«Միայն միջազգային աղմուկը կօգնի, որն այս պահին, ցավոք, չեմ տեսնում. հարցը պետք է պետական մակարդակով բարձրացվի». Ալվինա Գյուլումյան
Վաղը՝ հունվարի 17-ին, Բաքվում կմեկնարկի արդեն մեկ տարուց ավելի Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատական նիստը։
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն այս գործընթացի վերաբերյալ այսօր X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Ադրբեջանի շինծու մեղադրանքները կոծկում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, այդ թվում՝ Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների դեմ կատարված հանցագործությունները»։
Բաքվում գտնվող հայ պատանդներին ու գերիներին տրամադրվել է միայն հանրային պաշտպան, որոնք, ինչպես փաստում են բազմաթիվ իրավապաշտպաններ, ադրբեջանական դատարանում առաջ են մղում միայն ու միայն Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն ու նրանց տված հրահանգները։ Այս պայմաններում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և նրանց հետ՝ նաև հայ գերիները զրկված են պաշտպանվելու որևէ հնարավորությունից։
ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ հայ պատանդներին, գերիներին միջազգային փաստաբաններ չտրամադրելը հավանաբար ադրբեջանական օրենսդրության խնդիրն է։
«Եթե ադրբեջանական օրենսդրությամբ այդ ամենը թույլատրվում է, ապա պետք է միջազգային ատյաններն արձագանքեն։
Դժվարանում եմ հիշել՝ իմ պրակտիկայում նման դեպք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ամեն դեպքում հիշում եմ, որ Չիրագովի գործի քննության ժամանակ օտարերկրյա փաստաբանների էին փորձել ներգրավել, սա իրենց շահերից էր բխել, խաղ էին տվել, ինչ էին արել։ Գնացել էին, որ նրանց հետ հանդիպեին և դիմում ներկայացնեին Եվրոպական դատարան, նրանց մուտքն արգելել էին իրենց երկիր։
Բայց հետո, միևնույն է, իրենց ներկայացնում էին օտարերկրյա փաստաբաններ։ Թե նրանց ինչո՞ւ էին արգելել, չեմ կարող ասել»,- 168.am–ի հետ զրույցում նշեց Ալվինա Գյուլումյանը։
Մեր զրուցակիցն ընդգծեց՝ եթե Ադրբեջանը թույլ չի տալիս, որ այդ նիստերում ներգրավվեն միջազգային փաստաբաններ, նշանակում է, որ հայ պատանդներն ու գերիները մնալու են միայն ադրբեջանցի հանրային պաշտպանների հույսին։
«Կարծում եմ՝ այս ամենին միայն միջազգային աղմուկը կօգնի, ուրիշ ոչ մի բան, բայց այդ աղմուկն այս պահին, ցավոք, չեմ տեսնում։ Իհարկե, մեր փաստաբանների ելույթները կան, բայց դա շատ քիչ է, դրա համար առնվազն անհրաժեշտ է պետական հոգածություն։ Միջազգային ատյաններում հարցը պետք է բարձրացվի առավել շահագրգիռ ձևով, ոչ թե հասարակական կազմակերպությունների կամ անհատների մակարդակով։ Կրկնում եմ՝ հարցը պետք է բարձրացվի պետական մակարդակով»,- ընդգծեց Ալվինա Գյուլումյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը մեկ տարուց ավելի է՝ գտնվում է ադրբեջանական գերության մեջ. Արցախի նախկին երեք նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։
Ադրբեջանական կողմը նրանց ապօրինաբար ձերբակալել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախի դեմ սկսված ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 27-ից սկսած: Նրանց տեղափոխել են Բաքու, բոլորին տարբեր ծանր հոդվածներով մեղադրանքներ առաջադրել, կալանքի ժամկետները մի քանի անգամ արդեն երկարաձգվել են։