ԱՄՆ-ը շուտով կարող է վերսկսել «լիամասշտաբ մարտական գործողությունները» Իրանում. նախկին գեներալ

ԱՄՆ-ը գտնվում է Իրանի դեմ «լիամասշտաբ մարտական գործողությունների» վերսկսման շեմին՝ խաղաղության բանակցությունների տապալման և Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին, հայտարարել է ամերիկյան պաշտոնաթող բարձրաստիճան գեներալը։

Գեներալ Ջեք Քինը, որն Իրաքի և Աֆղանստանի պատերազմների սկզբում զբաղեցրել է ԱՄՆ բանակի շտաբի պետի պաշտոնը, Fox News-ի եթերում հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության առաջարկներից Իրանի վերջին հրաժարումից հետո, ԱՄՆ-ն ու Իսրայելը պատրաստ են վերսկսել հարվածները՝ օգտագործելով ապրիլի 8-ի հրադադարից ի վեր հավաքած հետախուզական տվյալները։

«Դա լինելու է ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ գործողություն՝ լիամասշտաբ, առանց սահմանափակումների ու կիսաքայլերի»,- America’s Newsroom հաղորդման ժամանակ ասել է Քինը։

Նա հավելել է, որ հրադադարի հաստատման պահից ի վեր նախագահը «մեծ համբերություն» է ցուցաբերել, և Վաշինգտոնը փորձում էր հասնել համաձայնության, սակայն, նրա խոսքերով, «դա, կարծես թե, անհնար է»։

Քինը պնդում է, որ ԱՄՆ-ը հստակ պատկերացում ունի Իրանի մնացած ռազմական կարողությունների մասին, և որ ամերիկա-իսրայելական նախորդ համատեղ հարվածները, որոնք սկսվել էին փետրվարի 28-ին, իբր ոչնչացրել են թիրախների զգալի մասը՝ թողնելով օբյեկտների մոտ 30%-ը, որոնց դեռ պետք է հարվածել։

Ըստ նրա՝ հաջորդ թիրախները կարող են դառնալ Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերին առնչվող մնացած օբյեկտները, ինչպես նաև այն ենթակառուցվածքները, որոնք ապահովում են նրա ռազմական պոտենցիալը։

Բացի դրանից, գեներալը ենթադրել է, որ ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել նաև Իրանի եկամտի աղբյուրներին, մի քայլ, որի մասին նախկինում բազմիցս խոսել է Թրամփը։

«Ակնհայտ է, որ Խարգ կղզու շրջափակումն արդեն իսկ լուրջ ազդեցություն է ունենում,- ասել է Քինը՝ նկատի ունենալով Հորմուզի և Օմանի նեղուցների շրջանում իրականացվող գործողությունը։- -Սակայն այդ հարվածն էլ ավելի կսահմանափակի եկամուտ ստանալու նրանց հնարավորությունները»։

Ըստ Քինի՝ Իրանը հույս ունի, որ Հորմուզի նեղուցի փակումը և համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող քաոսը ԱՄՆ-ին կստիպեն դադարեցնել ռազմական արշավը, և ակնկալում է, որ իր սեփական տնտեսությունը կդիմանա ճնշմանը։

«Նրանք փորձում են պարզապես ժամանակ շահել և ուժեղացնել նախագահի վրա քաղաքական ու տնտեսական ճնշումը։ Եվ նրանց չի հետաքրքրում մարդկանց տառապանքը»,- հայտարարել է նա։

Քինի մեկնաբանությունները հնչել են Թրամփի այն զգուշացումներից հետո, ըստ որոնց Իրանը պետք է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքի, այլապես հետևանքները լուրջ կլինեն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031