Դեժավյու. Ալիևն «իջեցրեց» Փաշինյանի կարգավիճակի նշաձողը
Նոյեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ Արևմտյան Հայաստանը համեմատել էր «Արևմտյան Ադրբեջանի հետ»:
«Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղվում և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք՝ արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են՝ արևմտյան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպես էլ որ ասում են՝ արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում: Հիմա ես չեմ ասում՝ որպես… Հիմա նորից ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը: Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»,- ասել էր նա:
Եվ ոչինչ, որ Ադրբեջանի հարցերով փորձագետները, իրանագետները շարունակում են ապացուցել, որ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվանումով ո՛չ պատմական, ո՛չ աշխարհագրական, ո՛չ վարչական, ո՛չ մշակութային և որևէ այլ բնույթի հասկացություն Հայաստանի Հանրապետության տարածքում երբևիցե գոյություն չի ունեցել և գոյություն չունի: Այսինքն, չեն կարող լինել «արևմտյան ադրբեջանցիներ» կամ առավել ևս՝ դրանց ներկայացնող իսկապես իրավազոր համայնք, կառույցներ կամ կազմակերպություններ։
Ինչևէ, Փաշինյանի այս հայտարարությունից հետո Ալիևը, այսպես ասած, պատասխան առաջարկ է արել՝ Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ, և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։
Այսօր տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՔՊ-ականները՝ ի դեմս Արթուր Հովհաննիսյանի, ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են ադրբեջանցիների վերադարձի շուրջ զարգացումները և խաղաղության բանակցությունների օրակարգում այդ հարցի լինել-չլինելը՝ «հանրությունը կիմանա, երբ դրա խորհրդապահական անհրաժեշտությունը չլինի»: Այսինքն, երբ արդեն «գործարքը» կայացած կլինի՞ և ՀՀ քաղաքացիները փաստի առաջ կանգնած կլինե՞ն, իսկ նման փաստերի մենք ականատես եղել ենք:
Ի դեպ, «Պետական գաղտնիքի» մասին օրենքը, մասնավորապես, սահմանում է, որ մարդկանց անվտանգությանը սպառնացող արտակարգ դեպքերի մասին տեղեկությունները և դրանց հետևանքների մասին տեղեկությունները չեն կարող դասվել պետական գաղտնիքի շարքին: Թե որքանո՞վ ադրբեջանցիների վերադարձի հստակ պայմանավորվածությունը կարող է սպառնալ ՀՀ քաղաքացիների անվտանգությանը և օրենքի շրջանակում համարվել արտակարգ դեպք, երբ այն անսպասելի լինի, թողնենք մասնագետներին:
Իսկ մինչ այդ ուշադրություն հրավիրենք մեկ այլ փաստի վրա. Ալիևը Փաշինյանից պահանջելով բանակցել «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ, ըստ էության, իջեցնում է անընդհատ ՀՀ ինքնիշխանությունից և խաղաղության օրակարգի դեպքում ՀՀ պետականության պահպանումից խոսող Փաշինյանի կարգավիճակային նշաձողը, որից նա կառչած է, և որի հետ այնքան էլ գենետիկ անհամատեղելիություն չի զգում, ինչպես «շեֆ» բառի դեպքում. «Ես շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ իմ մասին խոսելով՝ ինչ-որ մեկը շեֆ բառն է օգտագործում, հո խմբավորո՞ւմ չենք, կա պաշտոն, կարգավիճակ, ազգանուն, անուն»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո, երբ մի նոր ակտիվություն էր դրսևորում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», և անգամ 2019-ի մայիսին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում հանդիպել էին նրանց ղեկավարի հետ, իսկ Արցախի դեպքում՝ դե ֆակտո իշխանությունների, գրեթե նույն ժամանակահատվածում կամ մի փոքր ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այդ ժամանակվա նախարար Զոհրաբ Մնացականյանի ղեկավարությամբ՝ շրջանառության մեջ դրեց «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» տերմինը:
Ավելին, Զոհրաբ Մնացականյանի ղեկավարած արտաքին գերատեսչությունը վստահեցնում էր, թե նման տերմինոլոգիայի մեջ ոչ մի վտանգ չպետք է տեսնել:
«Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ արտահայտությունը միջազգայնորեն ընդունված տերմինոլոգիա է դեռևս 1992 թվականից: Այդ անվամբ Արցախի իշխանությունները մասնակցել են խաղաղ գործընթացին՝ սկսած 1992 թվականից: Այդ սահմանմանն ընդդիմանում են Ադրբեջանի իշխանությունները, որոնք հետևողականորեն հանդես են գալիս Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սահմանափակման դիրքերից և Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների՝ իշխանությունների մասնակցության դեմ»,- լրատվամիջոցների համար պարզաբանել էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Իսկ Արցախի հարցերով որոշ փորձագետները, այդ թվում՝ Լարիսա Ալավերդյանը, զգուշացնում էին, որ այս տերմինը, թերևս, ճիշտ էր 1992-ի համար, բայց ոչ արդեն կայացած Ipso facto պետության դեպքում, և Ipso facto-ն չի վերաբերում ճանաչմանը, այլ, որ այն կա, և, որ այն պետություն է, ուստի Արցախը բանակցային սեղան պետք է վերադառնա՝ որպես Ipso facto պետություն:
Հետևաբար, չէր կարելի 1992-ի տերմինոլոգիան օգտագործել 2018-ին, 2019-ին, 2020-ին, և այսպես շարունակ, մի տերմին, որը գործածվել էր այն ժամանակ, երբ նոր էր սկսվել Արցախի հարցի քննարկման միջազգայնացումը:
Սա նշանակում է՝ սկզբունքային տարբերություններ կան «իշխանություններ» և «ներկայացուցիչներ» տերմինների միջև:
Բայց այս զգուշացումներն անտեսվեցին, ավելին՝ 2022 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանն իր ելույթի ժամանակ օգտագործել էր «ԼՂ-ում բնակվող հայեր», «ԼՂ հայեր» ձևակերպումները, ինչը շղթայական կապ ունի Զոհրաբ Մնացականյանի «Արցախի ընտրված ներկայացուցիչներ» տերմինի շրջանառության հետ:
Այսինքն, տեղի էր ունեցել Արցախի Հանրապետության կարգավիճակի ու լեգիտիմության իջեցում և թեկուզև չճանաչված պետության ղեկավարները «հավասարեցվել» էին «ԼՂ ադրբեջանական համայնքի» աստիճանին: Ցավոք, արդեն 2023 թվականին՝ Արցախի վերջնական հայաթափումից օրեր առաջ Արցախի ղեկավարությունը հենց որպես «ԼՂ ներկայացուցիչների» կարգավիճակով էր հանդիպում ադրբեջանական կողմի հետ, ինչին հանգեցրել էր նաև ՀՀ արտաքին քաղաքականությունն Արցախի հարցում:
Եվ սա այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը 1993-ին Արցախին որպես կողմ էր ընկալել:
«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը՝ որպես բանակցային կողմ, և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- 2019-ին ասել էր Շավարշ Քոչարյանը։
Բազմաթիվ այլ փաստեր կան, թե ինչպես էր Ադրբեջանն ուղիներ փնտրում երկխոսելու Արցախի հետ՝ 1993-ի հունիսից սկսած:
Մասնավորապես, 1993-ի օգոստոսի 15-ին, Վարանդայի՝ Ֆիզուլիի, և Ջրականի՝ Ջեբրայիլի հարվածային ուղղություններում կասեցնելով թշնամու առաջխաղացումը, պաշտպանության բանակի ստորաբաժանումները ընթացքից անցել էին հակահարձակման և ազատագրել այսօր օկուպացված պատմական Դիզակի Ցոր, Բանաձոր գյուղերը: Հակահարձակողական գործողությունների համար բարենպաստ պայմաններ էին ստեղծվել նաև Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ:
Պաշտպանության բանակի կողմից ձեռնարկված հակահարձակողական գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը կրկին հայտնվել էր անելանելի վիճակի մեջ: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պաշտոնական Բաքուն ստիպված էր նորից ընտրել պաշտոնական Ստեփանակերտի հետ ուղղակի երկխոսության մեջ մտնելու ճանապարհը: Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, իսկ այնուհետև՝ գործադիր մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, օգոստոսի 17-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Բաքվից ստացել էր հետևյալ պաշտոնական գրությունը.
«Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ:
Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիև»:
Նշված գրությանը կցված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի փոխվարչապետի ստորագրությամբ հետևյալ փաստաթուղթը.
«Ի հավելումն 1993թ. հուլիսի 24-ի և 28-ի պայմանավորվածությունների և երկու կողմերի համանման նոր պարտավորվածությունների դեպքում, պարտավորվում ենք վերականգնել կրակի համընդհանուր դադարեցումը, այդ թվում՝ զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողություններից, հրթիռահրետանային հարվածներից և օդային ռմբակոծություններից հինգ օրով, որի ընթացքում ձեռք կբերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն:
Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին ժամը 18:00-ից սկսած, երբ կստացվի կողմերի վերոհիշյալ պարտավորվածությունների մասին համաձայնությունը…
Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սաֆար Աբիև
Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Ռասուլ Գուլիև»:
Այսօր Արցախն ամբողջությամբ օկուպացված է, իսկ Ադրբեջանը ցանկանում է իջեցնել ՀՀ կարգավիճակի նշաձողը, Հայաստանը ներկայացնող Փաշինյանինը արդեն «իջեցվեց»…