշտ՝ ՔԿԾ կողմից պատրաստված և մեզ վերահասցեագրված պատասխանը, ավելի ճիշտ՝ ՔԿԾ տեսակետն ավելի շուտ շրջանցում էր մեր հարցերը, քան պատասխանում հարցերին։
Արդարադատության նախարարությունից փորձել էինք ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝
ՀՀ Արդարադատության նախարարության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև գործող պայմանագիրն արդյո՞ք միակողմանի է դադարեցվել, և արդյո՞ք այդ մասին տեղեկացվել է Մայր Աթոռին:
Այս հարցի ուղիղ պատասխանը մենք չենք ստացել։ Փոխարենը՝ հայտնում են, թե քահանաների հետ կնքված նոր պայմանագրերը «չեն հակասում» ՀՀ քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավադրույթներին։ Սակայն չի նշվում՝ գործո՞ղ է արդյոք նախկին պայմանագիրը, փոփոխվե՞լ է, սառեցվե՞լ է, թե՞ փաստացի շրջանցվել է։
Կարելի է ենթադրել, ասենք, ՀՀ արդարադատության նախարարը ՔԿԾ նոր պետ է նշանակում՝ հաշվի չառնելով Նիկոլ Փաշինյանի նշանակման հրամանը. ուղղակի իր սրտի ՔԿԾ պետ է նշանակում և սկսում է աշխատել նրա հետ։ Հետաքրքիր է՝ ինչպես կվերաբերվի սրան Նիկոլ Փաշինյանը։ Ճիշտը, նախարարին կծեփրտի պատերով: Բայց այս մարդիկ մտածում են, որ նույն իրավիճակում Վեհափառ Հայրապետը պետք է լուռ նայի ու հանդուրժի այն կամայական ապօրինությունները, որոնք այս իշխանությունն անում է: Այսպիսով, ամենակարևոր հարցերից մեկը մնում է անպատասխան։
Չի տրվել նաև հստակ պատասխան այն հարցին՝ արդյո՞ք ՔԿԾ պետը լիազորված է միանձնյա կերպով փոխել կամ փաստացի վերաձևակերպել նախարարության և եկեղեցու միջև հարաբերությունների ձևաչափը։ Փոխարենը՝ Արդարադատության նախարարությունը պարզապես հղում է անում օրենսդրությանը և նշում, որ պայմանագրերը կնքվել են օրենսգրքի հիման վրա՝ չպարզաբանելով՝ այդ որոշումը քաղաքական, վարչական կամ իրավական ի՞նչ ընթացակարգով է ընդունվել։
Արդարադատության նախարարությունը հաստատում է, որ հոգևորականների հետ կնքվել են աշխատանքային պայմանագրեր՝ չնշելով պայմանագրի տեսակը։ Սակայն այստեղ ևս բացակայում է կարևոր տեղեկատվությունը․ չի ներկայացվում վարձատրության չափը։ Նշվում է միայն, որ այն կախված է սպասարկվող հիմնարկների քանակից և ժամաքանակից։ Այսինքն՝ քաղաքացիների հարկերից ձևավորվող միջոցներով ֆինանսավորվող ծառայության արժեքը մնում է գաղտնի։
Այն հարցին՝ որ թեմերից են ՔԿԾ հետ պայմանագիր կնքած հոգևորականները, և ովքեր են նրանք, հայտնում են միայն, որ կնքվել է 6 պայմանագիր, իսկ 5 հոգևորական արդեն այցելել են տարբեր քրեակատարողական հիմնարկներ, սակայն այդպես էլ չեն հրապարակվում հոգևորականների և թեմերի անունները։ Փաստացի՝ հանրությունը չի կարող հասկանալ՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվել այդ անձինք։
Հատկանշական է, որ լրիվ անպատասխան է մնացել նաև այն հարցը՝ եղե՞լ են արդյոք հոգևորականներ, որոնք հրաժարվել են պայմանագիր կնքել ՔԿԾ-ի հետ։ Այս լռությունը հատկապես ուշագրավ է այն պայմաններում, երբ վերջերս ՔԿԾ և եկեղեցական շրջանակներում քննարկվում են պետություն-եկեղեցի հարաբերությունները։
Միակ հարցը, որին քիչ թե շատ ամբողջական պատասխան է տրված, վերջինն է․
ՔԿԾ–ն հայտնում է, որ վերջին այցը կատարվել է 2026 թվականի ապրիլի 28-ին՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։Սակայն ըն
դհանուր առմամբ եթե վերլուծենք, պատկերը ցույց է տալիս, որ Արդարադատության նախարարությունը փորձել է առավելապես ներկայացնել իրավական և ընդհանուր բնույթի ձևակերպումներ՝ խուսափելով բովանդակություն ունեցող հարցերից։
Մինչդեռ, փորձել էինք պարզել՝ արդյոք պետությունը փոխո՞ւմ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հարաբերությունների ձևաչափը քրեակատարողական համակարգում, և եթե այո՝ ո՞ւմ որոշմամբ ու ի՞նչ ընթացակարգով։
Իսկ հիմա փորձենք այլ տեսանկյունից ներկայացնել այս ամբողջը։
Ամեն ինչ սկսվեց այս տարվա փետրվարի 3-ին, երբ ՀՀ Արդարադատության նախարարին ներկայացվեցին ՔԿԾ 2025 թվականին իրականացված աշխատանքները։ Սրբուհի Գալյանն ամփոփիչ խոսքում, մի շարք հարցերից բացի, անդրադարձավ ՔԿՀ-ներում հոգևոր ծառայությանը՝ նշելով, որ իրեն տեղեկություններ են հասել, թե իբր քահանաները հիմնարկներում քաղաքական քարոզչությամբ են զբաղված, բնականաբար, ոչ ի նպաստ Նիկոլ Փաշինյանի, այլապես այդ հարցին չէր անդրադառնա։
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանն էլ հասկացավ շեֆ-ընկերուհու «նամյոկը», և ամեն ինչ սկսվեց Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանից։
Պատճառ բերեցին, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քաղաքական հայտարարություններ է արել՝ դրանով խախտելով նախկինում ՔԿՀ-ում մուտքի համար տրված թույլտվության պայմաններն ու նպատակները, ուստի նրան տրված թույլտվությունը դադարեցվել է, և ՔԿԾ-ն սկսեց գործընթացը։
Հետաքրքիր է՝ Տեր Գրիգորի պարագայում, եթե ընդունենք ՔԿԾ պարզաբանումը, ենթադրենք՝ նա քաղաքական քարոզչությամբ էր զբաղվել, այդ դեպքում ինչո՞ւ արգելվեց նաև այլ ՔԿՀ-ներում քահանաների մուտքը։
Մի ուշագրավ հանգամանք՝ ևս. ՔԿԾ պաշտոնական կայքում վերջին հոգևոր հրապարակումն արվել է մարտի 16-ին. «Վարդաշեն» ՔԿՀ-ում հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանն ազատազրկված անձանց հետ անցկացրել է զրույց-քննարկում՝ նվիրված Մեծ պահքի և ապաշխարության խորհրդին։
Արդարադատության նախարարությունից պատասխանել էին, որ վերջին անգամ հոգևորական այցելել է «Աբովյան» ՔԿՀ ապրիլի 28-ին։ ՔԿԾ կայքում նման հրապարակում չկար. փոխարենը, ապրիլի 29-ին ՔԿԾ պետի ուղեկցությամբ «Աբովյան» ՔԿԾ էր այցելել ծանրորդ Նազիկ Ավդալյանը։
Պարզվեց, որ այդ օրը ներկա է եղել նաև հոգևորական, ավելի ճիշտ՝ տեր Պողոսը։ Վերջինս Մասյացոտնի թեմից է, կարգալույծ թեմի նախկին առաջնորդ, տիրադավ Գևորգ Սարոյանի ամենահավատարիմ քահանան։

Այսինքն՝ Արման Սարոյանը, կարգալույծ լինելով, շարունակում է ՀԱԵ փողերից միլիոններ տանել, իսկ իրեն հավատարիմ քահանան էլ ՔԿԾ բյուջեից է սկսել օգտվել։
Փաստացի բոլոր քահանաները, որոնց հետ ՔԿԾ-ն պայմանագիր է կնքել, հաստատ տիրադավների շրջապատից են։ Հետաքրքիր է՝ ՔԿԾ պետն ի՞նքն է որոշել օգտվել նրանց ծառայությունից, թե՞ նախարարի կամ, ասենք, Նիկոլ Փաշինյանի հորդորով է դա արվել։ Համոզված ենք, որ նորմալ, Հայ Առաքելական եկեղեցու նվիրյալ հոգևորականները դժվար թե համաձայնեին պայմանագիր կնքել ՔԿԾ-ի հետ։
Ու մի բան էլ՝ կնքել-կնքել են, ինչո՞ւ է 6-ից միայն մեկը ՔԿՀ գնում, ինչո՞ւ մյուս 5 հոգևորականների մասին տեղեկություններ չկան, թեպետ Նախարարությունը պնդում է, որ պայմանագիր կնքած հոգևորականները 6-ն են: Իսկ միգուցե վախենո՞ւմ են երևալ կամ մտահոգություննե՞ր ունեն հետևանքների առնչությամբ:
Ինչ վերաբերում է պայմանագրին, ապա վարձատրությունն ինչպե՞ս են հաշվելու, օրինակ, ՔԿՀ մեկ այցը՝ պայմանական 100 դրամ, կնունքը՝ 200, ազատազրկվածի հետ զրուցելը՝ 300 դրա՞մ։
Այն, ինչը ժամանակին հարկատուների հաշվին չէր արվում, այսօր արվում է, և տիրադավների հսկողության տակ գտնվող քահանաների ձեռքը հասել է նաև ՀՀ բյուջեին, այսինքն՝ բոլորիս գրպաններին: Ստացվում է, որ ազատազրկված անձանց հոգևոր պահանջմունքների բավարարման համար նույնպես հզոր հարկատուն է վճարում:
Իսկ իրականում Քրեակատարողական հիմնարկներում շուրջ 15 տարի հոգևոր սպասավորությունը ղեկավարած, այժմ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Ռուբեն վարդապետ Զարգարյանն օրերս ասուլիսի ընթացքում նշեց, որ այցեր չկան հիմնարկներ, հազիվ մեկ կամ երկու դեպք։
Եվ, այո՛, մեր տեղեկություններով՝ իրոք նոր քահանաները չեն այցելում հիմնարկներ, մեկ կամ երկու դեպք է արձանագրվել բոլոր ՔԿՀ-ներում։ Հետաքրքիր է, կվարձատրվե՞ն արդյոք նրանք, և ընդհանրապես, նրանց մոտ վախ կա՞ ազատազրկված անձանց հետ հանդիպելու մասով, հատկապես, եթե ներսում իմանան, որ իրենց այցելողները տիրադավների խմբակից են, և արդյո՞ք պայմանագրային հիմունքներով ծառայության անցած հոգևորականները ՀԱԵ և կաթողիկոսի անձի նկատմամբ հակաքարոզ չեն անելու, վստահ չենք՝ ելնելով առօրյա զարգացումներից, և Սրբուհի Գալյանի ականջին եթե նման տեղեկություն հասնի օրերից մի օր, հավանաբար, ոչ թե կարգելի մուտք գործել հիմնարկներ, այլ, թերևս, կպարգևատրի, բնականաբար՝ ՔԿԾ բյուջեից` մեր՝ հարկատուներիս հաշվին։
Սպասենք ՔԿԾ պաշտոնական կայքում կրոնական միջոցառման հերթական լուսաբանմանը։

Իսկ Սրբուհի Գալյանն ու նրա ընկերուհի Ծովինար Թադևոսյանը թերևս պիտի իմանան՝ ում հետ գործ ունեն, ում են զրկում հոգևոր հոգածությունից: Վաղն էդ մարդիկ դուրս են գալու, Փաշինյանն էլ հավերժ չէ, ու մի օր նրանց այդ հարցը վստահաբար տրվելու է, թեկուզ փողոցում դեմ-հանդիման հանդիպման ժամանակ՝ ինչո՞ւ նեղ տեղում գտնվող մարդկանց զրկեցիք հոգևոր ծառայությունից: Հուսամ՝ տիկնայք այդ հարցի պատասխանն ունեն:



