«Այդ լիազորությունները, գործառույթները նրան կարող էր վերապահել միայն Արցախի նախագահը». Տիգրան Աբրահամյանը՝ Ադրբեջանի հետ Վիտալի Բալասանյանի գլխավոր բանակցող լինելու մասին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 7-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նրան փոխարինել է գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը:
Ադրբեջանը՝ ի դեմս ադրբեջանական լրատվամիջոցների, կադրային այս փոփոխությանն արձագանքել է հետևյալ կերպ՝ «Ղարաբաղում պաշտոնից ազատել են Բաքվի հետ գլխավոր բանակցողին»:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն այս համատեքստում հիշեցրել է նաև Վիտալի Բալասանյանի՝ 2022-ի օգոստոսին Բերձոր այցի մասին, որի ժամանակ, ըստ հայաստանյան մամուլում շրջանառված լուրերի, ԱՀ ԱԽ արդեն նախկին քարտուղարը Բերձորի և Աղավնոյի բնակիչներին առաջարկել էր հանգիստ հեռանալ և չայրել տները։
Անվտանգության խորհրդից այդ ժամանակ լրատվամիջոցներին պարզաբանել էին, որ Վիտալի Բալասանյանի այցը Բերձոր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով էր և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ։
Ավելի ուշ ինքը՝ Բալասանյանը, լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր՝ «մենք որևէ գաղտնի բանակցության չենք գնացել, չենք գնում ու չենք գնալու»:
Սրանից հետո Վիտալի Բալասանյանը շարունակել է նմանօրինակ հանդիպումները, մասնավորապես, 2022-ի դեկտեմբերի 7-ին ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրում Վիտալի Բալասանյանը ևս հանդիպել էր ռուսական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ:
«Հարկ ենք համարում հանրությանը տեղեկացնել, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարը՝ Վիտալի Բալասանյանը, ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցած ձևաչափով հանդիպումներին հանդես է գալիս բացառապես Արցախի Հանրապետության շահերի պաշտպանության դիրքերից:
Անդրադառնալով վերը նշված հանդիպմանը՝ տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության ներկայացուցիչը փաստարկներով և հիմնավորումներով բարձրաձայնել է արցախյան կողմի մտահոգությունները թե՛ Արցախում Ադրբեջանի գործողությունների հետևանքով ստեղծված էկոլոգիական բնույթի խնդիրների, և թե՛ մյուս անվտանգային մարտահրավերների մասին: Միևնույն ժամանակ կրկին շեշտում ենք, որ արցախյան կողմը շարունակելու է բոլոր հնարավոր միջոցներով Արցախի շահերը պաշտպանելու հանձնառությունը»,- նշվում էր ԱՀ ԱԽ տարածած հայտարարության մեջ։
Ինչևէ, Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը հայաստանյան և ադրբեջանական լրատվամիջոցները դիտարկում են նաև Ռուբեն Վարդանյան-Վիտալի Բալասանյան հարաբերությունների հարթությունում:
168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ ԱԽ քարտուղարի պաշտոնից Վիտալի Բալասանյանին ազատելու և այդ պաշտոնին Արարատ Մելքումյանին նշանակելու որոշմանը, ասաց.
«Կարծում եմ՝ այս փոփոխությունը պայմանավորված է Արցախում ստեղծված ծանր իրադրության հանգուցալուծման հարցում Արցախի հիմնական դերակատարների դիրքորոշումների տարբերությամբ»:
Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի՝ Ադրբեջանի հետ գլխավոր բանակցող լինելուն, Տիգրան Աբրահամյանը նշեց.
«Այդ լիազորությունները, գործառույթները նրան կարող էր վերապահել միայն Արցախի նախագահը, որովհետև դա չէր բխում ԱԽ քարտուղարի սահմանադրությամբ կամ օրենքներով նախատեսված պարտականություններից»:
Այս համատեքստում հավելենք, որ 2020-ի պատերազմից մոտ 20 օր առաջ, երբ Արցախի ԱԽ քարտուղարը Սամվել Բաբայանն էր, նա հայտարարել էր.
«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են, ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները»:
Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր խոսում Բաբայանը, այդպես էլ գաղտնի մնաց:
Բայց ավելի ուշ Սամվել Բաբայանը սրբագրեց իր իսկ ասածը և հայտարարեց, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, պատերազմի օրերին միայն մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ԱՀ նախագահին, օրինակ, «всего лишь քարտեզի վրա ցույց է տվել, որ էդ տարածքը կարելի է ազատագրել»:
Միգուցե ավելի ուշ Վիտալի Բալասանյանն ի պաշտոնե ունեցած և Արցախի նախագահի կողմից իրեն, այսպես ասած, վերապահված լիազորությունների մասին մի օր մանրամասն խոսի:
Իսկ մինչ այդ, 2020-ի փետրվարին Արցախում 168.am-ին տված հարցազրույցում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը խոսելով Արցախի հետ կապված իր տեսլականի մասին, մասնավորապես, ասել էր.
«Հայկական Երկրորդ Հանրապետությունը պիտի լինի համահայկական պետություն: Ինչ է դա նշանակում. Արցախի կառավարությունը ձևավորելու ենք ՀՀ-ից, ամբողջ Սփյուռքից: Այսինքն՝ նախարարներից մեկը կարող է ՌԴ-ից լինի, մեկ ուրիշը՝ Ֆրանսիայից, մյուսը՝ Կանադայից, 5-ը՝ ՀՀ-ից, 2-ը՝ Արցախից, և այլն: Ես շատ եմ կարևորում, որ մենք ունենանք համահայկական պետություն: Սա չլուծված հարց է: Ժամանակ առ ժամանակ ես էի ասում, որ Արցախը մարզ չէ, բայց մարդիկ պարտադրում էին, պահանջում էին ՀՀ-ի իշխանությունները, թե Ղարաբաղը դա մարզ է: Ոչ, մենք պետք է ունենանք մեկ Արմենիա հայրենիք, որի մեջ առնվազն կա ՀՀ, Արցախի Հանրապետություն: Հայաստանի դեպքում հեռահար ռազմավարությամբ պիտի շեշտվի, որ Նախիջևանը դա ՀՀ անքակտելի մասն է: Կրկնում եմ՝ ես որևէ խնդիր չեմ տեսնում, դրա համար էլ ասում եմ՝ նախ Արցախը պիտի դարձնել համահայկական պետություն: Երբ ամբողջ հայությունը պետականաշինության գործին կլծվի, երբ մեր նախարարներից մեկը կլինի ՌԴ-ից, Կանադայից, Ուրուգվայից, եվրոպական մեկ այլ երկրից, վստահ եմ՝ ամբողջ հայությունն իր ներուժը բերելու է այստեղ»:
Բալասանյանը շարունակել էր՝ Արցախի տարածքն աշխարհի խաչմերուկն է:
«Նրանք, ովքեր կհակաճառեն իմ ասածներին, պատրաստ եմ այդ մարդկանց հետ քննարկել այդ հարցը, ապացուցել և ցույց տալ, քանի որ կան պատմական արխիվային տվյալներ: Ես այդ մարդկանց դրանք ցույց կտամ, որ իմանան, թե որն է այն տարածքը, որ կոչվում է աշխարհի կենտրոն»,- եզրափակել էր միտքը Վիտալի Բալասանյանը:
Այս հարցազրույցում Արցախի հերոսը այլ կարևոր հարցերի ևս անդրադարձել էր, որոնք մեկ այլ առիթով կհիշեցնենք: