
ԵՄ գնացողնե՛ր, այն, ինչ տեսնում եք Ուկրաինայում, ձեզ ոչինչ չի՞ ասում. Կարեն Բեքարյան
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները փետրվարի 25-ին դարձյալ քննարկվեցին Հայաստանի Ազգային ժողովում. այս անգամ հարցը քննարկվում էր Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրախորհրդարանը ներկայացնող մի շարք պատգամավորներ։
Նախ՝ նիստի սկզբում ելույթ ունեցավ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ հատուկ ընդգծելով՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ։
Դեսպանը նաև պատվի արժանացրեց ՀՀ Կառավարությանը՝ կայացրած որոշումների համար։
«Պատիվ եմ ուզում տալ ՀՀ Կառավարությանը Հռոմի ստատուտը վավերացնելու համար, բայց շատ ավելին կարելի է անել»,- ասաց նա։
Նիստին ներկա Եվրախորհրդարանի պատգամավորներն իրենց հերթին ողջունեցին Հայաստանի Կառավարության ձգտումը ԵՄ անդամ դառնալու հարցում, սակայն շեշտեցին՝ Եվրամիություն գնալու ճանապարհին Հայաստանը որևէ մեկից որևէ բան չի կարող պահանջել։
«ԵՄ ներսում արդեն կան խնդիրներ. անդամ որոշ պետությունները դեմ են ԵՄ ընդլայնմանը, ասում են, որ պետք է կենտրոնանալ ավելի շատ ԵՄ ներսի խնդիրների վրա, հետևապես, եկեք այդ նպատակն ունեցեք՝ առանց պահանջների։ Հայաստանն ունի շանս փոխելու աշխարհաքաղաքական ուղղությունը. բայց մեզանից բան մի պահանջեք, ամեն ինչ կախված է ձեզանից»,- ասաց քննարկմանը մասնակից եվրոպացի պաշտոնյան։
Մեկ այլ ԵԽ պատգամավոր էլ, որը ներկայացնում էր Լիտվան, Հայաստանին հիշեցրեց՝ իրենք ԵՄ անդամ դառնալուն սպասել են 14 տարի։
«Այս դեպքում հարց է՝ արդյո՞ք ԵՄ անդամ կարող է դառնալ Հարավային Կովկասի երկիր. դուք պետք է այս հարցում ԵՄ-ին լավ ազդակներ տաք, որ մենք ձեզ աջակցենք»,– ասաց պատգամավորը։
Նրան հաջորդեց Կիպրոսի պաշտոնյայի ելույթը, որով վերջինս Հայաստանին կոչ արեց հիշել. «Միայն ԵՄ-ի կողքին կարող եք ապահովել ձեր ապագան»։
Նշենք, որ ԵՄ անդամ Կիպրոսի 70 տոկոսն օկուպացված է Թուրքիայի կողմից, և նույն ԵՄ-ն տասնամյակներ շարունակ չի կարողանում համոզել Թուրքիային՝ լքել Կիպրոսը։
«Հայացք» վերլուծական կենտրոնի Խորհրդի նախագահ, Արցախ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի անդամ Կարեն Բեքարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ խոսելով այս քննարկման ու եվրոպացի պաշտոնյաների կողմից Հայաստան հղվող մեսիջների մասին, նախ շեշտեց՝ Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցն իր համար ոչ միայն հեռու չէ, այլ նաև՝ անհնար։
«ԵՄ կողմից ազդակը չի եղել։ Բացի այդ, ԵՄ գնացողներ, այն ամենը, ինչ տեսնում եք Ուկրաինայում, դա ձեզ արդյոք ոչինչ չի՞ ասում, այսօր քննարկում են ուկրաինական ռեսուրսների օգտագործման հարցը, այսօր ԱՄՆ-ը ասում է՝ մինչև հիմա Ուկրաինային ինչ խոստացել են, հիմարություն է եղել, ինչ փող էլ ստացել են, պետք է հետ տան։ Լավ, դա մեզ համար դաս չի՞։ Այսօր մի ամբողջ Ուկրաինա կանգնեցրել են փաստի առաջ, ասում են, որ՝ սխալ ակնկալիք եք ունեցել»,- ասաց Կարեն Բեքարյանը՝ ընդգծելով՝ արդյո՞ք նույնը չեն ուզում անել Հայաստանի հետ, չէ՞ որ, երբ ուզում են աշխարհաքաղաքական վեկտոր փոխել, մինչև հասնեն մյուս տանիքի տակ, «արանք է գոյանալու», և հարցական է՝ ինչո՞վ է լցվելու Հայաստանի դեպքում։
«Լավ, Եվրոպան լուծե՞ց Ուկրաինայի անվտանգության խնդիրը, չէ՞ որ դա օրինակ է և ոչ հեռավոր անցյալի օրինակ, այլ ներկայի, բոլորիս աչքի առաջ է դա, ոչ թե պատմական։ Կամ՝ անդամակցության փիառն անում եք, ԵԱՏՄ գործընկերները դա ընկալում են՝ որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու մեկնարկ։ Հարց՝ դա մեզ վնաս բերո՞ւմ է, թե՞ ոչ։ Իհարկե բերում է։ Քո գործընկերները քեզ դիտարկում են՝ որպես գնացող»,- ասաց Բեքարյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։