Բաժիններ՝

Ջոն Հեֆերն. Flex-ի շրջանավարտները կարող են փոխել աշխարհը

Շուշաննա Աբովյանը, ով աշխատում է ամերիկյան խորհուրդներում՝ որպես կրթական-տեղեկատվական կենտրոնի խորհրդատու, 2006-2007թթ. ապագա առաջնորդների փոխանակման Flex ծրագրով գտնվել է ԱՄՆ-ում: Նրա խոսքով՝ այդ մեկ տարվա ընթացքում ինքն ամբողջովին փոխվել է: Այդ փոփոխությունը տեսանելի է եղել ոչ միայն իր համար, այլև՝ իր ընտանիքի, ընկերների և շրջապատի:

nyutis axjiky«Այդ ընթացքում իմ մեջ կոտրվեցին բազմաթիվ կարծրատիպեր, շատ-շատ կոմպլեքսներից եմ ազատվել, ինչն ինձ օգնեց շատ ավելի հեշտ ապրել կյանքում, լինել նախաձեռնող և չվախենալ շատ բաներից, հատկապես նոր գործ սկսելուց և նախաձեռնող լինելուց, ինչպես նաև՝ մի խումբ մարդկանց առաջնորդելուց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շ. Աբովյանը՝ նշելով, որ հենց Flex ծրագրի ընթացքում ձեռք բերված հմտությունների շնորհիվ է, որ հիմա ինքն աշխատում է հրաշալի թիմում և ունի հրաշալի աշխատանք, օգնում է խորհրդատվությամբ նրանց, ովքեր ցանկանում են դրսում սովորել՝ ընտրել իրենց համար ճիշտ համալսարանը:

Շ. Աբովյանը և մի քանի տասնյակ Flex ծրագրի շրջանավարտներ ապրիլի 26-ի երեկոյան հավաքվել էին ԱՄՆ դեսպանատանը՝ նշելու «Ապագա առաջնորդների փոխանակման» Flex ծրագրի 20-ամյակը: Ներկաներին ողջույնի խոսք հղեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ կրթության և գիտության փոխնարարար Կարինե Հարությունյանը:

Flex2

Կարդացեք նաև

«Ես շատ ուրախ եմ տեսնել այստեղ այս ծրագրի այսքան շատ շրջանավարտների: Մենք ձեզ հետ բավականին շատ ծրագրեր ենք իրականացրել, դրանք եղել են ամենահետաքրքրական և ամենահաճելի միջոցառումները: Մենք կրկին գաղափարներ ունենք Ձեզ հետ աշխատելու»,- ասաց դեսպանը՝ շնորհավորելով շրջանավարտներին:

Դեսպանը նշեց, որ Flex-ի շրջանավարտներն աշխատում են հասարակության բոլոր ոլորտներում՝ քաղաքականության, քաղաքացիական հասարակության, բիզնեսի…

«Եզրափակելով՝ ես ուզում եմ նշել, որ Flex-ի շրջանավարտները կարող են փոխել աշխարհը»,- ասաց Ջ. Հեֆերնը:

Flex

Կրթության և գիտության փոխնարարար Կարինե Հարությունյանը ողջունելով ներկաներին՝ ասաց, որ այսօր կրթության ոլորտում՝ թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության ոլորտում, բարեփոխումներ են իրականացվում: Ըստ նրա՝ այդ բարեփոխումների հիմնական նպատակը կրթական համակարգի միջազգայնացումն է և հայ սովորողների փոխանակումը և շարժունությունը:

«Այս տեսանկյունից Flex ծրագիրն այն հազվագյուտ ծրագրերից է, որ ուղղված է դպրոցահասակ՝ վերջին դասարաններում սովորող երեխաներին: Այս ծրագիրը շատ կարևոր է մեր պետության համար, որովհետև հիմնական փոխանակման ծրագրերը բարձրագույն կրթության ոլորտում են: Այս ծրագրի արդյունքներն ակնհայտ են: Այժմ մենք ունենք երիտասարդների մի ամբողջ խումբ, որոնց՝ 1 տարի ԱՄՆ-ում մնալը փոխել է ոչ միայն անգլերենի իմացությունը, այլև նրանց աշխարհայացքը և մոտեցումը կյանքին, զարգացրել է նրանց առաջնորդ դառնալու կարողությունները և ձգտումները կյանքում»,- ասաց փոխնարարարը՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրի մասնակիցները կյանքում դեռ բազմաթիվ հաջողություներ կունենան և կնպաստեն մեր երկրի զարգացմանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների ավելի քան 20 տարվա համագործակցության ընթացքում այս ծրագրի ներքո Միացյալ Նահանգների տարբեր բնակավայրերում ուսանել է ավագ դպրոցի 821 աշակերտ՝ Հայաստանի տարբեր անկյուններից: Ծրագրի ներքո ավագ դպրոցի 15-17 տարեկան սաներին հնարավորություն է տրվում մեկ տարի ուսանել ամերիկյան դպրոցներում և բնակվել ամերիկյան ընտանիքի հարկի ներքո: Ծրագրի Հայաստանի շրջանավարտներն այսօր առաջնորդ դիրքեր են զբաղեցնում տեղական ինքնակառավարման մարմիններում, միջազգային կազմակերպություններում, քաղաքացիական հասարակության մեջ և գործարար ոլորտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս