Վիտալի Բալասանյանի՝ Փաշինյանին, Ալիևին, Պուտինին հասցեագրված նամակի և այն ուշացումով հրապարակայնացնելու հնարավոր մեսիջը
Հունվարի 18-ին, երբ դրանից մեկ օր առաջ՝ հունվարի 17-ին, Բաքվում մեկնարկել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հրապարակեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներին (Նիկոլ Փաշինյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև) հասցեագրած իր նամակը՝ թվագրված 21.11.2024, որում Արցախի հերոսը կոչ էր անում կարգավորել արցախահայերի Արցախ վերադարձի հարցը և ապահովել նրանց անվտանգությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Լեռնային Ղարաբաղի ավելի քան 22.000 քաղաքացի, հանդիսանալով էթնիկ հայեր և բնակվելով Հադրութի, Մարտունու, Շուշիի, Մարտակերտի և Ասկերանի շրջաններում, ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, բնակավայրը, տները, բնակարանները, ունեցվածքը և ապաստան գտել Հայաստանի տարածքում, քանի որ նշված շրջաններն անցել են Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ: 2020 թվականից առանց այն էլ փխրուն խաղաղությունը խաթարվել էր, իսկ 2023 թվականի սեպտեմբերից Լեռնային Ղարաբաղի մոտ 120.000 քաղաքացի բռնի կերպով լքել են իրենց բնակատեղերը և տները հայրենիքում ու հայտնվել փախստականի կարգավիճակում»,- նշված էր Վիտալի Բալասանյանի նամակում, ով 2020 թվականի դեկտեմբերին որպես Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար՝ վստահեցնում էր, որ Ասկերանի և Հադրութի շրջանները վերադարձվելու են՝ առանց փակագծեր բացելու: Նա նաև ասել էր, որ բանակը ենթարկվելու է Անվտանգության խորհրդին, և այլն:
Իսկ 2023 թվականի հունվարի 7-ին այդ ժամանակ Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել էր մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Վիտալի Բալասանյանն ազատվել էր ԱՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինել էր գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
Ադրբեջանը՝ ի դեմս ադրբեջանական լրատվամիջոցների, կադրային այս փոփոխությանն արձագանքել էր, գրելով՝ «Ղարաբաղում պաշտոնից ազատել են Բաքվի հետ գլխավոր բանակցողին»:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այս համատեքստում հիշեցրել էր նաև Վիտալի Բալասանյանի՝ 2022-ի օգոստոսին Բերձոր այցի մասին, որի ժամանակ, ըստ հայաստանյան մամուլում շրջանառված լուրերի, ԱՀ ԱԽ արդեն նախկին քարտուղարը Բերձորի և Աղավնոյի բնակիչներին առաջարկել էր հանգիստ հեռանալ և չայրել տները։
Անվտանգության խորհրդից այդ ժամանակ լրատվամիջոցներին պարզաբանել էին, որ Վիտալի Բալասանյանի այցը Բերձոր 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով էր և տեղի էր ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ։
Ավելի ուշ ինքը՝ Բալասանյանը, լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր՝ «մենք որևէ գաղտնի բանակցության չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու»:
Նա 2022թ. դեկտեմբերի 7-ին ևս ռուսական և ադրբեջանական կողմերի հետ էր հանդիպել՝ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում:
Արցախի ԱԽ-ից մանրամասնել էին, որ «Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին»:
Ինչևէ, Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները դիտարկում էին նաև Ռուբեն Վարդանյան-Վիտալի Բալասանյան հարաբերությունների հարթությունում:
Իսկ 2023թ. հուլիսին Վիտալի Բալասանյանը հայտարարություն էր տարածել լրատվամիջոցներում «ադրբեջանական կողմի հետ բանակցություններում ԱՀ տարածքից ծանր զինտեխնիկա դուրս բերելու գործընթացում» իր մասնակցության մասին հրապարակումների առնչությամբ:
«Արցախի Հանրապետության նախագահի կողմից նշանակվելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության հարցերի համակարգող՝ ԱՀ-ում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ և մասնակցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ անցկացվող հանդիպումներին մասնակցել եմ բացառապես նշյալ լիազորությունների սահմաններում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռազմական ոլորտն ունի համապատասխան գերատեսչություն, որը զբաղվում է անվտանգային-ռազմավարական հարցերի համակարգմամբ՝ ի պաշտոնե չունեի համապատասխան որոշումներ կայացնելու լիազորություններ, իսկ ունենալու դեպքում՝ չէի իրականացնի Արցախի Հանրապետության կենսական շահերը խաթարող որևէ գործունեություն:
Ադրբեջանական կողմի հետ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին, որպես ԱԽ քարտուղար՝ արցախյան պատկան մարմինների հետ մասնակցել եմ ԱՀ համար կենսական նշանակության ենթակառուցվածքների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության խնդիրների կարգավորման աշխատանքներին:
Հաշվի առնելով անվտանգային համակարգի նրբությունները՝ առհասարակ, իմ պաշտոնավարման ընթացքում և այսօր էլ հնարավորության սահմաններում իրականացվելիք աշխատանքների մասին մշտապես նախընտրել եմ չբարձրաձայնել և խուսափել դրանք հանրայնացնելուց:
Ուստի վերջին շրջանում իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ»,- հայտարարել էր նա:
Իսկ թե Փաշինյանին, Ալիևին, Պուտինին հասցեագրված և օրերս հրապարակված նամակով Արցախի ԱԽ նախկին քարտուղարն արդյո՞ք ինչ-որ դերակատարում է փորձում ստանձնել արցախահայերի վերադարձի հարցում այս կամ այն ուժային կամ աշխարհաքաղաքական կենտրոնի աջակցությամբ, ժամանակը ցույց կտա: Եվ թե ինչպես է դա պատկերացնում Արցախի հերոսն այս չափազանց վտանգավոր պայմաններում և այն հանգամանքը հաշվի առնելով, որ ինքը ևս Ադրբեջանի «սև ցուցակ» է եղել և գուցե դեռ կա՝ «Խոջալուի դեպքերի» համատեքստում:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության Բաքվում հայտնվելու հնարավոր հանգամանքներին և հարցադրում արել, թե ինչպես է նույն Վիտալի Բալասանյանն անարգել անցել հսկիչ անցակետով և Հայաստան հասել:
Այնպես որ, Ալիևին ռազմավարական գործարք առաջարկող և Արցախի էջը փակված համարող Նիկոլ Փաշինյանին «համագործակցության առաջարկ» անելուց ավելորդ զգուշավորությունը չէր խանգարի՝ անգամ ազնիվ մղումների դեպքում:
Պակաս կարևոր չէ նաև հիշել, որ Ալիևն «իջեցրել է» Փաշինյանի կարգավիճակի նշաձողը և սռաջարկում է, որ նա բանակցություններ վարի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ: Իսկ դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը Արևմտյան Հայաստանը համեմատել էր «Արևմտյան Ադրբեջանի հետ», ավելին, ավելի ուշ էլ պնդել, որ «Արևմտյան Հայաստանն Արաքս գետի մոտ ավարտվում է»:
Հետաքրքիր է, որ Վիտալի Բալասանյանն իր նամակում չէր բարձրացրել Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը, հիշեցնելով, օրինակ, եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ «Իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում»: