Անընդհատ գիշատիչ տեմպերով պետական պարտքի ավելացումը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն դրսևորում․ Մասնագետները՝ կոռուպցիայի ընկալման ինդեքսում ՀՀ ցուցանիշի մասին
Transparency International կազմակերպությունն օրերս հանրայնացրեց 2024 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսը, որում ներառված է նաև Հայաստանը․ մեր երկիրն այս տարի ևս 47 միավորով զբաղեցրել է 63-րդ հորիզոնականն աշխարհի 180 երկրների և տարածքների շարքում: Կոռուպցիայի ընկալման ինդեքսը հիմնված է 13 անկախ հետազոտությունների և փորձագիտական գնահատականների տվյալների համակցության վրա և գնահատում է տվյալ երկրում կոռուպցիայի մակարդակը պետական հատվածում և քաղաքականության մշակման գործընթացում՝ հիմնվելով օտարերկրյա փորձագետների և գործարար համայնքի ընկալումների վրա։ Կոռուպցիայի մակարդակը գնահատվում է 0-100 միավոր․ 50-ից ցածր միավորներ ունեցող երկրները համարվում են կոռումպացված:
168․am-ի հետ զրույցում այս ցուցանիշին ու Հայաստանում առկա կոռուպցիոն դրսևորումներին անդրադարձել են մասնագետները։
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը շեշտում է՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ամեն օր առնչվում է կոռուպցիոն թաքնված ու առերևույթ դրսևորումների։
Որպես ցցուն օրինակ՝ մասնագետը հիշեցնում է պետգնումներում առկա իրավիճակը՝ նկատելով․ «Այստեղ արագ աճում են մեկ անձից գնումները։ Իսկ ընդհանուր առմամբ էլ, եթե դիտարկենք նույնիսկ մրցույթները, շահող կազմակերպությունները հիմնականում գտնվում են կա՛մ իշխանական շրջանակներում, կա՛մ որոշակիորեն փոխկապակցված են։ Այսինքն՝ ակնհայտ է, որ կոռուպցիան ունի նաև համակարգային բնույթ, և ուղղակի ինչ-որ առումով փոխվել են դրա դրսևորման ձևերն ու մեխանիզմները»։
ԱԺ պատգամավորը հավելեց՝ եթե նախկինում խոսում էին պետգնումներում առկա «ատկատ» երևույթի մասին, ապա այսօր հենց իշխանություններն են հիմնում կազմակերպությունները, մասնակցում մրցույթների, իսկ գերշահույթը գնում է իրենց ու իրենց շրջանակների գրպանը։
«Փորձում են ուղտի վրա նստած կուզեկուզ գնալ, իրենց էլ թվում է, թե իրենք չեն երևում, մինչդեռ իրենք արդեն գտնվում են ուղտի վրա»,- ամփոփեց Թադևոս Ավետիսյանը։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանի կարծիքով՝ «կոռուպցիան համապատասխան ինդեքսներով գնահատելն արհեստական բնույթ ունի»։
Ի դեպ, նա այս տեսակետը հայտնեց և՛ որպես մասնագետ, և՛ որպես նախկին պետական ծառայող, իսկ ասվածը պարզաբանեց Վրաստանի ոչ վաղ անցյալի օրինակով։
«Երբ Սահակաշվիլու իշխանության տարիներին այս համատեքստում փոփոխություններ տեղի ունեցան, ասում էին՝ կոռուպցիան վերացել է։ Հետո մի շատ լավ տերմին դրվեց շրջանառության մեջ, ասում էին, որ վերացել է մանրածախ կոռուպցիան՝ նկատի ունենալով, օրինակ, ճանապարհային ոստիկանի, մաքսային տեսուչի վերցրած թեյավճարը, որն, ի դեպ, ամբողջ աշխարհում գոյություն ունի։
Կոռուպցիայի ընկալումը շատ պրիմիտիվ է եղել ՀՀ-ում տարիներ ի վեր։ Այսօր կան առանձին ոլորտներ, որտեղ շնորհակալություն կոչվածը չի տրվում առանձին պետական ծառայողի, և թվացյալ ասում են՝ կոռուպցիա չկա, բայց կոռուպցիան ունի բազմաթիվ այլ բնութագրիչներ․ կոռուպցիան պետական ու մասնավոր շահերի համընկնում է, այսինքն՝ երբ որևէ պաշտոնատար անձ հովանավորչությամբ է զբաղվում, գնումների գործընթացի ոչ թափանցիկ լինելն է, նույն բյուջեի անարդյունավետ ծախսերը, ավելացող հարկային ու վարկային բեռը ևս կոռուպցիոն դրսևորումների հետևանք է։ Անընդհատ գիշատիչ տեմպերով պետական պարտքի ավելացումը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիոն դրսևորում, այդ միջոցների փոշիացումը ոչ այլ ինչ է, քան կոռուպցիա։
Այնպես որ, կարծում եմ ՝ Հայաստանում բազմաթիվ դրսևորումներով առկա է կոռուպցիա»,- ամփոփեց Հայկ Ֆարմանյանը։
Հիշեցնենք, որ այս տարի ինդեքսում հարևան պետություններից լավագույն արդյունք է գրանցել Վրաստանը, որը 53-րդ միավորով 53-րդ տեղում է: Թուրքիան 34 միավորով 107-րդ տեղում է, Իրանը 23 միավորով 151-րդն է, Ադրբեջանը 22 միավորով 154-րդն է, Ռուսաստանը նույնպես 22 միավորով 154-րդն է: