
Աննա Հակոբյանը հասավ Մատենադարանին, հաջորդը ռազմական ակադեմիա՞ն է լինելու

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցից՝ «Հայկական ժամանակից», տեղեկանում ենք, որ փետրվարի 21-ին Մատենադարանում «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Հաղորդակցության հմտություններ» խորագրով վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթացը։
Նշվում է, որ «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը շնորհակալություն է հայտնել Մատենադարանի տնօրինությանը՝ գիտական մասնաշենքի Հրաչյա Թամրազյանի անվան դահլիճը տրամադրելու համար՝ բարձր գնահատելով հյուրընկալ միջավայրը և համագործակցության հնարավորությունը։
168.am-ը մի քանի անգամ հեռախոսային և ոչ հեռախոսային տարբերակով փորձեց Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանից պարզել՝ ինչո՞ւ է որոշվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի դահլիճը տրամադրել մասնավոր կազմակերպության դասընթացի անցկացման համար, և դա եղել է անվճա՞ր, թե՞ վճարովի հիմունքներով, բայց իշխանամերձ այս պարոնն այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին և նամակներին, որոշ դեպքերում՝ զանգերը նույնիսկ անջատում էր, թերևս, կռահելով իրեն հիշելու առիթը:
Նշենք, որ 2002-2017թթ. Մատենադարանն ունեցել է ՊՈԱԿ-ի կարգավիճակ, որից հետո վերածվել է պետական հիմնադրամի, իսկ 1997թ. այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում և համարվում է հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը:
Իսկ հայոց ազգային հիշողությունում, պատմության մեջ խմբագրումներ և փոփոխություններ մտցնել փորձող Աննա Հակոբյանի հիմնադրամին Մատենադարանի դահլիճի տրամադրման գաղափարը շատ ավելի կոշտ գնահատականի կարելի է արժանացնել և արձանագրել, որ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի մատենադարան-ինստիտուտի տնօրենը, ըստ էության, դնում է իր «ստորագրությունը» Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի բոլոր այն հայտարարությունների տակ, որոնք դեմ են դուրս գալիս պատմական Հայաստանին, Հայոց պատմությանը և վտանգում այն, որոնք կասկածի տակ են դնում Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին Հայոց ցեղասպանության իրականացման պատճառը, սխալ համարում՝ Արարատի՝ որպես հայ ազգի հոգևոր և ազգային խորհրդանիշ լինելը, և այլն:
Այս որոշումը Մատենադարանի նման կարևոր կառույցի կարգավիճակն է «իջեցնում» և այստեղից հարց է ծագում՝ ցանկացած մասնավոր կազմակերպություն կարո՞ղ է վարձակալել Մատենադարանի դահլիճը:
Կարո՞ղ ենք ենթադրել նաև, որ մի օր Աննա Հակոբյանի սկսած կրթական-քաղաքական արշավը այս առումով կհասնի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, բայց ոչ թե հայկական հարցի և դրանում առկա պահանջատիրությունն ու փաստերի տարածման կարևորությունը շեշտելու նպատակով, այլ ճիշտ հակառակը: Կամ՝ օրինակ, Աննա Հակոբյանը մի օր որոշի, որ «Կրթվելը նորաձև է» իր քաղաքական նախաձեռնության ինչ-որ միջոցառման անցկացման համար շատ հարմար է ՀՀ պաշտպանության նախարարության կամ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դահլիճը:
Կարող է, չէ՞, Աննա Հակոբյանի գլխում նման միտք ծագել, և այստեղ հարց է առաջանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կհիշեցնի՞ կամ կպատասխանի՞՝ սա լավ կամ վատ պետություն է, գործ ունեն պետական կառույցի հետ, ոչ թե ինչ-որ հյուրանոցների, որոնցից շատերը տարբեր քաղաքական և ոչ քաղաքական միջոցառումների համար տրամադրում են դահլիճներ:
Հավելենք, որ Մատենադարանում անցկացված դասընթացի մասնակիցների մեծ մասը նախկինում մասնակցել էին Աննա Հակոբյանի հրավիրած «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին: Եվ, բնականաբար, այստեղ պետք է տեսնեինք նաև Արծրուն Հովհաննիսյանին, ով հանդիսանում է գործող սպա և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի, այսպես ասած, պաշտոնյա:
Այսինքն, գործ ունենք քաղաքական չեզոքության խախտման հետ, ինչի մասին 168.am-ը մեկ անգամ չէ, որ գրել է, և որն անտեսվել է պաշտպանական գերատեսչության և ռազմական ուսումնական հաստատության ղեկավարության կողմից, և դրա համար նրանցից յուրաքանչյուրն իր պատճառներն ունի:
Ի դեպ, փետրվարի 6-7-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել «Ռազմական գիտության ապագան ՀՀ զինված ուժերի կերպափոխման համատեքստում. գալիք պատերազմների մարտահրավերները և դրանց արդյունավետ հաղթահարման ուղիները» խորագրով գիտագործնական կոնֆերանս, որի ժամանակ Ուկրաինայում պատերազմի ռազմավարական և հայեցակարգային առանձնահատկությունների մասին զեկույցով հանդես է եկել Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը, հանդիպմանը ներկա է եղել նաև կուսակցական Արտակ Զեյնալյանը: Արդյո՞ք մի զեկույց էլ նա է ներկայացրել, թե՞ զուտ ներկայություն է ապահովել այդ միջոցառմանը, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԶՈՒ և ռազմա-ուսումնական հաստատությունների ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը և այլք, հայտնի չէ:
Իսկ այն, որ ոչ միայն 44-օրյա պատերազմը, այլ նաև ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ՊՆ-ում և ԳՇ-ում լրջորեն վերլուծեն և ճշգրիտ ռազմական ու ռազմաքաղաքական հետևություններ անեն, դա չի քննարկվում: Խոսքն այստեղ լրիվ այլ բանի մասին է: