Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որից ամենաշատն են վախենում. Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար. Le Parisien

Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը:

«Մարդ, որին հարկավոր է տապալել. Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ Ադրբեջանում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Վարդանյանին առջադրված է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ,  «ահաբեկչությունը», «սպանությունը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատվամիջոցները: Այս ենթադրյալ հանցագործությունների համար հայ միլիարդատիրոջը սպառնում է մինչև 200 տարվա ազատազրկում։

Հոդվածագիրը նշում է, որ հաջողակ գործարարին, որը նաև միջազգային մարդասիրական խոշոր նախագծի՝ “Ավրորայի” համահիմնադիրն էր, սպասվում էր պայծառ ապագա, սակայն 2020 թվականին ամեն ինչ փոխվում է. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կատաղի հարձակումներ ձեռնարկելով, կրկին բորբոքում է հավերժական հակամարտության կրակը։

«Այս պատերազմը նրա համար կարմիր գիծն էր։ Ամբողջ աշխարհի կողմից հայերին լքված տեսնելը նրա համար անտանելի էր»,-  պատմում  է որդին՝ Դավիթ Վարդանյանը։ Այդ ժամանակ Ռուբեն Վարդանյանին  թվում է, թե ինքն առաքելություն ունի իրականացնելու: Ոչ ավել, ոչ պակաս՝ խաղաղություն վերադարձնել տարածաշրջանին: 2022 թվականի սեպտեմբերին նա բնակություն է  հաստատում այնտեղ։ Դավիթը հիշատակում է նրանց վերջին խոսակցությունը՝ Լեռնային Ղարաբաղ հոր տեղափոխվելուց մի քանի շաբաթ առաջ. «Ես դեմ էի նրա որոշմանը։ Վախենում էի, որ նա այնտեղից կենդանի չվերադառնա…»: Հաստատակամ գործարարի ծրագիրը որոշ ժամանակ աշխատեց։ Որոշ կարճ ժամանակ,  մինչև 2023 թվականի փետրվար, նա զբաղեցրեց Լեռնային Ղարաբաղի պետական ​​նախարարի պաշտոնը, հիմնեց հանրային ճաշարաններ՝ տեղացիներին սնունդով ապահովելու համար…

Կարդացեք նաև

Սակայն սեպտեմբերին տարածաշրջանը կրկին պայթում է։ Ադրբեջանն այնտեղ անցնում է կայծակնային հարձակման, որը ներկայացնում է որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Արդյունքում՝ 400 զոհ, իսկ այնտեղ բնակվող հայերը՝ 120.000 մարդ, փախչում է Արցախից: Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է սեպտեմբերի 27-ին՝ սահմանը հատելու փորձի ժամանակ։ Ձեռքերին կապանքներ, շրջապատված երկու զինվորներով. նրա ձերբակալության լուսանկարները տարածվեցին ամբողջ աշխարհում:

Դրան հաջորդում է գրոտեսկային իրավական պայքարը: Բանտում նա ենթարկվում է խոշտանգումների։ 2024 թվականի ապրիլին՝ երկշաբաթյա հացադուլից հետո, նրա հարազատները զրկվում են նրա հետ կապ հաստատելու որևէ հնարավորությունից։ Նրան պատժելու համար իշխանությունները նրան 23 օր շարունակ պահում են կարգապահական խցում։ «Նա հազիվ կարողանում էր նստել, զրկված էր ջրից ու սնունդից, լույսերը 24 ժամ միացված էին պահում»,- արձանագրում է նրա միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։Մարդու իրավունքների մասնագետը մեկնարկած դատական լսումների առաջին օրվանից դատապարտում է «ցուցադրական դատավարությունը»: 25000 էջանոց քրեական գործն ամբողջությամբ գրված է ադրբեջաներեն լեզվով, որին մեղադրյալ Վարդանյանը չի տիրապետում։

Ադրբեջանական լրատվամիջոցները նրան «ռազմական հանցագործ» են անվանում: Եվս մեկ անմտություն. հիսունն անց տղամարդը կանգնում է ռազմական դատարանի առջև, թեև երբեք զինվորական համազգեստ չի կրել: «Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտում է»,- արձանագրում է փաստաբանը, որը զուրկ է եղել անմիջական շփումից իր պաշտպանյալի հետ։ «Կարծում եմ, որ նա երկարաժամկետ պատիժ կստանա, գուցե նույնիսկ դատապարտվի ցմահ ազատազրկման»,- նշում է Գենսերը։ Հենց այդպիսի ճակատագիր են Ռուբեն Վարդանյանին խոստանում տեղական լրատվամիջոցները, որոնք ուրախությամբ նրան «ռազմական հանցագործ» են անվանում:

Բեմադրելով այս կեղծ դատավարությունը՝ իշխանությունները կարծես թե վճռական են իրենց համար ռազմավար ապահովելու հարցում: «Ռուբեն Վարդանյանն այն մարդն է, որից ռեժիմն ամենաշատն է վախենում, հենց նրան է հարկավոր տապալել: Իլհամ Ալիևին անհրաժեշտ է այս պատմական դատավարությունը՝ անկախ Լեռնային Ղարաբաղի էջը շրջելու համար»,-բացատրում է Շիլլերի անվան միջազգային համալսարանի պրոֆեսոր, «Հայաստանի աշխարհաքաղաքականություն» աշխատության հեղինակ Տիգրան Եգավյանը:

Ռուբեն Վարդանյանը հունվարի 16-ին նամակ է հղել, որտեղ դատապարտել է իր դատավարության պայմանները։ Նա մանրամասնում է, որ ինքը «ոչ զայրույթ, ոչ էլ ատելություն» է զգում՝ միևնույն ժամանակ հայտարարելով. «Համոզված եմ, որ ճշմարտությունը կհաղթի»։

Տեսանյութեր

Լրահոս