Ի՞նչ նշանակություն ու խնդիրներ կարող է ունենալ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը․ պարզաբանում է փորձագետը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը տարատեսակ քննարկումներ և իրարամերժ մոտեցումներ առաջ բերեց։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը փաստաթղթի վերաբերյալ ընդդիմադիր շրջանակների քննադատությունն ու իշխանությունների կողմից ուռճացումը բնական է համարում, այդուհանդերձ շեշտում է՝ սա անկախության ողջ շրջանում բացառիկ համագործակցության հանգրվան է ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում։

Թե ինչ արժեք, նշանակություն ու խնդիրներ կարող է ունենալ այս փոխգործակցության հնարավորությունը՝ հարցադրումներին ի պատասխան՝ Արմեն Պետրոսյանը նախ հիշեցրեց Վրաստանի փորձը, որը դեռևս 2009 թվականին էր ստորագրել նման փաստաթուղթ, ինչպես նաև՝ Ուկրաինայի օրինակը։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ մեր տարածաշրջանի և աշխարհաքաղաքական նման զգայույն իրավիճակի պայմաններում անգամ ամենալավ փաստաթղթի կիրառման համար խնդիրներն անխուսափելի են։

«Բնականաբար, ՀՀ-ԱՄՆ այս փաստաթղթի գործունեության ապահովումը ևս, իմ գնահատմամբ, զերծ չի լինելու որոշակի խոչընդոտներից, որովհետև մենք գործ ունենք 2 սկզբունքային իրողությունների հետ։ Առաջինն այն է, որ աշխարհը գտնվում է նոր աշխարհակարգի ձևավորման համատեքստում, ու շատ է խորացել մրցակցությունն ու հակամարտությունն Արևմուտքի և ՌԴ-ի միջև։ Մյուս կարևոր հանգամանքն ԱՄՆ-ում նոր վարչակազմի պաշտոնավարումն է, որի քաղաքականության հետ կա որոշակի անորոշություն՝ ընդ որում, դրանք համակողմանի անորոշություններ են՝ ԱՄՆ հետագա քաղաքականության հետ կապված»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Տարածաշրջանային ընկալումների և հատկապես գործընկեր Իրանի տեսանկյունից որքանո՞վ է խնդրահարույց այս փաստաթուղթը, արդեն արձագանքներ կա՞ն իրանական կողմից՝ հետաքրքրվեցինք փորձագետից։
Ի պատասխան՝ նա նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ արձագանքներ դեռևս չկան։ Մասնագետը վերջինն օբյեկտիվ համարեց՝ պարզաբանմամբ, որ իրանական կողմը քաջատեղյակ է ՀՀ անվտանգային մարտահրավերներին և իրողությունների համապատկերում՝ ՀՀ սահմանափակ հնարավորություններին։

«Իսկ այդ սահմանափակ հնարավորությունները, որքան էլ պարադոքսալ են, ներառում են թե՛ Իրանի հետ՝ թեկուզ ոչ փաստաթղթագրված, բայցև ռազմավարական բնույթի հարաբերություններ, և թե ՛ ԱՄՆ-ի։
Մենք նաև տեսնում ենք, որ իրանական կողմը ևս փորձում է հարաբերություններ կարգավորել Արևմուտքի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին են վկայում՝ ինչպես Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի նախօրեի ուղերձը՝ ուղղված Դոնալդ Թրամփի վարչակազմին, այնպես էլ՝ եվրոեռյակի հետ վերջերս կայացած հանդիպումը»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Ըստ փորձագետի՝ իրանական կողմն ըմբռնումով է մոտենալու այդ իրողությանը՝ պայմանավորված ևս մեկ հանգամանքով, որ այս պահին նաև ԱՄՆ առավել մեծ ներգրավվածությամբ տարածաշրջանում նոր էսկալացիայի կանխումը բխում է նաև Իրանի շահերից։

Էսկալացիան կանխելու վերաբերյալ մասնագետների դիտարկումներին արձագանքելով՝ հստակեցրինք, թե մեր աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում որքանո՞վ է հնարավոր այս փաստաթղթով տարածաշրջանային էսկալացիայի կանխումը։

Նա արձագանքեց․ «Փատաթղթում ես չեմ արձանագրել ԱՄՆ կողմից որևէ պարտավորություն՝ ՀՀ անվտանգությունն ապահովելու հարցում (դաշնակցային հարաբերությունների համատեքստում է նման պարտավորություն լինում, իսկ սա դաշնակցային հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ չէ, այլ ռազմավարական գործընկերության վերաբերյալ): Բայց միևնույն ժամանակ նման հարաբերությունների արձանագրումը, փաստագրումը, վստահաբար, ունի որոշակի կանխարգելիչ քաղաքական հնարավորություն։

Այսինքն՝ դա ենթադրում է ԱՄՆ-ի կողմից որոշակի արձագանք, ինչը կարող է բավականաչափ ծանր նստել ցանկացած երկրի վրա, որը կփորձի նման էսկալացիա սանձազերծել»։

Հնարավո՞ր է՝ Թրամփի վարչակազմի կողմից ուղղակի անտեսվի այս փաստաթուղթը՝ մեր վերջին հարցին էլ միջազգայնագետը պատասխանեց հիշեցմամբ, որ ԱՄՆ-ը ինստիտուցիոնալ պետություն է, ու այդ սցենարն այնքան էլ մեծ հավանականություն չունի։

«Բայց Թրամփի վարչակազմը կարող է այլ քաղաքականություն վարել․ օրինակ, նման փաստաթուղթ ստորագրել նաև Ադրբեջանի Հանրապետության հետ՝ մոտավորապես այն տրամաբանությամբ, ինչպես 2010-ականների սկզբից իր քաղաքականությունը փոխեց ՌԴ-ն։ Իսկ արդեն նման բալանսավորված քաղաքականությունը, առնվազն անվտանգային տեսանկյունից, բավականաչափ կնսեմացնի, կթուլացնի այս փաստաթղթի ազդեցությունը»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Հիշեցնենք՝ ըստ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրության, երկու երկրները «հաստատում են իրենց բարեկամական և ռազմավարական գործընկերության հարաբերությունների կարևորությունը, նպատակադրվում են խորացնել իրենց գործընկերությունը՝ ի շահ երկու երկրների, և ընդլայնել համագործակցությունը փոխադարձ առաջնահերթությունների լայն շրջանակում,
ընդգծում են, որ երկու ժողովրդավարական երկրների միջև այս համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների և համատեղ շահերի վրա․ դրանք ներառում են ժողովրդավարության և տնտեսական ազատության առաջխաղացումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը,
ընդգծում են իրենց փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, բարձր տեխնոլոգիական, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության և անվտանգության ոլորտներում»։

Տեսանյութեր

Լրահոս