Պետական գույքի կառավարման կոմիտեն արձագանքել է «Ազատություն» ռադիոկայանի՝ «ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել» վերնագրով հրապարակմանը
Պետական գույքի կառավարման կոմիտեն անհրաժեշտ է համարում արձագանքել «Ազատություն» ռադիոկայանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի «ANIF-ը լուծարվում է, ANIF-ի դուստր ձեռնարկությունը՝ շարունակում գործել» վերնագրով հրապարակմանը (այսուհետ՝ Հրապարակում)՝ հատկապես հաշվի առնելով, որ Հրապարակման մեջ նշված որոշ տեղեկություններ կարող են թյուրիմացաբար ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև ապակողմնորոշել ֆոնդի գործընկերներին։ Այս մասին ասված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։
«Մասնավորապես, նշվել է, որ՝ «Փաստացի, կառավարությունը մի կողմից խոստովանում է, որ ANIF-ի գործունեությունը «ձախողում էր և խայտառակություն», մյուս կողմից պահում է իր բաժնետոմսերը այս 8 պորտֆելային ընկերություններում, ներդրումներ, որոնցից մի քանիսը վիճահարույց էին»։
Մինչդեռ դեռևս ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1240-Լ որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հաստատվել է, որ «Ձեռնարկատեր + Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդին (այսուհետ՝ Ֆոնդ) պատկանող թվով 8 պորտֆելային ընկերություններում մասնավոր բաժնեմասնակցային ներդրումների արդյունքում ձեռք բերված բաժնետոմսերը ենթակա են օտարման։ Որոշմամբ հստակ սահմանվել են օտարման պայմանները, գները, Ֆոնդի գործընկերներին ներկայացվող առաջարկի մանրամասները, ժամկետները: Հրապարակման մեջ կառավարության այս որոշմանը որևէ անդրադարձ չի կատարվել, ենթադրաբար այն պատճառով, որ այդ պարագայում հրապարակումն ինքնին և դրա մեջ տեղ գտած եզրահանգումները կդադարեին արդիական լինելուց: Որոշման նախագծի հիմնավորման մեջ (որն ի դեպ նույնպես հանրամատչելի է և հետևաբար հատկապես հասանելի նաև հետաքննող լրագրողների համար), նշվել է նաև, որ՝ բաժնետիրական համաձայնագրերի դրույթներով առաջնորդվելու դեպքում առկա են բարձր ռիսկեր ընկերությունների անվճարունակ դառնալու և սնանկության մասով, ուստի նախագիծը նպատակ է հետապնդում այլընտրանքային առաջարկ ներկայացնել մասնավոր ներդրողներին՝ պետության համար ընդունելի պայմաններով։
Կարևոր է ընդգծել, որ Որոշման նախագծի և դրա հիմնավորման համար հիմք է հանդիսացել Ֆոնդի կառավարչի կողմից պարբերաբար իրականացվող վերլուծությունները և մշտադիտարկումները, և Որոշման արդյունքում ակնկալվում է, որ միայն թվով 5 պորտֆելային ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի հանրագումարը կարող է կազմել շուրջ 4,9 միլիարդ ՀՀ դրամ՝ ի համեմատ Ֆոնդի կողմից այդ 5 ընկերություններում ներդրված շուրջ 3,9 միլիարդ ՀՀ դրամի։
Այսպիսով, քանի դեռ Որոշմամբ սահմանված գործընթացները լիարժեք չեն իրականացվել, Ֆոնդի լուծարումը գործող իրավական կարգավորումների շրջանակներում հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է բաժնետիրական համաձայնագրերը և ֆինանսական հաշվետվությունները լրատվամիջոցին տրամադրելուն՝ Կոմիտեն վերահաստատում է՝ լրատվամիջոցները, անհրաժեշտության դեպքում, կարող են դիմել տվյալ ընկերություններին համապատասխան տեղեկատվությունն ստանալու համար։ Միաժամանակ, պետք է ընդգծել, որ առևտրային գաղտնիք պարունակող կամ կոնֆիդենցիալ բնույթ ունեցող տվյալներն առանց ընկերության և/կամ մյուս բաժնետերերի համաձայնության Կոմիտեի կողմից հրապարակման ենթակա չեն։
Բաժնետիրական համաձայնագրերի և ֆինանսական հաշվետվությունների հնարավոր առևտրային գաղտնիքներ պարունակելուց բացի, հարկ է ընդգծել նաև, որ Ֆոնդին պատկանող բաժնետոմսերը գնելու նպատակով չի բացառվում, որ պորտֆելային ընկերությունների մյուս բաժնետերերը կարող են փորձել գտնել նոր ներդրողներ, և չի բացառվում նաև, որ բաժնետիրական համաձայնագրերի և/կամ ֆինանսական հաշվետվությունների հրապարակումը կարող է խոչընդոտել կամ բացասաբար անդրադառնալ նրանց կողմից վարվող բանակցությունների վրա։
Կոմիտեն հորդորում է բոլոր լրատվամիջոցներին՝ խստորեն պահպանել պաշտոնական աղբյուրներից ստացվող տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը և հաշվի առնել, որ Հրապարակման մեջ տեղ գտած ձևակերպումները կարող են խեղաթյուրել պետության՝ Ֆոնդին պատկանող բաժնետոմսերի տնօրինման իրական մտադրությունները, ապակողմնորոշել բաժնետոմսերի պոտենցիալ գնորդներին և դրանով իսկ վնաս հասցնել Ֆոնդի և պետության օրինական շահերին»։

