Հետաքննվում է ԱԹՍ-ի հարձակումը ԱՄԷ-ի «Բարաքա» ԱԷԿ-ի վրա. կողմերը խուսափում են Իրանին մեղադրելուց
Արաբական Միացյալ Էմիրությունների «Բարաքա» ատոմակայանի վրա կիրակի տեղի ունեցած անօդաչու թռչող սարքի աննախադեպ հարձակման շուրջ առեղծվածը երկուշաբթի էլ ավելի է խորացել, երբ Էմիրությունները հայտարարել են, որ դրոնը թռել է իրենց արևմտյան սահմանի կողմից, սակայն չեն մեղադրել Իրանին, հայտնում է Euronews-ը:
«Բարաքա» ատոմակայանի վրա դրոնի հարձակումից 24 ժամ անց Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են այն, ինչ իրենք անվանել են «չհրահրված ահաբեկչական հարձակում»՝ հստակեցնելով, որ անօդաչուն «երկրի տարածք է մտել արևմտյան սահմանի կողմից»։
Միևնույն ժամանակ, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Պարսից ծոցի ու դրանից դուրս գտնվող այլ երկրներ ուղղակիորեն չեն մեղադրել Իրանին հարձակման համար, ինչը կարող է նաև մատնանշել հարվածի այլ աղբյուր՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանի երկրները մշտապես հսկում են օդային տարածքը՝ իրանական հնարավոր հարձակումները հայտնաբերելու համար։
Ըստ Արաբական Միացյալ Էմիրությունների հայտարարության՝ կիրակի օրը «Բարաքա» ատոմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով կայանի տարածքում հրդեհվել է էլեկտրական գեներատոր, սակայն ոչ ոք չի տուժել, իսկ ճառագայթային անվտանգության մակարդակը չի խախտվել։
Արաբական Միացյալ Էմիրություններն զգուշացրել է, որ «ոչ մի պարագայում չի հանդուրժի իր անվտանգությանն ու ինքնիշխանությանն ուղղված որևէ սպառնալիք և իրեն է վերապահում բոլոր ինքնիշխան, օրինական, դիվանագիտական և ռազմական իրավունքները՝ ցանկացած սպառնալիքի, մեղադրանքի կամ թշնամական գործողության պատասխանելու համար»։
Արաբական Միացյալ Էմիրությունների արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների նախարար դոկտոր Սուլթան Ահմեդ Ալ-Ջաբերը, որը միաժամանակ ADNOC պետական նավթային ընկերության ղեկավարն է, երկուշաբթի հայտարարել է, որ հարձակումից հետո երկրի վճռականությունը «միայն ուժեղանում է»։ ««Բարաքա»-ի վրա հարձակումը ահաբեկչական ակտ է խաղաղ նախագծի դեմ, որը կառուցված է անվտանգության ամենաբարձր չափանիշներով և էլեկտրաէներգիա է մատակարարում ԱՄԷ-ի տներին, հիվանդանոցներին ու արդյունաբերությանը, ինչպես նաև ընդդեմ ցանկացած երկրի՝ զարգանալու, առաջընթաց ապրելու և իր քաղաքացիներին մաքուր էներգիայով ապահովելու իրավունքի»,- գրել է Ալ-Ջաբերը X-ի իր հայտարարության մեջ։
Պարսից ծոցի և Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասը դատապարտել է հարձակումը։ Կատարի ԱԳՆ-ն այն անվանել է «միջազգային իրավունքի կոպիտ խախտում և լուրջ սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը»։
Միևնույն ժամանակ, երկուշաբթի Համաշխարհային միջուկային ասոցիացիան հայտարարել է, որ ատոմակայանն աշխատում է անվտանգ ռեժիմով։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են ԱԷԿ-ների և քաղաքացիական այլ էներգետիկ օբյեկտների մոտակայքում ռազմական գործողությունների համար, պահպանել Ժնևի կոնվենցիաների դրույթները։



